Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնը հանդես եկավ Մինկուսի «Դոն Կիխոտ» ներկայացմամբ, խորեոգրաֆիան՝ Մարիուս Պետիպայի և Ալեքսանդր Գորսկու, լիբրետոն և վերաբեմադրությունը՝ Յոհան Կոբբորգի: Վերջինիս այս աշխատանքը բացարձակ տարբերվում է աշխարհի թատրոններում այսօր եղած «Դոն Կիխոտ»-ներից: Օրինակ՝ Կոբբորգն իր բեմադրության մեջ ներկայացնում է նաև Սերվանտեսին՝ «Դոն Կիխոտ» վեպի հեղինակին:
Տարբերվող այս բեմադրության առիթով զրուցեցինք ճանաչված խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանի հետ, որն ի դեպ բազմաթիվ բեմադրություններ է իրականացրել արտասահմանյան թատրոններում:
Զրույցի սկզբում խորեոգրաֆը հայտնեց, որ «Դոն Կիխոտ» բալետ դիտելը միշտ տոն է եղել իր համար. «Երբ փոքր էի, սրտի թրթիռով սպասում էի, թե երբ եմ դիտելու մեր բալետային թատրոնի խմբի արտիստների կատարմամբ այս ներկայացումը և պայթուցիկ էներգիա ստանալու։ Երիտասարդ հասակում՝ արդեն իսկ լինելով պրոֆեսիոնալ պարային դաշտում, որպես պարուհի, հետևում էի այս ներկայացման լավագույն կատարումներին՝ աշխարահռչակ արտիստների մասնակցությամբ։ Այս բալետը, լիբրետոյի, կառուցվածքի տեսանկյունից երբևէ ինձ չի հուզել, այլ միշտ գրավել է իր կատարողներով և, կարծում եմ, Մարիուս Պետիպան այն ստեղծելիս այդ միտումն է ունեցել՝ ցուցադրել արտիստների տեխնիկական հնարավորությունները՝ համեմելով իսպանական ոգով, իսկ միջնամասում՝ մաքուր դասական պարով։ Սերվանտեսի «Դոն Կիխոտ» աշխատությունն առանցքային է այս բալետում, բայց իրական գրական հիմքի հետ բալետը ոչ մի կապ չունի»։
Կարդացեք նաև
Ապա մանրամասնեց. «Յակոբսոնի թատրոնի կատարմամբ այս ներկայացմանը պարբերաբար «բռնում» էի ինձ այն մտքին, որ ինձ ստիպում եմ նայել բալետը։ 3-րդ գործողությանը մնացի միայն վերջին մեծ Pas de Deux-ի համար։ Նախ և առաջ պարողները բեմում թեև բավականին մաքուր էին պարում, սակայն իրենց էներգիայով, արտիստիզմով չէին լցնում դահլիճը, իսկ մեր օրերում քիչ է մաքուր պարելը, այն էլ՝ գրեթե 2 դար առաջ ստեղծված բալետը։ Պետք է հանդիսատեսին զարմացնել կատարողական տեխնիկայով, դինամիկայով, արտիստիզմով։
Պարերում ոչ մի նորություն չկար՝ չնայած Գամաշի, Սանչո Պանսայի, Էսպադայի որոշ մենապարերի ավելացումներին, բալետը ոչնչով չէր շահել։ Գամաշի դերակատարը քիչ թե շատ ակտիվություն էր մտցնում գործողություններում, բայց մյուս կերպարները չէին հաղորդում այն շունչը, որը պարտադիր պետք է լիներ այս ներկայացման մեջ։
Ի դեպ, Փողոցային պարուհու կերպարի դերակատարը վատը չէր, բայց էներգիայով կրկին զիջում էր։ Սերվանտեսի կերպարի ներմուծումը բալետում ինձ համար արդարացված չէր և վատ մանկական հեքիաթ էր հիշեցնում՝ մանավանդ վերջին տեսարանում, երբ նստած բազկաթոռին, գիրքը ձեռքին, Սերվանտեսը խորհում է իր ստեղծագործության մասին, իբր՝ ինչ կատարվեց բեմում, իր գրչին է պատկանում։
Ինձ մոտ ծիծաղ առաջացրեց վերջին տեսարանը՝ բացասական իմաստով, չէ՞ որ Սերվանտեսի գործը շատ փիլիսոփայական է և իրականում ոչ մի կապ չունի այս բալետի հետ․․․ Կարծում եմ պետք էր ուշադրությունը դնել Դոն Կիխոտի կերպարի վրա, որի գործողությունները բեմադրության մեջ շատ անհասկանալի ու աղոտ էին, եթե ես չիմանայի բալետը և լիբրետոն՝ ոչինչ չէի հասկանա։
Տեսարանները դատարկ էին բալետում՝ ստատիկ կանգնած կորդեբալետը ձանձրացնում էր․․․ Իբր հետևելով մենակատարների պարերին՝ կորդեբալետը կարծես անշուչ դեկորացիա լիներ։ Զգեստների գույները շատ խառն էին և չէին հաղորդում Իսպանիայի շունչը, երազի տեսարանում ևս զգեստի կախարդանք չկար։ 3-րդ գործողության Pas de Deux-ն, ինչի համար, որ մնացել էի, արտիստները բավականին մաքուր պարեցին, բայց ոչ հուզեցին, ոչ զարմացրին։
Այս բալետն առանց բացարձակ փայլուն կատարողների այսօր չի կարող գերել հանդիսատես, մանավանդ պրոֆեսիոնալ դաշտում։ Ներկայացումն ավարտվելուն պես հնչեցին հանդիսատեսի բուռն ծափողջույնները, իսկ ես մտածում էի, որ կորցրել եմ տարիներ առաջ այս բալետով ապրելու և կերպարներին քննարկելու կարողությունը»,- խոսքը եզրափակեց Ռիմա Պիպոյանը։
Մենք էլ հավելենք, որ Յակոբսոնի բալետային այս թատրոնը հանդիսանում է Սանկտ Պետերբուրգի «Ոսկե սոֆիտ» բարձրագույն թատերական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ»-ի և Տալիոնի եվրոպական բալետի հեղինակային մրցանակների դափնեկիր:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ