Երևանն ու Բաքուն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի վերաբերյալ, «Ազատության»-ը գրավոր տեղեկացրել են Արտաքին գործերի նախարարությունից: Մոտ երեք շաբաթ առաջ հարցում էին ուղարկել վարչապետի աշխատակազմ և խնդրել հայտնել՝ Ադրբեջանը պատասխանե՞լ է սահմանազատման վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին: Արտգործնախարարության պատասխանից պարզ չի դառնում՝ Բաքվից պատասխան ստացվե՞լ է, թե՞ ոչ:
Նույն հարցմամբ խնդրել էին հայտնել, թե հայ-ադրբեջանական բանակցություններն ինչի՞ շուրջ են, հաշվի առնելով, այն, որ փաստաթուղթը համաձայնեցված է, բայց չի ստորագրվում, արդյոք այդ բանակցությունները Ադրբեջանի նախապայմանների շուրջ են, ԱԳՆ-ից կրկին առանց հստակությունների նշել են. «Վերահաստատում ենք, որ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և վերջնականացված, և Հայաստանը պատրաստ է ստորագրել այն»:
Բաքուն պահանջում է նախքան պայմանագրի ստորագրումը փոխել Հայաստանի Սահմանադրությունը և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հնարավո՞ր է՝ հայկական կողմը համաձայնի Մինսկի խմբի լուծարմանը մինչ պայմանագրի ստորագրումը, նախարարությունից արձագանքել են. «Հայաստանի դիրքորոշումը հանրահայտ է՝ հակամարտության ինստիտուցիոնալ կարգավորման պարագայում հակամարտությամբ զբաղվող որևէ ինստիտուտի անհրաժեշտությունը վերանում է»: