Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա բանվորա-գյուղացիական բանակ ստեղծելու ճանապարհ է, մարդկանց ուղղակի բաժանում են սոցիալական խմբերի, ով փող ունի, բանակից կազատվի, ով չունի, պիտի գնա ծառայի»

Մայիս 23,2025 19:30

«Մեկ կամ չորս ամիս ծառայելով՝ զինվոր չեն դառնում, դա ուղղակի աչքակապություն է։ Ավելի պարզ ասած՝ սա փողով բանակից ազատելու օրենք է, եւ իրենք բանակը դարձնում են բանվորա-գյուղացիական բանակ։ Հարուստները կվայելեն, աղքատները պիտի մնան երկիրը պաշտպանեն։ Դա է իրականությունը, եւ սա այս իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկություններին։

Նշենք, որ կառավարությունը հավանության է արժանացրել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծերի փաթեթը, բայց զուգահեռ կառավարությունն արել է իր առաջարկությունները, որոնց հիման վրա այս նախագծերը պետք է լրամշակվեն։

Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծերի փաթեթով նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 միլիոն դրամ, եւ 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։ Մինչեւ 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած եւ մինչեւ ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12-ամսյա ժամկետով ծառայությամբ, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2,5 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն։ Մինչեւ 16 տարին լրանալը (զինվորական հաշվառման տարիքը լրանալը) ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների կողմից դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։ Նախատեսվում է նաեւ Քրեական օրենսգրքում պատասխանատվություն սահմանել զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հիմքով քրեական վարույթ հարուցված այն քաղաքացիների վերաբերյալ, ովքեր հրաժարվում են նշանակված փորձաքննություն անցնելուց կամ հետազոտման համար նմուշ տալուց:

ՀՀ կառավարությունն առաջարկում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ եւ 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը։ Պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչեւ 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով ՀՀ նկատմամբ 15 մլն դրամի չափով դրամական պարտավորություն։

Ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հիմնավորման՝ բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվն ավելացնել եւ տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ՝ ամբողջությամբ արգելափակել:

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ սա այս իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքն է։ «Նայեք հարկային փոփոխությունները, որ թե հարուստներն են 20 տոկոս հարկվում, թե աղքատները։ Խոշոր բիզնեսի շահերից բխող հարկային քաղաքականություն է։ Իրենք խոշոր բիզնեսի շահերի ներկայացուցիչ են եւ դա պրոյեկտում են բոլոր բնագավառների վրա»,- հավելեց նա։

Խաչատրյանի խոսքով՝ պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ ՀՀ կառավարության այս առաջարկները ցույց են տալիս նաեւ, որ բյուջեում գումարի պակաս կա։ «Չնայած՝ կուրծք են ծեծում, թե՝ հեղափոխությունից հետո այսքան փող ենք հավաքել, իրականում պարտքից բացի ոչինչ չեն հավաքել։ Սա արդարացնում են նրանով, որ հարուստները փող կտան, ովքեր ծառայում են, ավելի բարձր աշխատավարձ կստանան, միաժամանակ ուղղակի խոստովանում են, որ չեն կարողանում բանակից խուսափելու դեպքերի դեմն առնել։ Բայց, կրկնում եմ, սա ուղղակի բանվորա-գյուղացիական բանակ ստեղծելու ճանապարհ է, մարդկանց ուղղակի բաժանում են սոցիալական խմբերի, ով փող ունի, բանակից կազատվի, ով չունի, պիտի գնա ծառայի։ Սա անընդունելի նախագիծ է»,- հավելեց նա։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ բանակից խուսափելու դեպքերի դեմ այլ մեխանիզմներով է պետք պայքարել։ Հայաստանն առաջին ու վերջին երկիրը չէ, պետք է աշխարհի լավագույն փորձն ուսումնասիրել։

«Օրինակ՝ արտոնությունների սահմանափակումը եւ միայն արժանիներին արտոնությունների տրամադրումը։ Օրինակ՝ ԱԳ փոխնախարար ունենք, որը բանակից ազատվեց որպես խոստումնալից երիտասարդ գիտնական, բայց գիտությամբ չզբաղվեց։ Խոսքը Վահան Կոստանյանի մասին է։ Եթե այդպիսի անիմաստ արտոնությունները հանեն, կարծում եմ՝ խնդիրը կլուծվի։ Ես, իհարկե, չեմ խոսում օժտված երիտասարդների մասին, ովքեր արտերկրի բուհերում են սովորում, սպորտում ու արվեստում արդյունքներ են արձանագրել»,- նշեց Արթուր Խաչատրյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031