Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատերի մուրազն էլ փորը կմնա, ոչինչ հանգիստ եղի»․ կոշտ զրույց Վարդան Ղուկասյանի և ավագանու ՔՊ-ական անդամի միջև

Մայիս 23,2025 22:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու ավագանու այսօրվա արտահերթ նիստում իրավիճակը փոքր-ինչ լարվեց, երբ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջարկեց պատմամշակութային շինություններից մեկի՝ «Ճերմակ» հիվանդանոցի շենքի վերաբերյալ նախորդ ավագանու՝ 2023 թվականի փետրվարի 14-ին ընդունած որոշումը ճանաչել ուժը կորցրած։ Ըստ այդ որոշման՝ ավագանին իր համաձայնությունն էր տվել համայնքի սեփականություն հանդիսացող պատմական շենքը աճուրդով օտարման ներկայացնելու։

«Կարճ-կոնկրետ խոսենք, «Ճերմակ» հիվանդանոցի մասին է խոսքը, մենք պիտի անպայման հիվանդանոցը դարձնենք հիվանդանոց։ Հիմա նախկինում դրված էր, որ «Ճերմակ» հիվանդանոցը պետք է վաճառվի, մենք գտնում ենք, որ քաղաքն ունի մեկ հիվանդանոց, որը շատ քիչ է քաղաքի համար, դրա համար կան կազմակերպություններ, հնարավորություն կա քաղաքում ունենալ մի քանի հիվանդանոց, ոչ թե մեկի վրա կանգնել։

Դրա համար պատմական այդ հին հիվանդանոցը վերականգնելու ենք, դարձնելու ենք հիվանդանոց։ Հիմա դրվել է, որ վաճառվեր, բայց ես գտնում եմ, որ ավելի լավ է՝ դարձնենք հիվանդանոց, քաղաքի համար երկրորդ հիվանդանոց լինի, մի հատ էլ երրորդը լինի, ոչ միայն քաղաքի, այլ մարզի, այս տարածաշրջանի համար», -ասաց Վարդան Ղուկասյանը՝ հարցը դնելով քվեարկության։

ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ ինչպես «Հոկտեմբեր» կինոթատրոնի դեպքում է նշված, որ այն պարտադիր պիտի ծառայի որպես կինոթատրոն, հնարավոր չէ՞ այս դեպքում ևս նշել, որ կառույցը պարտադիր պիտի հիվանդանոց լինի ու նոր վաճառվի։ Ըստ Սարիկ Մինասյանի՝ այս դեպքում համայնքի բյուջե գումար կմտնի, մինչդեռ վարձով տալու դեպքում չգիտես ինչքան ներդրում կկատարվի, քանի տարի կպահանջվի։

Սարիկ Մինասյանը նաև ասաց՝ պիտի հասկանան համայնքի շահերից է բխում վաճառե՞լը, թե՞ վարձակալությամբ տալը՝ պարտադիր պայմանով, որ այն ծառայի հիվանդանոց։ Ըստ նրա, շենքը շատ մեծ է, հին է ու մեծ ներդրման կարիք ունի, այս դեպքում պիտի հասկանալ՝ համա՞յնքը պիտի կատարի ներդրում, թե՞ վարձակալությամբ վերցնողը պիտի կատարի ու ծառայեցնի որպես հիվանդանոց։

Վարդան Ղուկասյանը իր հերթին հարցրեց՝ կա՞ արդյոք այն անձը, որ պատրաստ է գնելու ու ծառայեցնելու որպես հիվանդանոց։ Ըստ նրա, չկա այդպիսի մեկը, իսկ եթե տան վարձակալությամբ, քաղաքապետարանը կդառնա 40-50 կամ 60 տոկոսի սեփականատեր, փայաբաժին կունենա։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանն ասաց, որ օտարելու նախագծին իրենք կողմ են քվեարկել՝ մտածելով, որ համայնքային գույքը վաճառելով՝ գումարը կներդնեն սուբվենցիոն ու տարբեր մեծամասշտաբ ծրագրերի իրականացման մեջ։ Նա նաև ասաց, որ այն ժամանակ ներդրող կար, որը ցանկություն ուներ հիվանդանոց սարքելու, սակայն նրա ծրագիրն արժանահավատ չէր։

«Ես ողջունում եմ պարոն Ղուկասյան, ձեր մոտեցումը, որ դուք ուզում եք համայնքային գույքը հետ վերադարձնել, ես նաև ձեզ առաջարկում եմ հետ վերադարձրեք դատարանի նախկին շենքը, վերադարձրեք նաև կենտրոնական զբոսայգու այն հողակտորները, որոնք օտարվել են, հետո «Ամբերդ» ընկերությանն են օտարվել, հետո տարբեր սխեմաների, նվիրատվությունների տեսքով դարձել են ձեր և ձեր ընտանիքի սեփականությունը։

Կարծում եմ՝ լավ նախաձեռնություն է, և եթե դուք համայնքին վերադարձնեք այդ և այլ գույքեր, սա նաև օրինակ կլինի այն մարդկանց համար, ովքեր ամենատարբեր սխեմաների միջոցով համայնքային գույքը օտարել են և դարձել են համայնքային գույքի սեփականատերը»,- ասաց Քնարիկ Հարությունյանը։

Վարդան Ղուկասյանը պատասխանեց․ «Ապրեք, էս ինչ լավ հարց բարձրացրեցիք, սպասում էի ես։ Կենտրոնական զբոսայգին «Թումո» կենտրոնին է տված, մոտավորապես 10 տարի, իսկ դուք, որ երկու տարեկան էիք, երբ 88 թվականի երկրաշարժը եղավ, էդ կենտրոնական զբոսայգին մենք՝ մեր եղբայրներով, այ, բոլորը գիտեն այս քաղաքում, էդ այգին պահել ենք մենք, որ ծառերը չկտրատվեն: Ընդհուպ մենք էդտեղ պալատկա ենք դրել ու պահել ենք էդ այգին, իսկ քաղաքի բոլոր այգիները կտրատվեցին ու վերացան։

Ինչ մնում է հողին, հողը տրված է «Թումո» կենտրոնին։ Այ, դուք կարո՞ղ եք ասել, թե «Թումո» կենտրոնը ո՞վ է, որ սեփականաշնորհել է հանրապետության առաջին թատրոնի շենքն՝ առանց գումարների։ Կարո՞ղ եք հետաքրքրվել, թե մանկավարժական ինստիտուտը ո՞վ է սեփականաշնորհել 22 թվականին, դուք կարո՞ղ եք ասել՝ ջրմուղի՝ համայնքին պատկանող 44 տոկոսը ինչի՞ համար են տվել ջրմուղին ու կառավարությանը, գուցե դուք էլ եք այդ ժամանակ քվեարկել, բաղնիսները, դատախազության կողքի շենքը՝ ԿԳԲ-ի շենքով, բանով։

Իսկ ինչ մնում է դատարանի շենքին, դատարանի շենքը և մնացածները օտարվել են մարդկանց, ովքեր սկսել են կառուցապատում անել։ Քաղաքում կան նմանատիպ շենքեր, որոնք փլվում են ու տեր-տիրական չկա։ Երկրաշարժից 37 տարի է անցել, պետական ոչ մի լումա չի ներդրվել երկրաշարժից վերականգմանն ու կառուցմանը»- ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա խոստացավ ցույց տալ դատարանի նախկին շենքի նկարները, թե ինչ վիճակի մեջ է գտնվել, ասաց, որ փրկել են այդ շենքը։

Քաղաքապետն անդրադարձավ նաև Սայաթ-Նովա փողոցի զբոսայգուն, ասաց, որ բանկերից գումարներ են ներդրվել, գեղեցիկ կառույց է սարքվել, մարդիկ առաջ չէին կարող այդ տարածքով անցնել, իսկ հիմա զբոսնելու ամենահարմար վայրն է։

«Աղջիկ ջան, մի քիչ պատմություն լավ նայի, խորացի, տես մենք քաղաքին շատ ավելի լավ բան ենք արել, քան որ էդպես չարակամ ձևով դու ինձ ներկայացնում ես»,- խորհուրդ տվեց Վարդան Ղուկասյանը Քնարիկ Հարությունյանին։

Վերջինս հիշեցրեց, որ ինքը ավագանու անդամ է, իր լիազորություններն է իրականացնում, որքան էլ իր խոսքը Վարդան Ղուկասյանին դուր չգա, ինքը միշտ խոսելու է։

Քնարիկ Հարությունյանը նաև հիշեցրեց Վարդան Ղուկասյանի դատական գործերի մասին՝ հույս հայտնելով, որ դատարանը որոշում կկայացնի, ու բոլոր այն մարդիկ, որոնք ապօրինի ճանապարհով գույք են օտարել՝ կամովին կամ դատարանի որոշմամբ դրանք վերադարձնեն համայնքին, որովհետև այլ ճանապարհ չկա։

Վարդան Ղուկասյանը հակադարձեց․ «Այո, բայց շատերի մուրազն էլ փորը կմնա, ոչինչ հանգիստ եղի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031