Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

Գործ, թե՞ խոսք

Մայիս 24,2025 12:00

Ընդդիմությունը պետք է փորձի հանրաքվեի հարցը օրենսդրությամբ սահմանված կարգով մտցնել ԱԺ-ի հերթական նիստերի օրակարգ

2018թ. հեղափոխությունից մինչ այսօր թե հատկապես ինչ տեղի ունեցավ Արցախի եւ Հայաստանի հետ, բոլորս ենք այսպես, թե այնպես տեղյակ: Եթե կարճ ասենք, ապա Հայաստանն այսօր հայտնվել է մի անելանելի՝ ողբերգական վիճակում եւ եթե այսպես շարունակվի, ապա փրկության լուրջ ելքեր չեն մնա: Ըստ տրամաբանության, ցանկացած երկրի համար գոյություն ունեն երեք ուժեր՝ գործող իշխանություններ, ընդդիմություն եւ դրանցից դուրս ժողովրդի մնացած հատվածը, որոնք միասնական կամ առանձին-առանձին, նմանատիպ իրավիճակներում պարտավոր են փորձեն փրկել երկիրը, սակայն մեր պարագայում իշխանությունները նման օրակարգ չունեն, ավելին՝ տարիներ շարունակ նախաձեռնել են, այսպես կոչված, «խաղաղության վայ-համաձայնագրի» անվերապահ կնքում Ադրբեջանի հետ, որով փաստացի կատարում են նրա բոլոր ցանկությունները՝ ի վնաս Հայաստանի իրականացնում են այն բոլոր նախաձեռնությունները, ինչ ներկայացնում է հակառակորդը: Այն հասկանալի պատճառներով, առ այսօր Ադրբեջանը չի ստորագրում, քանզի շատ տրամաբանական է, որ նա ավելին է ուզում, քանզի մինչ այժմ նա ինչ ուզել է, հեշտորեն ստացել է: Ադրբեջանի համար դա եւս բնական է, քանզի նման «համաձայնագիր» մեկ անգամ է կնքվելու, եթե իհարկե՝ ի վերջո Ադրբեջանը վերջնականապես որոշի այն կնքել …

Իշխանություններն իրենց ուզածը փորձում են համառորեն կյանքի կոչել, քանզի նրանք այդ ուղղությամբ՝ զուտ գործ են անում, իսկ ընդդիմությունը, ընդդիմադիր կեցվածքով շատ լրագրողներ ու բլոգերներ զբաղված են միմիայն Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների կողմից՝ տարբեր ժամանակներում արված հայտարարությունների վերլուծություններով ու գնահատականներով, կարծելով, որ դրանով իրենք փորձում են ու կկարողանան դիմակայել իշխանությունների կողմից արվող գործունեության ծավալմանը: Այդ բլոգերներն ու ընդդիմադիր կեցվածք որդեգրած լրագրողները փոխանակ ստեղծված իրավիճակի փրկության համար ռեալ առաջարկություններ անեն, նրանք ընդամենը վերլուծություններ են անում, կարծելով, թե իրենք եւս մեծ գործ են անում…

Ընդդիմությունը եւս՝ անզորությունից ելնելով, միմիայն նմանատիպ վերլուծություններ է անում, ԱԺ-ի հայտարարությունների ժամին ելույթներ է ունենում, մամուլի ասուլիսներ անում եւ ԶԼՄ-ներով հարցազրույցներ տալիս ու կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարցեր ուղղում կառավարությանը ու բավարարվում այդքանով: Ստեղծվել է շատ տարօրինակ մի իրավիճակ: Իշխանությունները հստակ տեսնելով, որ ընդդիմությունը զուտ սեւեռված է իր ղեկավարության եւ ՔՊ-ական պատգամավորների կողմից արվող հայտարարությունների վրա, շարունակաբար զբաղված է դրանով, քաջ հասկանալով, որ ընդդիմությունն իր ողջ ուժերով անդրադառնալու է դրանց, առիթներն օգտագործելով՝ պատասխանել դրանց, կարծելով, որ այդ կերպ իրենք դիմակայում են իշխանությունների բազում հայտարարություններին, դրանով նաեւ դիմակայում «խաղաղության համաձայնագրի» հետագա վտանգավոր՝ նոր կետերի ընդգրկմանը, որոնք օր օրի՝ գնալով, ավելի վտանգավոր են դառնում, քան կարելի է պատկերացնել: Փաստացի, ընդդիմությունն իր ամբողջ ժամանակը տրամադրում է՝ հակադարձելով տարբեր ռանգի իշխանավորների հայտարարություններին, գործնականորեն ոչ մի կերպ չխոչընդոտելով նրանց ցանկություններին, իրականում ոչ մի հարցում ոչ մի ռեալ արդյունք չարձանագրելով: Իհարկե, Հայաստան երկիրն այն իրավիճակում չէ, որ ընդդիմության նման գործունեությունը բավարար համարվի իրավիճակի փոփոխման, առավել եւս՝ երկրի փրկության համար, ուստի տրամաբանական եւ մեծ հրամայական է, որպեսզի ընդդիմությունը գիշեր-ցերեկ աշխատի, փորձի՝ թեկուզ անհավանական լուծումներ գտնել եւ ամեն գնով բացատրել ու լեթարգիական քնից արթնացնել Հայաստանի եւ սփյուռքի հայությանը, մի վերջին հնարքով նրանց ոտքի կանգնեցնել ու ոչնչի առջեւ կանգ չառնելով, փորձել կանգնեցնել Հայաստանի կործանման ընթացքը, այլապես անցնող ամեն վայրկյանը կարող է անդառնալի եւ ճակատագրական լինել մեր սուրբ հայրենիքի համար:

Այսօր երկրում իրավիճակն այսպիսին է. արդեն երկար ժամանակ է, ինչ իշխանությունները տարաբնույթ խողովակներով ու իրենց խոսնակներով շարունակական հայտարարություններ են անում սպասվելիք «խաղաղության համաձայնագրի» եւ նախկին իշխանությունների մեծածավալ թալանների վերաբերյալ, իսկ ընդդիմությունը գիշեր-ցերեկ զբաղված է միմիայն դրանց պատասխանելով, համոզված լինելով, որ դա է իրենց հիմնական անելիքը, բացարձակ մոռանալով, որ այդ ամենն ընդհանրապես կապ չունի այն անելիքների հետ, որը պետք է ձեռնարկի նա երկրում ստեղծված այս ողբերգական իրավիճակում՝ երկրի ռեալ փրկության համար, քանզի բազմիցս ենք բարձրաձայնել, որ ամեն անցնող վայրկյանն՝ էլ ավելի ճակատագրական է դառնում երկրի համար ու ամեն առավոտ կարող ենք զարթնել եւ տեսնել, որ այդ «համաձայնագիրն» արդեն ստորագրվել է, որով փաստացի երկիրը գցում ենք անդունդը, որից փրկվելն արդեն անհնար կդառնա:

Բազմիցս եմ բարձրաձայնել, որ ընդդիմությունը վաղուց պարտավոր էր հանրաքվե նախաձեռնել, հարցաթերթիկում ներառելով հենց այն 17 հարցերը, որոնց մասով իշխանությունները համաձայնություն են տվել Ադրբեջանին: Բոլոր հարցերը պետք է ունենան այո կամ ոչ պատասխան: Բնականաբար, ընդդիմությունը պետք է փորձի հանրաքվեի հարցը օրենսդրությամբ սահմանված կարգով մտցնել ԱԺ-ի հերթական նիստերի օրակարգ, չնայած վստահաբար կարելի է ասել, որ այն կմերժվի ՔՊ-ական մեծամասնության կողմից, որից հետո ընդդիմությունը պետք է փորձի անցնել հաջորդ էտապին՝ համապատասխան քանակի ստորագրություններ հավաքելու ճանապարհով, նախաձեռնել հանրաքվեի անցկացումը: Զարմանալիորեն, մինչեւ այսօր այդ հարցի վերաբերյալ ընդդիմությունը ոչինչ չի ձեռնարկել: Մեր իմաստուն ժողովուրդը հանրաքվեի ժամանակ ճիշտ կկողմնորոշվի, որն էլ կլինի երկրի միակ փրկությունը: Չափազանց զարմանալի է նաեւ, որ մեր հավատավոր ժողովրդի ներսում կարծես սատանա է իջել, նրան զրկել սթափությունից, թմրեցրել ու նրա միջից հանել համարձակությունը, թողնելով միմիայն վախը, որն էլ հենց թշնամու մեծ երազանքն է…

Հայտնի է, որ խոսելը միշտ հեշտ է, իսկ գործ անելը՝ դժվար, ուստի հաղթում են նրանք, ովքեր գործ են անում: Փաստորեն, իշխանությունները գտել են ձեւը՝ այսպես ասած, շարունակում են իրենց անհրաժեշտ կուտը գցել դաշտ, պարզ տեսնելով, որ ընդդիմությունը հոժարակամ շարունակում է այդ կուտը ուտել ու իր ժամանակն ամբողջովին ծախսել դրա վրա, մոռանալով, որ օրերն անցնելով՝ րոպե-րոպե, էլ ավելի է վատանում իրավիճակը երկրում: Սրանից պարզ, էլ ինչպե՞ս կարելի է ներկայացնել իրավիճակը: Համոզված եմ, որ Հայոց մեծ ցեղասպանությունից մինչ այսօր, Հայաստանը երբեք չի հայտնվել այսպիսի ողբերգական վիճակում, այնպես որ ստեղծված վիճակից փրկությունը միմիայն ողջ հայության համախմբումն ու ազգովին ոտքի կանգնելն է՝ հայրենիքի փրկության համար մղվող անձնուրաց պայքարում, որն այլընտրանք չունի…

Փաստորեն, ամենացավալին այն է, որ Հայաստանի իշխանություններն իրենց անխոնջ «գործն» են անում «խաղաղության համաձայնագրի» կնքման ուղղությամբ, ժողովուրդը շարունակում է քնած մնալ, իսկ ընդդիմությունն՝ իր արբանյակներով շարունակում է զուտ վերլուծություններ անել եւ հայրենիքի փրկության համար որեւէ գործնական ձեռնարկում չիրականացնելով:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
23.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031