Ինչո՞ւ են ԱՄՆ վարչակազմում խոսում հայ-ադրբեջանական հնարավոր բախման մասին. «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը
«ՌԴ ԱԳ նախարարի այցելությունը Հայաստանի հանդեպ ՌԴ քաղաքականության՝ երկարաժամկետ կտրվածքով եւ ինստիտուցիոնալ առումով, վերաիմաստավորման պատրաստակամության քայլ էր։ Կարծես, Լավրովը չխորշեց էլ այդ մասին ասել։ Իհարկե, խոսում էր մեղադրելով, որ երկու երկրների հարաբերությունների վատ լինելը պայմանավորված է հայկական կողմի ոչ ադեկվատ մոտեցումներով։ Ես այդ կարծիքին չեմ։ Այո, հայաստանյան իշխանությունները՝ ինչքան կարողացան, փչացրեցին հայ-ռուսական հարաբերությունները։ Բայց ռուսներն էլ առանձնապես չխորշեցին օգտվել դրանից, եթե շատ պայմանական ձեւակերպեմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ վերլուծելով ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան։
Մեր զրուցակցի գնահատմամբ՝ տարածաշրջանը՝ Մեծ Մերձավոր Արեւելքը կամ ինչպես հիմա են ասում՝ Արեւմտյան Ասիան, այդ թվում նաեւ Հարավային Կովկասը եւ ընդհանրապես, գլոբալ անվտանգային գործընթացները մտնում են նոր՝ շատ վտանգավոր փուլ։ Նա նկատի ունի, որ ռուս-ուկրաինական հակամարտության, իսկ ավելի ճիշտ՝ ՌԴ-հավաքական Արեւմուտք առճակատման ներկա փուլում նկատվում են լուրջ տեղաշարժեր՝ հօգուտ ՌԴ-ի։ ԱՄՆ-ի վերաբերմունքն ուկրաինական կոնֆլիկտին՝ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո արմատական փոփոխություն է կրել եւ բոլորովին վերջերս ԱՄՆ թե ԱԳ նախարարը, թե պետքարտուղարը ուղիղ հայտարարություններ արեցին այն մասին, որ եթե հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ, բանակցային ճանապարհով շատ ձգձգվի կամ իրենց անիրականանալի թվա, ապա ԱՄՆ-ը կարող է վերանայել իր վերաբերմունքն այդ ամենին՝ արձանագրելով, որ դա իր պատերազմը չէ, այլ Եվրոպայի խնդիրն է։ Կոնֆլիկտը փաստացի վերաֆորմատավորվում է ՌԴ-հավաքական Եվրոպա-Մեծ Բրիտանիա առճակատման ու այս պայմաններում ՌԴ-ի թե ռազմական, թե քաղաքական, թե տնտեսական կարողությունները միանգամայն այլ մեկնաբանություններ են ստանում՝ հօգուտ ՌԴ-ի, քանի որ հավաքական Եվրոպան իր ռազմական կարողություններով գոնե, նաեւ ըստ ՀՀ նախկին վարչապետի, այս պահի դրությամբ ունակ չէ դիմագրավելու կամ ՌԴ-ի վրա այնպիսի ճնշում գործադրելու, որ կոնֆլիկտն ավարտվի եվրոպական պետությունների ընկալումներով։ Այս տեսանկյունից, ՌԴ արտաքին քաղաքականության մեջ տեղաշարժեր են նկատվում, ակցենտներ են հստակեցվում։
«Հաշվի առնելով բանակցային սեղանի շուրջ ՌԴ դիրքային առավելությունները, նաեւ գետնի վրա՝ ռազմական գործողություններում, թեկուզեւ կորուստներով, բայց բավականին լուրջ առավելությունները, հնարավորություն են տալիս ՌԴ-ին անդրադառնալ իր ռազմավարական հետաքրքրություններին այլ տարածաշրջաններում եւ այս փուլում, գլխավորապես, Հարավային Կովկասի ուղղությամբ»,- ասաց մեր զրուցակիցը՝ փաստելով, որ ՌԴ ԱԳ նախարարի երկօրյա այցը հենց դրա վկայությունն է։
Կարդացեք նաև
Խոսրով Հարությունյանը էական է համարում ՌԴ ԱԳ նախարարի՝ Երեւանում արած արձանագրումները, որ իր այցը կապված է Պուտին-Փաշինյան մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Իր ընկալմամբ՝ այդպիսով ՌԴ ԱԳ նախարարը փաստում էր, որ կողմերը հնարավորություն ունեն՝ վերաիմաստավորել ռազմավարական առումով եւ երկարաժամկետ հատվածում իրենց փոխհարաբերությունները, ինչը կարեւոր է։ Այս համատեքստում էլ դիտարկում է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ երկամյա քաղաքական կոնսուլտացիաների պլանի ստորագրումը։
Հարավային Կովկասում ՌԴ դիրքերի կամ ազդեցության վերականգնման համատեքստում է մեր զրուցակիցը դիտարկում նաեւ այն, որ ՌԴ նախագահն իր աշխատակազմի ղեկավարի տեղակալին՝ Սերգեյ Կիրիենկոյին նշանակեց Հայաստանի հարցերով պատասխանատու։ ՌԴ-ն «վերադառնում» է տարածաշրջան՝ ձգտելով իր ռազմավարական հետաքրքրություններին ադեկվատ ռազմաքաղաքական արձագանքներ ստանալ։ Եվ ՌԴ-ն՝ քայլ առ քայլ ու հետեւողականորեն կձգտի Հարավային Կովկասում իր դիրքերը վերականգնելուն։
«Սա, ըստ իս, շատ էական է նաեւ այն տեսանկյունից, որ նկատելի են առերեւույթ լարվածություններ ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Ես չեմ կարծում, որ ՌԴ-ն պատրաստ է տեւական ժամանակ հանդուրժել Ալիեւի արտաքին քաղաքական հնարքները, կապրիզները։ Իհարկե, պրակտիկան ցույց է տալիս, որ ռուսական արտաքին քաղաքականությունը շատ պրագմատիկ է եւ դա արձանագրում են արեւմտյան հայտնի վերլուծական կենտրոնները։ Նրանք չեն շտապում որոշումներ կայացնելիս, հանդարտ են, հանգիստ են, պատրաստ են սպասել՝ իրենց համար հարմար պահին եւ նրանց ռեսուրսները՝ տարածքի մեծությունը, ընդերքի հարստությունը, ռազմական կարողությունները, ներքին կայունությունը, որի վրա հաշվարկված էր ՌԴ-ի դեմ ուղղված արեւմտյան քաղաքականությունը, նաեւ՝ տնտեսության վիճակը, դա թույլ են տալիս։ ՌԴ-ն տնտեսապես ամենազարգացած երկրներից չէ, բայց կարողացավ իր իմաստուն եւ հմուտ տնտեսական, ֆինանսական քաղաքականության, այս ծանր պայմաններում ապահովել կայունություն։ Ընդունեք, որ սա ինչ-որ բան արժե»,- ասում է Խոսրով Հարությունյանը՝ հավելելով. «Այո, հայ-ռուսական հարաբերությունները խորապես վերաիմաստավորման կարիք ունեն. կողմերը պետք է ընդունեն, հատկապես ՌԴ-ն, որ հարավային ուղղությամբ, անվտանգության ոլորտում իր հետաքրքրություններն ու շահերը ապահովելու տեսանկյունից ունի մեկ բնական դաշնակից եւ դա Հայաստանն է։ Թե ՌԴ-ի համար, թե Հայաստանի համար անվտանգության ոլորտում սպառնալիքները եւ մարտահրավերները համընկնում են։ Դրանք Թուրքիան եւ Ադրբեջանն են։ Որքան էլ ռուսական քաղաքական ղեկավարությունը փորձի մեղմող, «թեւի տակ վերցնող» բանաձեւումներ տալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ իր հարաբերություններին, իրականում, թե Ադրբեջանը, թե Թուրքիան ՌԴ ռազմավարական եթե ոչ հակառակորդները, ապա առնվազն մրցակիցներն են եւ այս գործոնը ռուսական արտաքին քաղաքականությունը չի կարող հաշվի չառնել։ Օբյեկտիվորեն ՌԴ-ի կախվածությունը թե մեկից, թե մյուսից՝ Արեւմուտքի հետ առճակատման պայմաններում, ստիպում է ՌԴ-ն՝ գնալ ավելի ճկուն քաղաքականության, բայց ռուսական քաղաքական ղեկավարությունը, կարծում եմ, սկսել է գիտակցել, որ դա էլ սահման պետք է ունենա»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռոբիոն Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ խոսել էր հայ-ադրբեջանական հնարավոր առճակատման մասին՝ ասելով. «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն հաստատելու վրա։ Կա իրական վտանգ, որ կարող է տեղի ունենալ հակամարտություն, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերը շատ ակտիվ ներգրավված են այդ գործընթացում՝ փորձելով դա իրականություն դարձնել եւ կանխել հնարավոր ռազմական միջամտությունը այնտեղ։ Իհարկե, այդ զրույցների համատեքստում բանտարկյալների եւ մարդու իրավունքների հարցերը կարեւորագույն նշանակություն ունեն»։
Խոսրով Հարությունյանի արձագանքն այսպիսին է. «Իրականությունից դա հեռու չէ, բայց զարմանալին այն է, որ դա փաստում են ամերիկյան ադմինիստրացիայի ներկայացուցիչները, մինչդեռ հենց իրենք էին խոսում այն մասին, որ կարող են եւ իրենց պարտավոր են զգում բոլոր տաք կետերում ապահովել խաղաղ բանակցային գործընթացներ։ Որպես կանոն, նման բաները հրապարակային չեն ասվում եւ այդ տեղեկատվական արտահոսքը պատահական չէ»։ Նա նաեւ հիշեցնում է՝ վերջերս խոսք գնաց Ադրբեջանի եւ Հայաստանի՝ Աբրահամյան համաձայնագրի համակարգում ընդգրկելու մասին։ Այդ համակարգը Մերձավոր Արեւելքում Իսրայել եւ արաբական աշխարհ փոխհարաբերությունների համակարգ է՝ ԱՄՆ պատրոնաժի տակ։ Այս համակարգը «կառուցվել» է Թրամփի գահակալության առաջին շրջանում եւ արաբական մի շարք երկրներ ընդգրկված են դրանում։ ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ նման համաձայնագրեր ստորագրող պետությունների խմբին տրամադրել տնտեսական, մշակութային, հումանիտար, դիվանագիտական եւ քաղաքական լուրջ աջակցություն։ Օրինակ, այդ համաձայնագրի շրջանակներում Արեւմտյան Սահարայի նկատմամբ, որը Մարոկկոյի եւ հարեւան պետության միջեւ շատ վաղուց համարվում էր վիճելի տարածք, ԱՄՆ-ը խոստացավ ճանաչել Մարոկկոյի իշխանությունը։ Խոսրով Հարությունյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում հրեական կրոնական համայնքի մի մեծ խումբ էր դիմել Դոնալդ Թրամփին, որ այդ համակարգում Ադրբեջանին ընդգրկեն։ Այս նախաձեռնությունը նաեւ Իսրայելի աջակցությունն էր ստացել, որովհետեւ Իսրայելը Ադրբեջանին համարում է Մեծ Մերձավոր Արեւելքում իր ամենավստահելի ռազմավարական գործընկերը. այս ողջ ընթացքում Իսրայելն իր նավթի պահանջարկի 40 տոկոսը՝ օրական մեկ միլիոն բարել, ստանում է Ադրբեջանից՝ Թուրքիայի տարածքով։ Փոխադարձության սկզբունքով էլ Ադրբեջանն Իսրայելից ստանում է զենք, տեխնոլոգիաներ եւ այլն։
«Աբրահամյան համաձայնագրերի ողջ իմաստը տարածաշրջանում Իրանի քաղաքական, տնտեսական, ռազմական ազդեցությունը սահմանափակելն է։ Այսինքն, Իրանին զսպելուն է ուղղված այս ամենը։ Եթե Ադրբեջանին ներգրավում են այդ համակարգ, իսկ Ադրբեջանը կարծես պատրաստակամ է, ապա պետք է ենթադրել, որ Ադրբեջանը դառնում է եթե ոչ Իրանին դեմ, գոնե Իրանին զսպելուն մասնակից։ Այս պայմաններում հայ-իրանական փոքր սահմանը ռազմավարական կարեւորություն է ձեռք բերում։ Դրա համար էլ Հայաստանին էլ է առաջարկվում Աբրահամյան համակարգի մաս դառնալ, բայց դա հրեական համայնքի առաջարկությունը չէ, այլ ԱՄՆ նախաձեռնությունն է։ Եվ այս ֆոնին, երբ խոսվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի հնարավոր ռազմական ագրեսիայի մասին, դա ահազանգ է՝ եթե չհամաձայնեք մեր առաջարկին, ապա մենք առանձնակի մտահոգություն չենք ունենա, եթե Ադրբեջանի կողմից այդպիսի ագրեսիա լինի։ Ես այսպես կվերծանեի ու չեմ կարծում, որ շատ եմ սխալվում իմ մեկնաբանություններում։ Հայաստանին դնում են ծանր ընտրության առջեւ»,- ամփոփեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նաեւ Ադրբեջանին են այսպիսով դնում բարդ իրավիճակում, քանի որ արդյունքում այդ երկրի աշխարհաքաղաքական նշանակությունն է բարձրանում, ինչը Թուրքիայի հաշվարկներում չկար եւ բնականաբար, խնդիրներ են առաջացնում նաեւ Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում։
Այս նաեւ ռուս-իրանական հարաբերությունների վերաֆորմատավորման ֆոնին Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարի այցելությունը Հայաստան, Իրան-Հայաստան, Իրան-Ադրբեջան՝ Արցախի տարածքում զորավարժությունները, մեր զրուցակցի կարծիքով, միտված են Իրանի հյուսիսային սահմանում հնարավոր սպառնալիքների չեզոքացմանը։
Աբրահամյան համաձայնագրի համակարգին միանալու պաշտոնական առաջարկ Հայաստանին արվե՞լ է ԱՄՆ-ից, թե դեռ ԱՄՆ նախագահ ադմինիստրացիայում հարցը քննարկումների փուլում է, հայտնի չէ, բայց եթե առաջարկը եղավ՝ անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանում իշխանության, բարդ վիճակում է հայտնվելու։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.05.2025