Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապե՞ս․ փաստերը հուշում են, որ Սերգեյ Լավրովը պարզապես ստում է․ «Փաստերի ստուգման հարթակ»

Մայիս 24,2025 09:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում, անդրադառնալով 2022 թվականին Ջերմուկի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիային, հերթական անգամ սուտ պնդում է արել։

Նա, մասնավորապես, պատասխանելով լրագրողի ուղիղ հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունների համաձայն համարժեք չի արձագանքել Ադրբեջանի ռազմական ագրեսիային, նախ զարմացել է՝ ի՞նչ է նշանակում համարժեք արձագանք, այնուհետև հավելել․ «ՀԱՊԿ պարտավորություններից բխող արձագանքը եղավ ու եղավ անմիջապես՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի գլխավորությամբ փաստահավաք առաքելությունը եկավ Հայաստան, ուղևորվեց միանգամից դեպքի վայր, ներկայացրեց օպերատիվ զեկույց՝ կոնկրետ ու պրակտիկ առաջարկություններով այն մասին, որ պետք է ՀԱՊԿ դիտորդների առաքելությունը ուղարկել այնտեղ իրավիճակը կայունացնելու համար»։

Ռուսաստանցի պաշտոնյան մի ամբողջ գործողությունների շղթա է ներկայացրել՝ ասելով, թե մշակվել է հայտարարություն, որը խմբագրել են ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները, եկել կոնսենսուսի, սակայն «տարբեր պատճառներով հայկական կողմն առաջարկեց հետաձգել համաձայնեցված տեքստի ստորագրումը»։

Այնուհետև շարունակել է․ «Մենք տվեցինք մեր համաձայնությունը, իսկ որոշ ժամանակ անց՝ նոյեմբերին, հայտարարվեց ԵՄ առաքելության մասին, իսկ Պրահայում հայտարարվեց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը որոշվելու է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն Ադրբեջանի մաս է»։

Ի՞նչ են ասում փաստերը

Իրականությունը, սակայն այլ է, և փաստերը հուշում են, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պարզապես ստում է։

2022 թ․ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում գործեց Հայաստանի Հանրապետության վրա՝ գրավելով նոր տարածքներ, այդ թվում Ջերմուկից՝ 74 քռ կմ։ Այս ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցավ 224 զոհ, ավելի քան 20 գերեվարված և 293 վիրավոր։

Կատարվածից անմիջապես հետո՝ սեպտեմբերի 14-ին, Հայաստանը հերթական՝ այս անգամ արդեն «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 4-րդ հոդվածի շրջանակում դիմել էր կառույցին, սակայն դիմումը անարձագանք էր մնացել, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ը որոշում չէր կայացրել Հայաստան զորակազմ ուղարկելու վերաբերյալ։

«Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք Հավաքական անվտանգության պայմանագրի չորրորդ հոդվածի հիման վրա, երբ որ ասվում է, որ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ: Ի՞նչ ենք մենք խնդրել Հավաքական անվտանգության կազմակերպությունից, մենք խնդրել ենք, դիմել ենք օգնություն, աջակցություն, այդ թվում՝ ռազմական, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն ապահովելու համար»,- սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տեղի ունեցածից շաբաթներ անց՝ հոկտեմբերի 23-ին, Եվրոպական Միության խորհուրդը համաձայնություն էր տվել Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը, որի մասին համաձայնությունը կայացել էր հոկտեմբերի 6-ին Մակրոն-Փաշինյան-Ալիև-Միշել քառակողմ հանդիպման ժամանակ։

Միայն այս ամենից հետո՝ 2022-ի հոկտեմբերի 12-ին, ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան և անհրաժեշտ է, որ Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ հրավիրի։

Լավրովը սխալ է ներկայացնում նաև ԵՄ դիտորդների տեղակայման ժամանակագրությունը՝ նշելով, թե նրանք Հայաստան եկել են նոյեմբերին։ Մինչդեռ 2022 թ․ հոկտեմբերի 20-ից արդեն եվրոպացի 40 քաղաքացիական դիտորդներ երկու ամսով տեղակայվել էին Հայաստանում՝ դեկտեմբերի 19-ին ավարտելով իրենց գործունեությունը։

Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031