Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

Երկու ուղերձ Լավրովի այցի ընթացքում

Մայիս 24,2025 10:00

Տարբեր երկրներից եկող դիվանագիտական ազդակները մենք առայժմ լավ չենք կարողանում վերծանել: Ասելով «մենք»՝ նկատի ունեմ ե՛ւ պաշտոնատար անձանց, ե՛ւ մեկնաբաններին, ե՛ւ հասարակությանը: Լավրովը եկավ Հայաստան, եւ «արեւմտամետները» սկսեցին պատմել, թե որքան վատն են Լավրովն ու Պուտինը, իսկ «ռուսամետները» եզրակացրեցին, որ ՌԴ ԱԳ նախարարը «խիստ նախազգուշացրել է» Հայաստանի իշխանություններին, որ նրանք իրենց խելոք պահեն, թե չէ…

Բնականաբար, չեմ հավակնում «ճիշտ վերծանողի» դափնիներին: Պարզապես ցանկանում եմ, որ ընթերցողը դուրս գա «գնահատողական» կլիշեներից եւ փորձի իրավիճակը գնահատել առանց ավելորդ էմոցիաների: Այդ առումով ուշադրություն է գրավում երկու հանգամանք:

Առաջինն այն է, որ Լավրովի այցի հետ գրեթե միաժամանակ նրա ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոն փաստացի հայտարարել է, որ Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժելու վտանգն իրական է: Դա չի կարող պարզ զուգադիպություն լինել եւ, ըստ ամենայնի, կապված է նաեւ Իրանի շուրջ մոտակա զարգացումների հետ: Բացառված է, կարծում եմ, որ Լավրովը Երեւանում չբարձրացներ Իրանի թեման: Իսրայել-Իրան եւ Հայաստան-Ադրբեջան թեմաների փոխկապակցվածության վրա վերջերս ուշադրություն է հրավիրել ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Երկրորդ հանգամանքն այն է, որ որոշակիորեն ջերմացնելով հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, Ռուսաստանը շարունակում է ԵՄ-ն դիտարկել որպես թշնամի: Այստեղից Լավրովի խիստ բացասական վերաբերմունքը Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովներին Պրահայում՝ 2022 թվականին (երբ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում), Տիրանայում՝ այս տարի, ինչպես նաեւ այն փաստին, որ նման գագաթնաժողովը հաջորդ տարի գուցե տեղի կունենա Երեւանում:

Այստեղ, ինձ թվում է, պետք է հաշվարկել, թե ինչ կարող է մեզ տալ «եվրոպական քաղաքական համայնքը» եւ ինչ կարող է տալ Ռուսաստանը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031