Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

Ես չեմ կարող ասել, որ Կարմիր խաչը ստում է, բայց ես միայն ցանկանում եմ խոսել իմ ամուսնու հետ․ Վիգեն Էուլջեքյանի կինը ահազանգում է․ «Ազատություն»

Մայիս 24,2025 10:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաքվի բանտում գրեթե մեկուկես ամիս առաջ հացադուլ սկսած լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի ընտանիքը մինչ այս պահը տեղեկություն չունի նրանից, նրա առողջական վիճակից։ Վիգենի կինը՝ Լինդա Իմանը, նույնիսկ չգիտի՝ ամուսինը շարունակում է, թե դադարեցրել է հացադուլը։ Երիտասարդ կինը մտավախություն ունի, որ հացադուլի հետևանքով Վիգենի՝ առանց այդ էլ վատ առողջական վիճակը սրվել է, ու նա համարժեք բուժօգնություն չի ստանում։

«Երբ նրա հետ խոսում էի հեռախոսով, նա միայն ասաց, որ թույլ է, և արդեն 15 օր է, ինչ հաց չի ուտում։ Ասաց, որ հեռախոսը տվել են իրեն՝ մեզ հետ խոսելու համար։ Նա ասաց, որ չի հասկանում՝ ինչ է կատարվում, Կարմիր խաչը չի այցելում իրենց։ Ես կարողացա նրա հետ խոսել ընդամենը մի քանի րոպե։ Տպավորություն էր՝ կարծես ցանկանում էր լացել, քանի որ ինձ, երեխաներին շատ է կարոտում», – «Ազատությանը» պատմեց նա։

Իմանն ահազանգում է՝ Վիգենի կյանքը վտանգի տակ է։ Ամուսնու հետ 25 օր առաջ խոսելիս է իմացել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նրան չի այցելել գրեթե 2 ամիս։

Էուլջեքյանը գերեվարվել է նոյեմբերի 9-ի համաձայնագրից ստորագրումից ժամեր անց՝ Շուշիի մերձակայքում, երբ փորձել էր այնտեղ մնացած անձնական իրերը տարհանել: 4 տարի առաջ Բաքվում նրան 20 տարվա ազատազրկման են դատապարտել՝ մեղադրելով վարձկանության ու ահաբեկչության համար։ Վիգենի հարազատները շարունակում են հայտարարել, որ նա վաղուց էր Բեյրութից Արցախ տեղափոխվել՝ մշտական բնակության և որևէ առնչություն չունի վարձկանության հետ։

«Մենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով նրա հետ խոսել ենք երեք ամիս առաջ, բայց 25 օր առաջ էլ նա բանտից է խոսել ինձ հետ, երբ հացադուլի մեջ էր։ Երեկ իմացա, որ իմ ամուսինը պետք է հիվանդանոցում լիներ, ես ուղիղ զանգեցի Կարմիր խաչ, նրանք էլ զանգեցին բանտ։ Բանտից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ասել են, որ ամուսինս մեջքի ցավից է տապառում, և բանտի բժիշկն է նրան տեսակցել։ Փոխանցեցին, թե նա լավ վիճակում է: Բայց ես մտահոգվում եմ, քանի որ չեմ հավատում ոչ ոքի, քանի դեռ չեմ խոսել ամուսնուս հետ։ Ես չեմ կարող ասել, որ Կարմիր խաչը ստում է, բայց ես միայն ցանկանում եմ խոսել իմ ամուսնու հետ՝ իմանալու համար նա, լավ է, թե ոչ…», – հավելեց կինը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին այսօր «Ազատությանը» հաստատեց, որ միջազգային մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչները վերջին շաբաթներին չեն այցելել Էուլջեքյանին։ Միջազգային կառույցից վերջին անգամ մարտին են հաստատել, որ տեսակցել են Բաքվի բանտերում պահվող գերիներին։ Կարմիր խաչը միակ միջազգային կառույցն է, որ կարող է տեսակցել հայ գերիներին ու ապահովել ընտանիքների հետ շփումը:

Թե ինչու միջազգային կազմակերպությանը չի հաջողվում դարձյալ տեսակցել գերիներին, կոմիտեից չեն մեկնաբանում, միայն ասում են, որ նաև այդ հարցով երկխոսության մեջ են Ադրբեջանի իշխանությունների հետ։ Բաքուն ավելի վաղ հայտարարել էր միջազգային այս մարդասիրական կազմակերպությունը փակելու մտադրության մասին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031