«Խաղաղության պայմանագրի» ստորագրման հարցը պարբերաբար հայտնվում է քննարկումների փուլում։ Ադրբեջանը չի դադարում պահանջներ ներկայացնել։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանից հետաքրքրվում ենք, թե ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում այս առումով։ Նշում է՝ երբ այս տարվա մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանը և Բաքուն համաձայնության են եկել «Խաղաղության պայմանագրի» վերջին 2 կետի վերաբերյալ, պաշտոնական Բաքուն գրեթե անմիջապես հայտարարություն արեց, որից հասկացանք՝ իրենք ունեն նախապայման՝ փաստաթուղթը ստորագրելու հետ կապված։
«Նախապայմանը բաղկացած էր երկու մասից՝ Մինսկի խմբի լուծարում և սահմանադրական փոփոխություններ։ Դա տրամաբանորեն նշանակում էր, որ «Խաղաղության պայմանագիրն» ընդամենը մի փաստաթուղթ է, որը Ադրբեջանի պահանջների փաթեթներից մեկն է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Դա պահանջներից մեկն է, կան նաև այլ պահանջներ։ Այդ պահանջներից ևս մեկն Ալիևը բարձրաձայնեց։ Խոսքն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի», «Արևմտյան Ադրբեջան փախստականների վերադարձի» մասին է։ Պետք է հասկանանք մի բան։ Նախ՝ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ իրավունք չունի թույլ տալու այն նույն սխալները, որոնք Հայաստանը թույլ տվեց 1991-ին, 1994-ին։ 1991 թվականին էլ կարող էինք ճանաչել Արցախի անկախությունը, դա չարեցինք, 1994 թվականին, երբ պարտադրվեց զինադադար, այդ ժամանակ էլ կարող էինք պարտադրել Ադրբեջանին ճանաչել Արցախը։ Մենք դա չարեցինք։ Հիմա Ադրբեջանը, իր իսկ օրինակից ելնելով, փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանին վերականգնվելու պատմական հնարավորություններ չտա։ Դրանով են պայմանավորված ի հայտ եկող այս նորանոր պայմանները, նախապայմանները։
Բայց պետք է հասկանանք նաև մի բան՝ Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային։ Իրենք էլ են շահագրգռված, որ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել Հայաստանում, և եթե նույնիսկ Փաշինյանին չտան «Խաղաղության պայմանագիր», կարող են մեկ այլ փաստաթուղթ տալ։ Ի՞նչ փաստաթղթի մասին կարող է խոսք լինել։ Շատերն, իհարկե, մոռացել են, բայց այս տարի նոյեմբերի 9-ին լրանում է 2020 թ. նոյեմբերի հայտարարության 5-րդ տարին։ Հիմա կա, մեղմ ասած, հիմնավոր կասկած, որ նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանին կարող են ինչ-որ մի փաստաթուղթ առաջարկել, որն, այսպես ձևակերպենք, կլինի մտադրությունների մասին ինչ-որ փաստաթուղթ, որտեղ կողմերը կարձանագրեն, որ նպատակ ունեն հասնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը և այլն։ Բայց այդ փաստաթղթի հիմնական նպատակը լինելու է նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերջնական, ինստիտուցիոնալ ոչնչացումը։ Ամենամեծ խնդիրներից մեկը դա է, որովհետև եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչնչանում է, ինստիտուցիոնալ առումով ոչնչացնում ես հիմքերը, որոնցով Ռուսաստանի Դաշնությունը կարող է ավելի մեծ ներգրավվածություն ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում, ավելի մեծ հնարավորություններ ես տալիս Ադրբեջանին և Թուրքիային՝ միասին վերջնականապես «լուծել Հայաստանի հարցը»։ Այ սա ֆունդամենտալ խնդիրներից մեկն է, որի հետ բախվելու ենք շատ մոտ ժամանակահատվածում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Մաթևոսյանը։
Երբ հարցնում եմ վերջերս Նիկոլ Փաշինյանի՝ Ալբանիա կատարած այցի և քաղաքագետի ստացած տպավորությունների մասին, նա արձագանքում է. «Իմ տպավորությամբ, Ալբանիայում հիմնական քննարկված թեմաներից մեկը եղել է այն, ինչի մասին նշեցի քիչ առաջ. արդյոք Թուրքիան և Ադրբեջանը պատրա՞ստ են Փաշինյանին ինչ-որ մի փաստաթուղթ «տալ», որը նա կարող է սպասվելիք ընտրությունների ժամանակ օգտագործել։ Նա կասի՝ տեսեք, խոսք էի տալիս խաղաղություն, ճիշտ է, «Խաղաղության պայմանագիր» չեմ բերել, բայց բերել եմ պայմանագիր «Խաղաղության պայմանագրի» մասին, սա՝ օրինակի համար։
Կարդացեք նաև
Քննարկվող կարևորագույն հարցերից մեկը դա է։ Փաշինյանն ինքն իրեն դրել է մի իրավիճակի մեջ, երբ իր իշխանության լեգիտիմությունը, նույնիսկ իր ընկալմամբ, պայմանավորված է նրանով, թե ինչ փաստաթուղթ կտա Թուրքիան կամ Ադրբեջանը։ Հետևաբար, հիմնական քննարկման հարցը տրամաբանորեն հենց դա է։ Եվս մեկ կարևոր հարց է քննարկվել Ալբանիայում։ Հայաստանի Հանրապետությունը մտադրություն ունի գալիք տարի Եվրոպական ընտանիքի գագաթաժողովը հյուրընկալել մեր երկրում (երեկ այդ մասին արդեն պաշտոնապես հայտարարվեց-խմբ.), ինչի վերաբերյալ իր տեսակետները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ ռուսական պատվիրակությունը հայտնել է հայկական կողմին։ Տեսնենք, թե վերջնական որոշումը ինչպիսին կլինի Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանությունների կողմից»,-նշում է մեր զրուցակիցը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում