Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

Արա Սահակյան. Ընդդիմությունը եթե գնաց ընտրությունների` անցյալն արդարացնելու նշանաբանով, պարտված է. «Հրապարակ»

Մայիս 24,2025 11:12

Հարցազրույց 1992-1998թթ. խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանի հետ։

– Հայաստանի ներքաղաքական կյանքում նկատելի աժիոտաժ է, մի կողմում իշխանությունն է՝ հիստերիկ պահվածքով, մյուս կողմում ներընդդիմադիր գզվռտոց է։ Ըստ Ձեզ` հերթակա՞ն ընտրությունների են գնում, թե՞ արտահերթ զարգացումներ կլինեն։

– Հերթական։ 2026-ի գարնանը եվրոպական առաջնորդները հավաքվում են Երեւանում` իրենց սանին գոտեպնդելու հույսով։ Բարով գան։ Իսկ մենք մտել ենք սաստկացող քարոզչական պայքարի մեջ։ Սոցիոլոգիան գիտություն է, եւ հարցումները վկայում են ՔՊ-ի փաստական հեղինակազրկման, ժողովրդական աջակցության կորստի մասին։ Մարդիկ, իհարկե, որոշ ուշացումով, ուշքի են գալիս ու հասկանում. ՔՊ-ն չկանխեց պատերազմը` բանակին զինվոր տրամադրող ժողովրդին ուժասպառ անելու, պետության հիմնասյուները սասանելու չար մտադրությամբ։ Մյուս կողմից, յուրացումների փաստեր են բացահայտվում ԱՆԻՖ-ում, Պետրոս Մակեյանն ապացույցներ է բերում, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի բոլորին հայտնի նախկին խմբագիրը հափշտակել է իր սեփականությունը եւ տարիներ շարունակ չի վճարում ՀԺ-ում իր մասնաբաժնին համապատասխան շահույթը։ Օրերս էլ Քննչական կոմիտեից անհետացել է ապօրինի կերպով քաղաքացուց վերցված 590 հազար դոլար գումարը։ Սրանք նոր սկանդալներ են, չնայած մեկ-երկու տարի առաջ էլ կար խորքային գործընթաց, բայց շնորհիվ լրագրողների, յուրացումների մասին բազմաթիվ բաներ ենք իմանում։

– Ուզում եք ասել՝ Փաշինյանի ու իր թիմի ագրեսիվ պահվածքի պատճառն այն է, որ իրենց կոռուպցիա՞ն է ջրի երես դուրս եկել։

– Հենց սկզբից, երբ հորինեցին «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, եւ սկսվեց զանգվածաբար գործադրվել այն, մարդիկ նկատեցին, որ հետապնդվում են բոլոր այն մարդիկ, որոնց դա տարիներ շարունակ թիրախավորել է ԱԺ ամբիոնից։ Բուն օրենքի մասին ասեմ, որ պրոֆեսիոնալ վերլուծություն են կատարել «Լույս» հիմնադրամի փորձագետները, ցույց տվել օրենքի բացերը, վերջերս էլ ՍԴ-ն որոշ թերություններ հաստատեց։ Բայց հատուկ ընտրված մարդկանց ունեզրկելու օրենքի քաղաքական, բարոյական մասը մնաց անպատասխան։ Այս օրենքը գործադրելուց առաջ ՔՊ-ն պետք է սկսեր իրենից, այն բժիշկների նման, որոնք իրենց ստեղծած պատվաստանյութը փորձարկում են նախ իրենց վրա։ Պետք է ամբողջ ՔՊ-ն անցներ այդ օրենքով՝ մեծից փոքր։ Նկատի ունեմ թե՛ տարիքի, թե՛ դրամապանակի առումով «խոշոր ձկներին»։ Եթե մաքուր էին, թող ՔՊ կառավարությունը, ԱԺ խմբակցությունն անցնեին իրենց ծնած օրենքի մաղով, եւ մարդիկ տեսնեին, որ մտադրություններն ազնիվ են։ Չտեսանք նման բան, փոխարենը այն մահակի պես մինչ օրս շարունակում է այլոց գլխին կախված մնալ։ Գիտեք, անշուշտ, սեփականություն կորցնելը ծանր բան է, որովհետեւ մարդու գոյության հիմքն է, բայց սրանով նաեւ խնդիր է դրված փչացնել մարդուն, արատավորել անունը, նրան զրկել հանգիստ ապրելու հնարավորությունից, արգելանք դնել անձնական հաշիվներին, նույնիսկ խլել գույքը, որտեղ մարդն ապրում է, այն ամառանոցը, որը տարին մեկ-երկու ամիս է օգտագործում, տրանսպորտային միջոցները։ Կամայական այս գործողություններով մարդկանց արդեն պատժում են՝ մինչեւ դատարանի որոշումը, մարդիկ արդեն խոշտանգվում են, պատիժ են կրում։ Լինել կասկածյալ կամ մեղադրյալ ՔՊ-ի իշխանության ժամանակ` նշանակում է լինել դատապարտված, կրել ռեալ պատիժ։
Այս վարչախմբի եւ նրա ներսի ու դրսի ճարտարապետների մեծագույն սխալն այն է, որ նրանք լավ չեն ճանաչում հայ ժողովրդին։ Նրանք չեն հասկանում, որ հայ ժողովուրդը կարող է սպասել, «սաբըր էնել» (այսպես էր ասում պապս), բայց ոչ հավերժ։ Եթե այս դիվական նախագծի հեղինակներն ունակ լինեին ընկալելու Երվանդ Քոչարի ստեղծած Սասունցի Դավիթի արձանի խորհուրդը, կտեսնեին հերոսի ըմբոստացման աղբյուրը` համբերության շրջված բաժակը։ Ժողովրդի համբերությունը հատել է անդառնալիորեն։

– Իսկ ի՞նչ է կատարվում ընդդիմության դաշտում, ինչո՞ւ են անհանգիստ ընդդիմադիրները` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերը, որոնք տեւական ամիսներ է՝ փոխհրաձգության մեջ են։

– Չեմ ցանկանում խորացնել հասարակական պառակտումը եւ նույնը խորհուրդն եմ տալիս մյուսներին։ Բայց պետք է նկատել` ընդդիմությունը հետ է ընկնում իրադարձություններից․ նա պետք է ոչ թե արձագանքի իշխանության այլանդակ վարքագծին, այլ՝ օրակարգ թելադրի։ Ընդդիմությունը եթե գնաց ընտրությունների` անցյալն արդարացնելու նշանաբանով, պարտված է։ Ընդդիմությունը պետք է ամեն ջանք գործադրի, որպեսզի ընտրություններում քննարկվեն ծրագրեր, դրանք պետք է դառնան բանավեճի առարկա, որովհետեւ մարդիկ, որոնք արդեն հետ են կանգնել իշխանությունից ու տալիս են հարցը՝ «իսկ ո՞վ», չպետք է նրանց բերանը փակել՝ «հենց թեկուզ դու» ասելով։ Ո՛չ, բարեկամ, «ով»-ը պետք է որոշվի ըստ ծրագրի։ Երբ քննարկվեն ծրագրերը, տնտեսական, սոցիալական խնդիրները, բանկային համակարգը, որը տզրուկի պես քամում է մարդկանց արյունը։ Մարդկանց հասկանալի կբացատրվի, որ 7 տարում աճել են հարկային բեռը, գույքահարկը, արտաքին պարտքը, ու չի երեւում, թե դա որտեղ է օգտագործվել, համահայկական հիմնադրամի 100 մլն դոլարը, թե ինչու է հայրենի Իջեւանի սահմանամերձ գոտիներում ամեն պատահական մարդու 40 հազար դոլար նվիրել եւ պետական միջոցների փոշիացման «ծրագիրն» առանց հաշվետվության փակել։ Երբ ես ընդդիմությանը քննադատում եմ, նաեւ ուղղություն եմ ցույց տալիս` կարդացեք Սահմանադրությունը, դուք սահմանադրորեն ունեք գործադիր իշխանությանը վերահսկելու գործառույթ։ Թող մեկ-երկուսը շարունակեն էպատաժային ելույթները, բայց խորքային գործեք, բահը խոր մտցրեք հողի մեջ ու կտեսնեք, թե ինչպես են լույս աշխարհ գալու հանցավոր սխեմաները։

– Բայց բյուջեի նախագծի, կառավարության ծրագրի, կատարողականի քննարկումների ժամանակ ընդդիմադիրները բացահայտումներ անում են: Չե՞ք կարծում, որ այս թեման ԱԺ ընդդիմության համար նպաստավոր չէ, երբ խոսում են կոռուպցիայից, թալանից, իշխանությունը հազարապատիկը վերադարձնում է իրենց։

– Վատ է արվում։ Կառավարությունը սանձարձակ ձեւով է վարվում բյուջեի հետ, մեր փողերը մսխում են, աննպատակ ծախսվում։ Այս մարդը մոլագար վերաբերմունք ունի փողի նկատմամբ՝ շաղ է տալիս ուրիշի աշխատածը եւ նույն մոլագարությամբ փայփայում իր միջոցները։
Ասում եք՝ ընդդիմադիր պատգամավորները հարվածներ են ստանում։ Թող ստանան, թող չդառնային պատգամավոր։ Եթե դարձել են, ուրեմն պատասխաններ պետք է գտնեն։ Բայց խնդիրն այլ է։ Հայաստանի ճակատագիրն այսօրվա ընդդիմությունը կամ իշխանությունը չի որոշելու, որոշելու են ՀՀ քաղաքացիները, ժողովուրդը, որոնց մեջ հազարավոր մարդիկ կան, որ չեն հիշում 10, 20, 30 տարվա իրադարձությունները, ոմանք ծնված էլ չեն եղել եւ չգիտեն էլ՝ կոռուպցիան ինչ տեսակ կենդանի է, այնուամենայնիվ, պոզո՞վ է, թե՞ պոչով է։ Մեր երկրի ճակատագիրը նրանք են որոշելու։ Ի՞նչ մեղք ունի առաջին անգամ ընտրությունների գնացող 18-ամյա երիտասարդը, որի գլխին թափվում են անհասկանալի հին պատմություններ, նա դրանց մեջ խորամուխ չի լինի, նա ճշմարտացիորեն իր քվեն տալու է այն ուժին, որը կասի՝ այսօր եւ վաղն իրեն ինչ է սպասվում։ Այն պայքարը, ելույթները, որ հիմա կան, իհարկե, ցնցող են, մի քանի տասնյակ, հարյուր հազար դիտումներ են հավաքում գուցե, բայց դրանք ընդամենը քաղաքական ներկայացումների դետալներ են, իսկ բովանդակությունը պետք է լինի Հայաստանի շենացումը, անվտանգության մակարդակը բարձրացնելու, կայուն զարգացման հնարավորություն ստեղծելու հրամայականը։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031