Մայիսի 23-ին Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվող «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհեց ու 1915 թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների՝ Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Արա Սարգսյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նաթալիի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Միսաք Թորլաքյանի, Արշավիր Շիրակյանի, Արշակ Եզդանյանի, Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գեվորգյանի, Պետրոս Տեր- Պողոսյանի և այլ նվիրյալների հիշատակը հարգեց ավստրիացի լրագրող, նախկին դիվանագետ, մարդու իրավունքների պաշտպան Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթը։
Նախօրեին Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի էր ունեցել Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթի «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»․ Հայոց ցեղասպանությունը, զոհերի վրեժը և «Նեմեսիս» գաղտնի գործողությունը» գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է 1919-1922 թթ․ «Նեմեսիս» գաղտնի գործողության մասին, որի շրջանակներում ոչնչացվեցին Հայոց ցեղասպանության ու Բաքվի ջարդերի մի շարք պատասխանատուներ։ Գրքի հայերեն թարգմանությունը լույս է տեսել 2025 թ․ Երևանում՝ «Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հրատարակչությունում ու աջակցությամբ։
Կարդացեք նաև
Գրքի հեղինակը հուշակոթող էր այցելել Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի գիտաշխատող Հայկ Մարտիրոսյանի և վիրժառու Արտաշես Գևորգյանի եղբոր թոռ Արմեն Գևորգյանի ուղեկցությամբ։ Հուշակոթողի մոտ ռազմական կինոռեժիսոր, «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի հեղինակ Սամվել Թադևոսյանը հիշեցրեց, որ օրը նաև խորհրդանշական է․ 65 տարի առաջ՝ 1960 թվականի մայիսի 23-ին, ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում դադարեց բաբախել Հայ Հեղափոխական Վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի նվիրյալ ու բոցաշուչ սիրտը:
Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթը ծանոթացավ ներկաների հետ և իր մակագրությամբ գրքեր նվիրեց։ Ես նույնպես ունեմ հեղինակի մակագրությամբ գիրքը։ Նշեմ՝ գիրքը նախապես լույս է տեսել գերմաներենով՝ 2024 թվականին։ Հեղինակի նպատակն է՝ եվրոպական գերմանախոս երկրներում բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին, մշտապես հիշեցնել 20-րդ դարասկզբին մարդկության դեմ թուրքերի կողմից գործած մեծ ոճրագործության մասին։ Իսկ հետազոտություն իրականացնելով Հայոց ցեղասպանության թանգարանում՝ որոշել է իր աշխատությունը տպագրված տեսնել նաև հայերեն։ Թարգմանիչն է Աշոտ Հայրունին։
Գրքում օգտագործվել են 1 դար առաջ տեղի ունեցած վրեժխնդիր գործողությունների մասին հուշող արխիվային նյութեր, ժամանակի մամուլը։ Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթը ծնվել է Ավստրիայի արևմտյան Տիրոլ նահանգում։ Այժմ ապրում, աշխատում և ստեղծագործում է Վիեննայում և Տրիեստում։ Ստանալով իրավաբանական կրթություն՝ աշխատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի գրասենյակում ավստրիական դիվանագիտական ծառայությունում գրասենյակի ղեկավար և այլ պաշտոներում։ Զբաղվում է լրագրողական գործողությամբ և այլն։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ