ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Օրեր առաջ բոլորս ականատես եղանք, թե ինչպես «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանն Ազգային ժողովի նիստի ժամանակ հրապարակայնորեն հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք։ Այդ դեպքը մնաց անարձագանք այն պատգամավորի (կամ պատգամավորների) կողմից, ով վերջերս հանդես էր գալիս ԱԺ-ում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ և դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ ՀՀ վարչապետի վարքագծի հնարավոր խախտման կապակցությամբ։
Սակայն, երբ իրենց գաղափարական ընկերը կին պատգամավորների ներկայությամբ բացահայտ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում, այդ նույն էթիկական-էսթետիկական հարցերով մտահոգված պատգամավորները լռում են։ Ակնհայտ է՝ իրենց և իրենց քաղաքական թիմերի համար նման պահվածքը, թերևս, համարվում է ընդունելի և սովորական։
Պետք է փաստենք՝ եթե Կառավարության անդամների, այդ թվում՝ վարչապետի նկատմամբ գործում է էթիկայի վերահսկողություն իրականացնող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ապա Ազգային ժողովում դեռևս չի ձևավորվել մշտապես գործող էթիկայի հանձնաժողովը։
Ինձ համար հասկանալի և տրամաբանական կլիներ, եթե այդ նույն պատգամավորները նույն հետևողականությամբ նախաձեռնեին ժամանակավոր էթիկայի հանձնաժողով՝ քննարկելու Լևոն Քոչարյանի խայտառակ պահվածքը։ Հակառակ դեպքում՝ եթե անտեսվում է քաղաքական թիմակցի ոչ պատշաճ վարքագիծը, ապա դա նշանակում է ոչ միայն լռել, այլև լռությամբ խրախուսել նման արարքների կրկնությունը։
Կարդացեք նաև
Իսկ եթե Լևոն Քոչարյանի հայհոյանքները նրանց համար էթիկայի խախտում չեն, ապա ի՞նչ են դրանք՝ օրհնա՞նք, թե՞ քաղցր խոսքեր։
Հ.Գ. Աչքիդ գերանը չես տեսնում, բայց ուրիշի աչքի փուշն ես տեսնում»։
Հիշեցնենք. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանը «Ազատությանը» փոխանցել էր. «Պատգամավորի դիմումը ավելի ուշ ամսաթվով է մուտքագրվել հանձնաժողով, քան դեպքը երբ տեղի էր ունեցել, և հրապարակումների արձագանքը կար: Հանձնաժողովը նաև իրավասու է մեդիա հրապարակումների հիմքով վարույթ նախաձեռնել: Տվյալ դեպքում, հաշվի առնելով միջադեպի հետ կապված հրապարակումները մեծ ծավալով, մեդիայի հիման վրա արդեն իսկ հարուցված էր այն փուլում, երբ որ պատգամավորի կողմից դիմումը՝ նույն հիմքով հարուցելու մասին, մուտքագրվել էր»:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում բացատրական բառարաններն են թերթել, որպեսզի վարչապետի օգտագործած «նստեք տեղնե՛րդ, ձեններդ կտրե՛ք, վե՛ր ընկեք», «համբալ» արտահայտությունները իմաստաբանական վերլուծության ենթարկեն և պարզեն՝ երկրի ղեկավարը վիրավորե՞լ է քաղաքական ընդդիմախոսներին.
«Կիրառված «նստեք տեղներդ» արտահայտությունը համարժեք է «տեղդ նստիր» դարձվածքին, որը նշանակում է՝ «հանգիստ կաց, դու մի խառնվիր, քո գործը չէ»: Արտահայտությունը ունի խստաբարո և հանդիմանական հնչեղություն: Իրենից ենթադրում է բացասական կամ քննադատական տոնով արված կոչ, որը կարող է ընկալվել որպես վիրավորանք»:
«Ձեններդ կտրեք» արտահայտությունը նույնանում է «ձայնդ կտրիր» արտահայտության հետ և նշանակում է «լռել, լռեցնել, այլևս չխոսել»:
«Վեր ընկնել» դարձվածքն ունի խոսակցական, առավելապես վիրավորական բնույթ, նշանակում է՝ մի տեղ նստել մնալ»:
«Համբալ» բառին անդրադառնալիս, պետք է նկատել, որ բառն իր իմաստով նույնանում է «համալ» բառի հետ, որը բացատրվում է «շալակավոր բեռ տանող մշակ, բեռնակիր»: Ժամանակակից բառարաններում «համբալ» բառը բառիմաստի ընդլայնման արդյունքում ստացել է նաև փոխաբերական իմաստ՝ ընկալվելով որպես բացասական և վիրավորական արտահայտություն»:
Առավելագույնը երեք ամսում հանձնաժողովը պետք է վարչապետի կողմից վարքականոնի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն տա: Մինչ այդ կդիմեն նաև միջադեպի մասնակիցներին՝ գրավոր պարզաբանումներ ստանալու: Իսկ ի՞նչ պատասխանատվություն է սպասում Նիկոլ Փաշինյանին, եթե պարզվի, որ նա վարքականոնի խախտում է թույլ տվել:
«Օրենքի տեսանկյունից՝ վարքագծի կանոնի խախտման պատասխանատվությունը կարգապահական է, սակայն կարգապահականը քաղաքական պաշտոնյաների նկատմամբ կիրառելի չէ: Բայց նաև հանձնաժողովի մասին օրենքով սահմանվում է, որ հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են, և արդյունքով՝ պաշտոնատար անձը, ում նկատմամբ որ կիրառվել է տվյալ ակտը, ներկայացնում է հրապարակային պարզաբանում, և դա ևս հրապարակման ենթակա է», – ասաց Տիգրանուհի Խալաֆյանը: