«Մենք պարտվել ենք ոչ թե նրա համար, որ մեր զինվորը թույլ է։ Չեք պատկերացնի՝ մեր զինվորականությունն ինչ բարձր մակարդակ ունի՝ խելքի, անձնազոհության, կառավարելու առումով»,- «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության (ԱԺՄ) 18-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։
Նա հիշեցրեց՝ առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի բնակչությունն ավելի մեծ էր, զենքերը տասնյակ անգամներ շատ էին, բայց նրանք վախենում էին մեզնից․ «Ալիևը չի կարողանում հանգստանալ, քանի որ մեզնից լավ գիտի՝ ինչ է հայը։ Պարտություն են ասում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիան համարվում էր աշխարհի ամենահզոր պետությունը՝ պատերազմ հաղթած։ 42 օրում գերմանացիների բանակն ուղղակի ջախջախեց։ Երբ կարդում ես այդ ժամանակ ապրող ֆրանսիացիների հուշերը, իհարկե, հասկանալի է, որ գերմանացիները շատ ավելի ճկուն կարողացան վարվել, ավելի խելոք ռազմական գործողություններ արեցին, բայց հենց պատերազմը սկսվեց, Ֆրանսիայի ժողովուրդը չէր ուզում կռվել։ Մենք պարտվեցինք 44 օրում։ Այդ 44 օրում թշնամին ի՞նչ վերցրեց՝ էն բուֆերային զոնան, իրենց տարածքները մի կողմ, Ղարաբաղից մի փոքր հատված էր վերցրել։ Մենք ենք իրենց տվել։ Ադրբեջանցիները բոլորը գիտեն, որ հայերն իրենցից շատ ավելի լավ զինվոր են։ Պատերազմի ժամանակ ժամանակակից զենքեր, իհարկե, պետք են, բայց կարևոր գործ անողն այն մարդն է, որն այդ զենքն ունի։ Եթե մեզ մոտ լինի իսկական, լավ ղեկավարություն, սպառազինության որոշ հարցերը լուծվեն, մեր բանակի դեմ խաղ չկա։
Ես չեմ ասում՝ մենք բանակ ունենանք, գնանք գրավենք, եթե ունես բանակ ու վճռական ժողովուրդ, որ շահերը պաշտպանում է, դիմացինը քեզնից ուժեղ էլ լինի, հազար անգամ կմտածի՝ հարձակվի՞ քո վրա, թե՝ ոչ ։ Ուժեղ բանակ ունենալը զսպելու համար է։ Զսպելու մի ձև էլ կա․ քո տարածքում այնպիսի ենթակառուցվածքներ ու տնտեսություն ստեղծես, որ բոլորին ձեռնտու լինի քո գոյությունը, և եթե մեկը քո վրա հարձակվի, ինքը դրանով ուժերի բալանսը կխախտի իր օգտին, մյուսներն էլ դեմ կլինեն։ Մեր հնարավորությունները շատ են, ուղղակի մարդիկ են պետք, որ դա իրականացնեն և վճռական ու միասնական ժողովուրդ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ