«Այսօր մեր առօրյայում ահավոր մեծ աղմուկ է՝ սկսած քաղաքական ամենաբարձր ամբիոնից՝ ԱԺ-ից։ Այդ աղմուկի պատճառով ըստ էության խոսակցություն ձևավորել չի ստացվում»,- «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնությամբ անցկացվող «Փոքր ու միջին բիզնեսի զարգացման հեռանկարները և հարկային քաղաքականության ազդեցությունը ոլորտի վրա» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»-ի համահիմնադիր, խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը:
Ըստ նրա՝ աղմուկի մեջ ընդունում են օրենքներ, որոնք խորը գնահատված չեն․ հարկային օրենսդրությունը բացառություն չէ։
Ըստ Հակոբ Ավագյանի՝ քաղաքականությամբ զբաղվող միավորները կարևոր անելիքներ ունեն ՓՄՁ ոլորտում․ «ՓՄՁ-ն ոչ իշխող ուժինն է, ոչ ընդդիմությանը, դա մեր հանրության իրական ու ամենակարևոր հատվածն է։ ՓՄՁ-ն ներկայացնում է միջին խավը, փոքր ու միջին բիզնեսը, մեր երկրում վարձու աշխատողների 60-70 տոկոսն է փակում։ Զուտ հարկային տեսանկյունից, եթե ասում ենք, որ ՓՄՁ-ն մեր երկրում հարկային եկամուտների փոքր մասնաբաժինն է ապահովում, բայց դա չի նշանակում, որ այլ հարցերում ՓՄՁ-ն կարևոր դերակատարություն չունի»։
Հակոբ Ավագյանը նշեց՝ տեսնում ենք՝ գործող իշխանություններն ամեն ինչ անում են, որ իրենց տված խոստումը՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, իրականացնեն․ «Լավ ծրագիր է, առաջնահերթություն է։ Եթե սահմանային համայնքներում կառուցվում է մանկապատեզ ու դպրոց, բայց հաճախող չկա, քանի որ ՓՄՁ չկա, ընտանիք չկա, ստացվում է՝ առոչինչ իրականացվող ծրագիր է»։
Կարդացեք նաև
Հակոբ Ավագյանը վստացեցրեց՝ ամեն հարթակ օգտագործում են խնդիրները բարձրաձայնելու համար․ «2300-ից ավելի նույանականացված ստորագրություն ենք մուտք արել կառավարություն, բայց պատասխան չունենք, հանրագիր ենք ներկայացրել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողով, որը մերժվեց։ Շատ կարևոր էր, որ այդ հանձնաժողովի ընդդիմադիր ներկայացուցիչները մեզ աջակցեին, ինչը չարվեց։ Բոլոր հնարավոր հարթակներում և միջոցներում մենք փորձել ենք ներկայացնել խնդիրը։ Կարծում եմ՝ այդ որոշմանը կանդրադառնան, երբ լինի իրական փոքր բիզնեսի ավելի ընդգծված բողոքի ձայն։ Մյուսն այն է, որ մարդիկ պարզապես լուռ փակեն իրենց բիզնեսները և թողնեն երկիրն ու գնան, որը ավելի անդառնալի է լինելու»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ