«Այս ամենը քաղաքական գործընթացների է վերածվելու։ Ընտրությունների ժամանակ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն իրենց ձայնն են բարձրացնելու, իրենց քվեն են տալու։ Գործող իշխանությունները պետք է հասկանան, որ սա իրենց հակառակ քվեն է լինելու։ Պիտի հասկանան՝ կորցնելու են բավականին մեծ աջակցության զանգված։ Այն ուժերը, որոնք կբարձրացնեն ՓՄՁ շահերը, կշահեն»,-«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնությամբ անցկացվող «Փոքր ու միջին բիզնեսի զարգացման հեռանկարները և հարկային քաղաքականության ազդեցությունը ոլորտի վրա» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսագետ, իրավաբան Սուրեն Պարսյանը։
Նա ահազանգեց՝ վերջին շրջանում նկատվում է նաև ՓՄՁ շրջանառության ծավալների նվազում․ «Դա պայմանավորված է դրսից հոսող գումարների կրճատմամբ, քարտով առևտուրն է նվազել, ունենք փոքր և միջին բիզնեսի առևտրի փաստացի ծավալների նվազում, ինչը մտահոգիչ է»։
Սուրեն Պարսյանի կարծիքով՝ մենք խնդիր ունենք մեր հարկային քաղաքականությունը տարբերակելու և առանձին հաշվարկների հիման վրա հարկային դրույքաչափեր սահմանելու։
Օրինակ բերելով ոսկու բիզնեսով զբաղվողներին՝ Սուրեն Պարսյանն ասաց․ «Ոսկու առևտրի պարագայում մարժան փոքր է։ Նույնիսկ կառավարության ասած, որ եթե ծախսերը հիմնավորեք, մեկ տոկոսից բարձր գումար է, անգամ այդ դեպքում է բարձր։ Օրինակ՝ մեկ գրամանոց ոսկե շղթայի ոսկին 50 դոլար է, երեք դոլար գալիս է արտադրողի ծախսը, երկու դոլար էլ ավելացնում է մանրածախ վաճառք իրականացնողը։ Այդ պարագայում արդեն 55 դոլար է գալիս, ուստի նույնիսկ մեկ տոկոսը բարձր է, և ինքը հաստատ խաբելու է։ Այսինքն՝ այս գլխից դնում են հիմքեր, որ պետությանը պիտի խաբեն կամ գործունեությունը դադարեցնեն։ Հարկային դրույքաչափի փոփոխությունը հանգեցնելու է ստվերի ավելացման փոքր ու միջին բիզնեսում։ Վերջին ամիսներին որոշներն ուղղակի դադարեցրել են, օրինակ մասսայական իրենց գործունեությունը դադարեցնում են վարսահարդարման ծառայություններ իրականացնողները»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ