Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհեց տիար Արթուր Գրանցին

Մայիս 24,2025 21:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ պարգևաբաշխություն: Եկեղեցանվեր ու ազգօգուտ իրագործումների համար Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհեց տիար Արթուր Գրանցին, ում ազնիվ բարերարությամբ կառուցվել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։
Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով և Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր ավագ քահանա Ավետիսյանի ողջույնի խոսքով։

Մեծարյալի կյանքին և ազգօգուտ ու հայրենանվեր գործունեությանն անդրադարձավ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

«Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերված Հայրապետական սրբատառ կոնդակն ընթերցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Հայրապետական սրբատառ կոնդակում ի մասնավորի ասվում է. «Առ Աստված հավատքով ու պատրաստակամ հոգով Դուք հանձն առաք Բելառուսում առաջին հայկական եկեղեցու կառուցումը` հոգևոր բերկրանք և խնդություն պարգևելով մեր ժողովրդի բարեպաշտ զավակներին:

․․․Նորակառույց եկեղեցու Սուրբ Խորանից բաշխվող երկնառաք շնորհներով զօրանալու է բելառուսահայ համայնքի հոգևոր ու ազգային կյանքը՝ խարսխված տերունաշնորհ հավատքի, առ հայրենին և առ եկեղեցին սիրո վրա, և Մեր զավակները Բարձրյալի օրհնության ներքո, հավատարիմ իրենց ինքնությանը, մեր ժողովրդի նվիրական ավանդներին ու արժեքներին, կերտելու են իրենց լուսավոր ու բարօր ապագան Բելառուսի օրհնյալ երկրում»:

Կոնդակի ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարերարի կուրծքը զարդարեց Հայ Եկեղեցու բարձրագույն շքանշանով` վերստին բերելով նրան Հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները:

Պարգևաբաշխության առիթով իր սրտի խոսքն ասաց նաև շնորհընկալը` բարձր գնահատանքի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին: Վերջինս Բելառուսի հայ համայնքի անունից նաև շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը Բելառուս կատարած նրա օրհնաբեր այցելության և նորակառույց եկեղեցու օծման համար։

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի պատանի երաժիշտ-կատարողները։
Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031