«Այս անգամ էլ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային մտքերին անդրադառնում եմ միայն այն բանից հետո, երբ իր գրասենյակի ղեկավարը էլի նիկոլականությամբ է զբաղվել՝ մանիպուլացնելով յոթ տարիներին կատարվածը և դրանից առաջ տեղի ունեցած որոշ իրադարձություններ»,- անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանի վեջին հարցազրույցին՝ ուղիղ եթերում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Ըստ նրա՝ Բագրատ Միկոյանի՝ երկու ժամ տևած հարցազրույցում ոչ մի բառ չեղավ Արցախի խնդրի, արցախահայերի խնդիրների, իրավունքների մասին․ «Կարծես՝ դա չէր հետաքրքրում բանախոսին։ Վերահաստատում եմ, որ ՀՀ-ի բանտում նստելը հերոսություն չէ, հերոսությունը սեփական ժողովրդի փրկությունը կամ գաղթի ճանապահը բացելու համար գոնե թե Բաքվի բանտում գիտակցաբար հայտնվելն է»։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջերս լրագրողների հետ զրույցում հնչեցված որոշ մտքերին՝ Աննա Մկրտչյանն ասաց․ «Ռոբերտ Քոչարյանը Բաքվի բատում հայտնված հայերի մասին էլ չխոսեց, իրենց ճակատագրի վերաբերյալ էլ հետաքրքրություն չցուցաբերեց։ Երկու տարի լռել է թե′ Արցախի շրջափակման ընթացքում, թե′ այդ ողջ գաղթի ճանապարհին։ Կարծես էլի հետաքրքրություններ չի ունեցել այդ հարցի վերաբերյալ։ Շատ են սիրում ասել՝ ամենաուժեղ խմբակցությունն են, ընդդիմադիր ուժն են, և այդ ուժի լիդերը երկու տարի ասելու ոչինչ չունե՞ր, թե այն ժամանակ 2026-ի ընտորւթյունները դեռ շատ հեռու էին։ Հիմա արդեն ակտիվության իմիտացիա անելու ճիշտ ժամանակն է հերթական կամ արտահերթ ընտրություններից առաջ»։
Ըստ Աննա Մկրտչյանի՝ կարևոր է ֆիքսել այն հանգամանքը, որ «Ռոբերտ Քոչարյանի համար ընկալելի է այն փաստը, որ իր ընտանիքի անդամներից մեկը պայմանավորվել է ՔՊ ուսապարկերի հետ, որ վերջիններս չթիրախավորեն իր երեխաներին ու ընտանիքներին՝ թքած ունենալով այլ անձանց ընտանիքի անդամների և երեխաներին թիրախավորելու վրա»․ «Բագրատ Միկոյանի աշխարհայացքում այս պայմանավորվածությունը տեղավորվո՞ւմ է, լավ պայմանավորվածությո՞ւն է սա։ Երևի պայմանավորվածություններից ամենակարևորն այն է, որ միգուցե Ռոբերտ Քոչարյանը պայմանավորվել է Նիկոլի հետ այլևս երբեք նրան դավաճան չասել և պայմանը նաև մի քանի հրապարակային ելույթների ընթացքում տևական ժամանակ պահում է։ Կարող է այս պայմանավորվածությո՞ւնն էլ կա, որ ընտանիքի անդամներից որևէ մեկը չի բանտարկվում, իսկ Նիկոլին էլ չեն ասում դավաճան»։
Կարդացեք նաև
Աննա Մկրտչյանը նաև անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտության մասին շահարկումներին ու ասաց․ «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նաև շատ է սիրում քննարկել «Նիկոլը ճիշտ էր» նախադասությունը՝ իհարկե աղավաղելով այն, անիմաստ ենթատեքստ դնելով։ Յոթ տարի ձևացնում են, թե իբր չեն հասկացել՝ ինչի մասին է խոսքը։ Բայց քանի որ դուք շարունակում եք ձևացնել, ուղիղ ու անկեղծ կասեմ՝ ինչի մասին կարող էր լինել այդ նախադասությունը։ Միգուցե այդ նախադասությունը նրա մասին էր, որ 2018-ի այդ ողջ իրադարձությունների ընթացքում չնայած անհերքելի ապացույցներին, Սերժ Սարգսյանը չէր կարողանում հավատալ, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա մերձավորներն ու շրջապատն էին «մերժիր» ակցիայի հովանավորները, փողոց լցնողները, հրապարակով տուն գնացողները։ Փաստորեն, չէր կարողանում հավատալ։ Իսկ միգուցե այդ նախադասությունը հնչում է այս տարբերակո՞ւմ, որ Նիկոլը ճիշտ էր, և Ռոբերտ Քոչարյանը շատ է ոգևորվել պետության զավթման փաստով։ Սա էլ իր հերոսական դրվագներից մեկը կարող եք համարել»։
Աննա Մկրտչյանն ասաց՝ թեև Սերժ Սարգսյանը հորդորել է հանգիստ թողնել Ռոբերտ Քոչարյանին, բայց ըստ պատգամավորի՝ ակնհայտ է, որ վերջինիս մերձավորները, շրջապատը հանգիստ մնալ չեն ուզում, և նրա գրասենյակի ղեկավարի հարցազրույցը դրա վառ ապացույցն է։
Ամփոփելով՝ Աննա Մկրտչյանն ասաց․ «Ռոբերտ Քոչարյանը վախենում է պայքարել Նիկոլի դեմ, Ռոբերտ Քոչարյանը վախենում է Նիկոլին ասել դավաճան, այ դրա համար հանձնարարել է պայքարի ուղեծիրը շեղել դեպի Սերժ Սարգսյան»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ