Եկող տարի Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում, եւ այդ ընտրությունների մեկնարկը, ըստ էության, տրված է: Ներքաղաքական խմորումները, «Կրթելը նորաձեւ է» ձեռնարկի շրջանակում հաճախացած մարզային այցերը, որոնց ականատեսն ենք գրեթե ամեն օր, նախընտրական տրամաբանության մեջ են: Ստեղծված իրավիճակը երկրի ու ժողովրդի կյանքում խոշոր նշանակություն ունեցող ընտրություններ է խոստանում: Համենայն դեպս՝ մեծ է ակնկալիքը, որ 2026-ի ընտրություններով կդրվի կառավարման նոր համակարգի հիմքը: Հնի կրկնություն կամ եղածի շարունակություն հանդիսացող ցանկացած համակարգ կարող է ավելի խորացնել հանրության հիասթափությունը:
Մեր շուրջն ընթացող զարգացումները ապագայի հանդեպ առանձնապես լավատեսություն չեն ներշնչում: Կոռուպցիոն գործարքներում խճճված իշխանությունը, կարծես թե, սկսել է նախագծել նոր օլիգարխիկ համակարգի սխեմա՝ որպես հետագայի հուսալի հենարան իր իշխանության համար: Բայց դա դեռ չի նշանակում, թե ամեն ինչ անհուսորեն կորած է: Ընտրություններին ընդառաջ շատ բան կարող է անել մեկ դրոշի ներքո կազմակերպված ընդդիմությունը՝ կանխորոշելու ընտրական մրցավազքի բարենպաստ ելքը, ինչը ենթադրում է ազգային արժեքների, գաղափարների, նախընտրական հստակ ծրագրի վրա խարսխված եւ դրանց շուրջը կուռ համախմբված թիմի կազմավորում:
Այս համատեքստում արժե հակիրճ անդրադառնալ այն խնդրին, թե ՀՀ-ում կառավարման ինչ համակարգ էր գործում 2018-ից առաջ եւ դրանից հետո: Դա կարեւոր է՝ հասկանալու համար համակարգափոխության գործընթացի տրամաբանությունը:
Նախքան «թավշյա» իշխանափոխություն՝ մեզանում գործող կառավարման համակարգն անվանվում էր «քրեաօլիգարխիկ» կամ պարզապես՝ օլիգարխիա: Համակարգի հիմնական առանձնահատկությունը խոշոր տնտեսվարողների ստվերային պայմանավորվածությամբ իշխանության բաժանումն էր միմյանց միջեւ: Բաժանման առարկան հանրային բարիքն է՝ ամբողջական տարածքներ, համայնքներ, անշարժ ու շարժական գույքեր, քվոտաներ եւ այլն: Այս առումով օլիգարխիան մոտ է ավատատիրական հասարակարգին, եւ այստեղ խոսք անգամ չի կարող լինել արդար մրցակցության եւ, առհասարակ, արդարության մասին: Փողի անզուսպ մրցավազքը վերջնարդյունքում հանգեցնում է տնտեսական լճացման, ուղեղների ու կապիտալի արտահոսքի:
Կարդացեք նաև
Քրեաօլիգարխիկ համակարգի խորապատկերին, որին բնորոշ են ամենաթողությունն ու դատաիրավական կամայականությունները, 2018-ի «թավիշը» մոգական ազդեցություն ունեցավ: Ժողովուրդը ցնծության մեջ էր՝ ամբոխահաճո առաջնորդ է եկել իշխանության, եւ Փաշինյանը գերիշխող մեծամասնության կողմից ընկալվեց որպես ազատության ու արդարության համար պայքարի մարտիկ, ժողովրդի ծոցից ելած, գրեթե առասպելական կերպար: Նրա սոցիալական հենարանը հիմնականում նախորդ համակարգից նեղացած, այսպես կոչված, «աբիժնիկների», ստորին դասի ներկայացուցիչների շերտն էր: Բայց որքան շռնդալից էր նրա մուտքը, նույնքան խորն ու ցավագին եղավ այն հուսալքությունը, որ վերապրեց մոլորված ընտրազանգվածը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում