Այսօր տեղի ունեցավ Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական դասի անդամ, հոգևոր, հասարակական եւ մտավոր ակտիվ գործիչ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակել է Newmag-ը: Այն Հայաստանի նորագույն պատմության անկյունաքարային դրվագների վերլուծությունն է պետություն-եկեղեցի-ազգ փոխգործակցության առանցքի տեսանկյունից: Գրքում մեկտեղված են հեղինակի զրույցները և հոդվածները պետության, ժողովրդի, Հայ Առաքելական եկեղեցու եւ առընթեր թեմաներով։ Գիրքը Հայաստանի առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելու ուղեցույց է, ճանապարհ դեպի ավելի ամուր եւ հոգեւոր արժեհամակարգով զինված Հայաստան: Հեղինակն այս աշխատությամբ ընթերցողին պատգամում է հանուն Հայաստանի հաղթահարել բոլոր խոչընդոտները, հիշեցնում, որ պայքարի առաջին քայլը հաղթելն է, ինքներս մեզ հաղթելը։
Գրքում Բագրատ սրբազանը օրինակներով ու փաստերով ցույց է տալիս, որ 2020 թվականի պատերազմում Հայաստանի պարտությունը ռազմադաշտում չէր։ Պարտությունն առաջին հերթին պատերազմը վարելու անկարողության, անկազմակերպվածության հետեւանք էր։ Կռվել են բանակն ու ժողովուրդը, բայց պետությունն իր ամբողջ համակարգով, ըստ սրբազնի, ձախողել է ամեն ինչ։
Գրքում Բագրատ սրբազանը շեշտում է, որ ցեղասպանության գաղափարը պետք է դառնա համակարգային, «այլեւս երբեք» կոչը պետք է դառնա բանաձեւ, սկզբունք ու գործողություն, ոչ թե կենաց։ Գրքում ներկայացվում է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու դերը ընտանիքի, ազգային, հոգեւոր եւ քրիստոնեական ավանդույթները սերունդներին փոխանցելու գործում։ Մանրամասն ներկայացվում է Եկեղեցու դերը կրթության, գիտության, մշակույթի եւ մյուս ոլորտները բարեփոխելու ու արմատապես վերափոխելու հարցում։
«Առաջին հարցը, որին կխնդրեի ընթերցելիս ուշադրություն դարձնել, այն է, թե ինչի դեմ է ըմբոստանում այս գիրքը։ 2020 թվականի պատերազմից հետո մեր մտավորականությունը, չնչին բացառության, դարձա անտարբերության կողմնակիցներ։ Բագրատ սրբազանի գիրքն ըմբոստանում է հենց այս մերժման դեմ»,- իր խոսքում ասաց գրքի խմբագիր Արսեն Գասպարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Բագրատ սրբազանը նշեց, որ պետությունն է ձեւավորում ազգի նկարագիրը, պետության գաղափարն է ազգ դարձնում, որի մասին խոսվում է այս գրքում։ «Տարբեր լեզուներով ազգն ու պետությունը նույնական արժեք ունեն։ Հետեւաբար, արժեքային իմաստով պետությունը՝ որպես համակարգ, ինքն է թելադրում, թե ինչպիսի ուղղություն է որդեգրում, ինչպիսի ազգ ու նկարագիր է ձեւակերպում։ Մեր այսօրվա խնդիրները հենց դրա մասին են, պետության հիմնասյուները կոտրվել են, դրա համար չի կարողանում իր մեջքը շտկել։ Այսօր խարխափուն քաոս է ամբողջությաբ տիրում՝ թե գաղափարական, թե միջանձնային հարաբերություններում։ Հետեւաբար, պետությունն է թելադրողը, թե ինչպիսի ճանապարհ եւ ինչպիսի արժեհամակարգ է, որը ձեւավորում է տվյալ ազգի ամբողջական նկարագիրը։ Մենք այս 100 եւ ավելի տարիների ընթացքում ցեղասպանության մասին խոսել ենք որպես զգացմունք, մենք չենք խոսել որպես միտք կամ բանականություն, որպես համակարգ չենք ձեւավերել ու չենք տարածել մեր պետական ողջ համակարգի վրա։ Ինչ անհրաժեշտ է մեզ, դա էլ պետք է անենք, ինչ անհրաժեշտ է այս պետությանը, դա էլ պետք է անենք, որովհետեւ ցեղասպանությունը չպիտի կրկնվի, որը, ցավոք, տեղի ուենցավ մեր կյանքում, որովհետեւ այդպիսի համակարգի եւ մտածողության բացակայություն է մեր կյանքում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Գրող Խաչիկ Մանուկյանի խոսքով՝ սրբազանի այս գիրքն այս իրականության մեջ պայքարի ոգին է ավելացնելու, ճշմարտության հաղթանակն է մոտեցնելու եւ չարքապատկաններին ծնկի է բերելու։ «Կեցցեն բոլոր նրանք, ովքեր իրենց անհամաձայնությունն են բերում այս ամոթալի ընթացքին։ Ես վստահ եմ՝ Բագրատ սրբազանի այս գիրքը գալիս է՝ կասեցնելու այս ամոթալի ընթացքը եւ հաղթական շունչը սփռելու հայոց լեռներում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը Բագրատ սրբազանին Ոսկեպարի եկեղեցու նկարը նվիրեց։ «Ճմարտությունը կհաղթի»,- ասաց Գուրգեն Մելիքյանը։ «Ոսկեպարով Արցախ։ Այո, պիտի մնա սրանց ճակատին»,- ասաց Բագրատ սրբազանը։
Գրքի շնորհանդեսի ժամանակ նաեւ հայարարվեց, որ այսօր Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։ «Ես շնորհավորում եմ եւ մաղթում եմ, որ մենք պետություն ունենանք, որպեսզի տեր կանգնի իր քաղաքացիներին, եթե նույնիսկ նրանք իր քաղաքացիները չեն, բայց հայ մարդիկ են։ Պարոն Ռուբեն Վարդանյանին շուտափույթ ազատում եմ մաղթում, ինչպես նաեւ նրա հետ Բաքվի բանտում անարգանքի մեջ գտնվող մեր ռազմաքաղաքական ղեկավարներին եւ մեր բոլոր գերիներին։ Երբեմն անզորության զգացումն է իշխում, ոչ թե որ անզոր ես մարդկայնորեն, այլ որովհետեւ ամոթն ու անարգանքն այնքան շատ է դառնում, որ կորցնում ես գործողություններիդ ծիլը։ Դրա համար մեկ ճանապարհ կա՝ ինքներս մեզ պետք է հաղթենք ու չարքը, սուտը հեռացնենք մեր կյանքից։ Հոգեւոր Հայաստանի տեսիլքը, որը մենք ունենք, պետք է կարողանանք կառուցել, որպեսզի աշխարհի որեւէ ծայրում որեւէ հայ մարդ ոչ տառապանք կրի, ոչ էլ անպաշտպանվածության զգացում ունենա»,- նշեց Բագրատ սրբազանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ