Լույս է տեսել Նաիրա Համբարձումյանի կազմած, խմբագրած և ծանոթագրած «Էլպիս Կեսարացյան. Էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ» գիրքը: Գիրքը բացառիկ ու հատկանշական երևույթ է հայ գրականագիտական և պատմագիտական դաշտում՝ որպես առաջին համակարգված ուսումնասիրություն ականավոր արևմտահայ գրող, խմբագիր, մտավորական և կանանց իրավունքների պաշտպան Էլպիս Կեսարացյանի (1830–1913) կյանքի և ժառանգության մասին։
Գրքում ներկայացված են Կեսարացյանի գրական ու հրապարակախոսական գրեթե բոլոր գործերը՝ այդ թվում մինչև այժմ անտիպ կամ լայնորեն անհայտ բանաստեղծություններն ու նամակները։ Աշխատությունը ոչ միայն վերաիմաստավորում է Էլպիս Կեսարացյանի դերը 19-րդ դարի հայ հասարակական մտքի և կանանց շարժման մեջ, այլև իր հետազոտական մեթոդով կարևոր ներդրում է հայ կինագրության, ֆեմինիստական տեսության և մշակութային պատմության բնագավառում։
Համբարձումյանը օգտագործել է արխիվային աղբյուրներ, մամուլի հատորներ (հատկապես՝ «Կիթառ» հանդեսը, 1862–1863), ժամանակակիցների վկայություններ և համեմատական վերլուծություն՝ վեր հանելով Կեսարացյանի մտավոր գործունեության և հրապարակախոսության լայն ընդգրկույթը։ Մասնավորապես վերլուծվում է «Կիթառ» հանդեսը՝ որպես կանանց իրավունքներին նվիրված առաջին հայկական պարբերականը։ Հեղինակը ցույց է տալիս, որ այդ պարբերականը ոչ միայն արձագանքել է Օսմանյան կայսրությունում ընթացող բարեփոխումներին (Թանզիմաթ, 1839 և 1856 թթ., և Հայոց Ազգային Սահմանադրություն, 1863 թ.), այլև հանդես է եկել որպես կանանց հասարակական դերի արմատական վերաիմաստավորման հարթակ։
Գրքի կարևոր արժեքներից է նաև Կեսարացյանի տեքստերի համակարգված ներկայացումը՝ ըստ ժանրի և թեմատիկ միավորումների։ Ներկայացվում և վերլուծվում են ինչպես նրա էսսեները և բանաստեղծությունները, այնպես էլ նամակների ժողովածուն («Նամականի առ ընթերցասէր հայուհիս», 1879)՝ ժամանակի սոցիալ-քաղաքական համատեքստում։ Ընդ որում, հեղինակը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Կեսարացյանի՝ կանանց կրթության, աշխատանքի իրավունքի, հասարակական մասնակցության և ազգային ինքնության շուրջ ունեցած առաջադեմ գաղափարներին։
Հետաքրքրական և գիտական տեսանկյունից արժեքավոր է նաև գրքի համեմատական մեթոդաբանությունը. «Կիթառ» հանդեսը դիտարկվում է զուգահեռաբար Զմյուռնիայի «Հավերժահարս» հանդեսի (1862) հետ՝ եզրակացությամբ, որ Կեսարացյանի պարբերականն ունի հստակ գաղափարական ուղղվածություն և տեսական հիմնավորում՝ ի տարբերություն առավել ժամանցային բնույթ ունեցող «Հավերժահարսի»։ Այդ մոտեցումն ընդգծում է Էլպիս Կեսարացյանի գործունեության ռազմավարական ու գաղափարական բնույթը։
Առաջաբանում և մեկնաբանություններում Համբարձումյանը վերլուծում է նաև այն պայմանները, որոնցում գործել է Կեսարացյանը՝ Օսմանյան կայսրության գրաքննության, ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների և հասարակական կարծրատիպերի պայմաններում։ Միևնույն ժամանակ ներկայացվում են նաև պատմական բարեփոխումների՝ մասնավորապես «Թանզիմաթի» և Սահմանադրության՝ կանանց ակտիվության համար ստեղծած հնարավորությունները։ Չնայած դրան, ինչպես հեղինակը փաստում է, Կեսարացյանի պարբերականի փակումը պայմանավորված է ֆինանսական ու գրաքննական ճնշումներով։
Գրքում կիրառված է ակադեմիական մաքուր և փաստարկված խոսք։ Համբարձումյանը խուսափում է գերարժևորումներից, հստակ տարանջատում է փաստերը ենթադրություններից և հղվում է արժանահավատ աղբյուրների՝ այդ թվում Վիեննայի Մխիթարյանների արխիվի, Թեոդիկի աշխատությունների և ժամանակակից մամուլի։ Խմբագրական և լեզվաոճական աշխատանքն աչքի է ընկնում գիտական հետևողականությամբ և մատչելի լեզվով ներկայացմամբ։
Կեսարացյանի անձնական կյանքի, մասնավորապես՝ ընտանիքի, կրթության, ինչպես նաև Ալեքսանդրիայում ապրած տարիների մասին տեղեկությունները գրքում սահմանափակ են՝ պայմանավորված համապատասխան աղբյուրների սղությամբ։ Այնուամենայնիվ, 19-րդ դարի արևմտահայ կին գրողների մասին այսքան համապարփակ ու խորը վերլուծված առաջին գիրքն է, սպասված ու գնահատելի խորը հետազոտություն է, որը ոչ միայն լրացնում է հայ գրականության ու կանանց պատմության մի մեծ բաց, այլև ծառայում է որպես մեկնարկային կետ հետագա ուսումնասիրությունների համար։ Այն ունի արժեք և՛ պատմաբանների, գրականագետների, սեռային ու մշակութային հարցերով հետաքրքրվողների, և՛ ընդհանրապես կրթական ու գրասեր լայն հանրույթի համար։ Հատկապես արդիական է այն այսօր՝ Հայաստանում ժողովրդավարական զարգացումների և գենդերային հավասարության պայքարի համատեքստում։
Գիրքը հրապարակվել է Էդիթ-պրինտ հրատարակչությունում (2025թ, 272 էջ), լույս է տեսել բանասեր, գրականագետ-մատենագետ Յովսէփ և նրա տիկին Գարոլին Նալպանտեանների հովանաորչությամբ (Լոս Անջելըս – Սթուտիո Սիթի, ԱՄՆ): Գրքի գրախոսներ են՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալբերտ Խառատյանն ու պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը։
Նաիրա Համբարձումյանի այս աշխատությունը նշանակալի քայլ է Էլպիս Կեսարացյանի վերարժևորման` նրա մտավոր, գրական ու հասարակական ժառանգության ճանաչման ուղղությամբ։ Այն առաջարկվում է ընդգրկել բուհական ծրագրերում՝ որպես աղբյուրային և տեսական բարձրարժեք ձեռնարկ հայ գրականության, կանանց պատմության և սեռագիտական հետազոտությունների ոլորտներում։
Աշոտ ԿՆՅԱԶՅԱՆ
«Նիդերլանդական օրագրի» հիմնադիր, խմբագիր