Քաղաքագետ Արմեն Վարդանյանը չի բացառում, որ ռուսական կողմն էլ մեզ չի վստահում. «Հնարավոր է՝ իրենք էլ մեզ չեն վստահում, Նիկոլ Փաշինյանին չեն վստահում, բայց իրողությունն այն է, որ այդ անվստահության հիմքերը չեն վերացել, եւ որեւէ նախադրյալ էլ չկա, որ դրանք մոտ ժամանակներս կվերացվեն»։
«Համաձայն չեմ։ Դա երբեք չի էլ հաղթահարվելու։ Իրականում այնպես չէ, որ մի փոքր հարցի շուրջ ինչ-որ տարաձայնություններ կամ թյուրիմացություններ են տեղի ունեցել, որ դրանք այդպես հեշտ հաղթահարվեն»,-«Առավոտի» հարցին՝ համաձա՞յն է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն կարծիքին, որ «ՌԴ-ն ու ՀՀ-ն հաղթահարել են փոխադարձ անվստահության փուլը», այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
Ըստ նրա՝ վերջին տարիներին ՌԴ-ն ՀՀ-ին բազմիցս թիկունքից հարվածել է. «ՌԴ-ի օգնությամբ Ադրբեջանն օկուպացրել է Արցախը, հայաթափել այն, էթնիկ զտումներ թույլ տվել։ Ամեն անգամ ՀՀ ղեկավարությունը փորձել է պայմանավորվել ՌԴ-ի հետ եւ նրանից օգնություն խնդրել ու ստացել մի պատասխան, բայց իրականում տեսել տրամագծորեն հակառակ քայլեր։ Եվ դա չի կարող չբերել անվստահության եւ վերացնել անվստահության հիմքերը։ Մանավանդ, որ ՌԴ-ում նորից նույն մարդիկ են իշխանության։ Հետեւաբար որեւէ հիմք չկա, որ այդ անվստահությունը ՀՀ-ի կողմից վերացվի»։
Արմեն Վարդանյանը չի բացառում, որ ռուսական կողմն էլ մեզ չի վստահում. «Հնարավոր է՝ իրենք էլ մեզ չեն վստահում, Նիկոլ Փաշինյանին չեն վստահում, բայց իրողությունն այն է, որ այդ անվստահության հիմքերը չեն վերացել, եւ որեւէ նախադրյալ էլ չկա, որ դրանք մոտ ժամանակներս կվերացվեն»։
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը՝ նշում եք Արցախը Ադրբեջանին հանձնելու հարցով ՌԴ-ի մեղավորության մասին, բայց Արցախի հետ կապված Սերգեյ Լավրովը պարզաբանել է, որ «անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ առաջարկել են Հայաստանին՝ Արցախի կարգավիճակի եւ ճակատագրի հարցը հետագային թողնել», եւ վստահեցրել՝ «ոչ ոք իրավունք չունի իրենց մեղադրելու», քաղաքագետն այսպես արձագանքեց. «ՌԴ-ն ամեն անգամ փորձում է իր դեմքեը պարզաջրել եւ իրականությունը խեղաթյուրված ու մանիպուլացված է ներկայացնում։ Եվ Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ տեսանք, որ Միրզոյանն այդ հարցի շուրջ անհամաձայնություն հայտնեց Լավրովին։ 2020-ի պատերազմից հետո, 2021-ին եւ 2022-ին Ադրբեջանը մի քանի անգամ ներխուժումներ է իրականացրել ՀՀ-ի տարածք, եւ ամեն անգամ ՀՀ-ն, երբ դիմել է Ռուսաստանին օգնության հասնելու համար, որ սանձեն Ադրբեջանին, դադարեցնեն նրա գործողությունները, ստացել է սկզբից հուսադրող պատասխաններ, բայց գործնականում որեւէ քայլ չի արվել։ Ավելին, դա նաեւ անվստահություն է առաջացրել Նիկոլ Փաշինյանի մոտ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ 2021-ի ներխուժումները, 2022-ի գարնան ներխուժումները, եւ դրա գագաթնակետը դարձավ 2022-ի սեպտեմբերյան ագրեսիան, որի ժամանակ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հարձակում տեղի ունեցավ ՀՀ-ի վրա՝ Գեղարքունիքից մինչեւ Սյունիք։ Մենք երկու օրվա մեջ 225 զոհ ունեցանք։ Դրանից հետո միայն հոկտեմբերին Փաշինյանը գնաց Պրահա, եւ այնտեղ այդ հայտնի հայտարարությունը ստորագրվեց, որը հետագայում պարզվեց, որ Ադրբեջանին կանգնեցնող է»։
Մեր հիշեցմանը՝ Սերգեյ Լավրովն ասուլիսի ժամանակ նշել է, որ այդ հայտարարության մասին մամուլից է տեղեկացել եւ հարցին՝ դա նորմա՞լ է, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Չէ՞ որ դրանից առաջ երկու տարվա ընթացքում մի քանի անգամ ՀՀ ղեկավարությունը դիմել է Պուտինին։ Սկզբից ասել են՝ ՀՀ-ի տարածքը մեզ համար կարմիր գիծ է. թույլ չենք տա հարձակվեն, եթե հարձակվեն, կսաստենք, հետո, երբ մի քանի անգամ սկսվել է կրկնվել, ՌԴ-ն նոր պատճառ է բերել, նոր արդարացում է բերել իր անգործության համար։ Ասել է՝ գիտե՞ք՝ սահմանները պարզ չեն, սահմանագծված չեն, չի երեւում՝ որն է ձեր սահմանը, որը Ադրբեջանինը եւ այլն։ Նաեւ այլ գործընթացներ էլ են եղել չերեւացող։ Տարբեր ձեւերով Փաշինյանը փորձել է Պուտինի հետ պայմանավորվել, որ օգնեն մեզ, կասեցվեն ադրբեջանական հարձակումները, բայց ամեն անգամ մի բան պայմանավորվել են, հակառակն արել։ Միայն դրանից հետո, երբ Փաշինյանը դիմել է խնդրանքով Արեւմուտքին, Արեւմուտքից էլ Ալիեւին են կանչել, պարզաբանում պահանջել։ Նա էլ ասել է՝ եթե ՀՀ-ն իմ տարածքը չի ճանաչում, ես էլ իրենը չեմ ճանաչում։ Ու Արեւմուտքից ՀՀ-ի առաջ պայման են դրել՝ մենք քո 29800 քառակուսի կիլոմետր տարածքին տեր ենք, բայց եթե դու էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչես։ Ու նաեւ գործնական քայլերով են ապացուցել՝ դիտորդական առաքելություն ուղարկեցին, նաեւ այլ գործիքակազմով զսպել են Ադրբեջանին։ Այնպես որ, այստեղ էլ կա իրականության խեղաթյուրում»։
Մեր այն փաստմանը՝ ՀՀ իշխանությունների վերաբերմունքը հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված փոխվել է եւ հարցին՝ արդյոք սրա պատճառն այն չէ՞, որ հասկանում են՝ Արեւմուտքից առարկայական աջակցություն ակնկալել չեն կարող, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Արեւմուտքից առարկայական աջակցություն կա, բայց ՀՀ-ի կախվածությունը Ռուսաստանից այնքան մեծ է, որ դա միանգամից եւ մեկ-երկու տարում վերացնել չես կարող։ Բայց ՀՀ իշխանություններն արդեն որոշակի կուրս են վերցրել այդ կախվածությունը թուլացնելու։ Որոշ հարցերում արդեն հաջողություն կա։ Զենքի մասով արդեն տեսնում ենք, որ 10 տոկոսից պակաս է դարձել ՌԴ-ից զենքի գնումը։ Այս առումով կա դիվերսիֆիկացում։ Նույնը կարծում եմ էներգետիկ ոլորտում կլինի։ Ատոմակայանի կառուցումը կարծում եմ՝ կվստահվի ամերիկյան ընկերություններին։ Արդեն իշխանությունները նշում են, որ ունեն ռազմավարական որոշում, որ ամերիկյան ատոմակայան է կառուցվելու։ Բայց մեր արտաքին առեւտրի 40 տոկոսից ավելին ՌԴ-ի հետ է, փակ շուկաներ կան մեզ համար, մեծ շուկաներ մուտք գործելը դժվար է։ Կան օբյեկտիվ իրողություններ, որ ՀՀ-ն չի կարող միանգամից շրջադարձ կատարել իր արտաքին քաղաքականության մեջ։ Եթե ՀՀ-ն նման քայլ անի, դա շատ լուրջ հետեւանքներ կբերի երկրին։ Դրա համար փորձում են դիվերսիֆիկացիա իրականացնել բոլոր ոլորտներում։ Դա որքանով կստացվի կամ չի ստացվի, այլ հարց է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.05.2025