Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական պետություն գոյություն չի ունեցել, որ դեռ գոյություն ունենա արեւմտյան կամ արեւելյան Ադրբեջան. պետք է լինենք նախաձեռնող եւ լուրջ հակազդենք այս թեզերին»

Մայիս 26,2025 13:00

Ադրբեջանական կողմն իր մտադրությունները չի թաքցնում եւ այսպես կոչված՝ «արեւմտայն Ադրբեջանի» թեզը որպես գործիք է օգտագործում՝ Հայաստանի դեմ հնարավոր պատերազմի բռնկման, տարածքների զավթման համար։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց պատմաբան, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։

Նշենք, որ Թուրքիայում  անցկացված «Վերադարձը Արեւմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարեւոր պայման» վերնագրով միջազգային կոչվող համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիեւը դարձյալ խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված՝ «արեմտյան Ադրբեջան» վերադարձի մասին։

«Արեւմտյան Ադրբեջանում՝ Հայաստանի տարածքում, 1918-1921, 1948-1953 եւ 1987-1991 թվականներին իրականացվել է համակարգված եւ ամբողջական էթնիկ զտում։ Այսպիսով, Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել։ Այս էթնիկ զտումը վերածվեց մեծ մարդասիրական ողբերգության։ Միեւնույն ժամանակ, այն ծառայում էր այնպիսի դավաճանական աշխարհաքաղաքական նպատակի, ինչպիսին էր Ադրբեջանի հիմնական մասի եւ նրա անբաժանելի մասի՝ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապի խզումը, Արեւմտյան Զանգեզուրը Ադրբեջանից վերցնելը եւ 1920 թվականին այն Հայաստանին հանձնելը..»,- իր ելույթում ասել է Ալիեւը։

Հայաստանի ԱԳՆ-ն ընդամենը մեկ նախադասությամբ է արձագանքել այս հայտարարությանը. «Հայաստանի Հանրապետության տարածքում «արեւմտյան Ադրբեջան» չկա. արեւմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջաններն են»:

Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանը հայտնի սցենարով փորձելու է որոշ քանակի ադրբեջանցիների բերել Հայաստան, հանրաքվե անցկացնել եւ ասել, որ այդ մարդիկ այստեղ ապրում են եւ իրավունք ունեն միավորվել Ադրբեջանի հետ։ «Այս սցենարն արդեն ԱՊՀ տարածքում մի քանի անգամ տեղի է ունեցել, այնպես որ՝ նոր սցենար չէ։ Նրանք կոնկրետ քայլեր են անում այդ ուղղությամբ՝ ըստ էության մերժելով Հայաստան պետության իրավունքը, հայերի՝ սեփական պետականություն ունենալու իրավունքը։ Իրենց Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Հայաստանն իրենց կողմից դիտարկվում է ընդամենը առավելագույնը 10 հազար քկմ-ով մի տարածք՝ թուրք-ադրբեջանական տանդեմի շրջափակման մեջ գտնվող։ Ըստ իրենց ախորժակի՝ Հայաստանի վերջնական ճակատագիրը պետք է լինի հայաթափումը՝ արցախյան սցենարով։ Եվ այս ուղղությամբ իրենք աշխատում են ամեն օր՝ եւ քարոզչական ոլորտում, եւ նաեւ զինվում են, որպեսզի դա իրականություն դարձնեն ցանկացած պատեհ պահի, բոլոր հարթակներն օգտագործելով, այդ թվում՝ արտասահմանյան հարթակները, որպեսզի այդ հարցը դնեն շրջանառության մեջ, հանրային կարծիք ձեւավորեն։ Նույնը տենդագին ձեւով անում են Ադրբեջանի ներսում, այնտեղ սերունդներ են աճել այդ գաղափարախոսության հիման վրա, դա նոր գաղափար չէ։ Այս ամբողջ 30 տարիների ընթացքում նրանք ոչ միայն Արցախի մասին են խոսել, իրենց մոտ գրքեր են գրված, ցնդաբանություն ինչ-որ «արեւմտյան Ադրբեջանի» մասին, այն պարագայում, երբ դրա մասին խոսելն ու վիճելն անիմաստ է։ Ադրբեջանական պետություն գոյություն չի ունեցել, որ դեռ գոյություն ունենա հյուսիսային, հարավային, արեւմտյան կամ արեւելյան Ադրբեջան։ Հայաստանի Հանրապետության սահմաններից արեւելք գոյություն ունի Արեւելյան Հայաստան, ՀՀ սահմաններից  արեւմուտք գոյություն ունի Արեւմտյան Հայաստան։ Իսկ Ադրբեջանը՝ որպես հասկացություն, ուղղակի հորինվածք է»,- ասաց Այվազյանը:

Ալիեւի ելույթից հետո Կովկասի մուսուլմանների գրասենյակի ղեկավար Փաշազադեն հայտարարել է, թե «Հայ Առաքելական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարեւան բոլոր տարածաշրջանային երկրների համար»։

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Գրիգորի Այվազյանն ասաց, որ ողջ տարածաշրջանի համար մեծագույն վտանգ է ադրբեջանական նացիզմը։ Մինչեւ ադրբեջանական նացիստական պետությունն այս տարածաշրջանից իսպառ չջնջնվի, ողջ տարածաշրջանը նոր պատերազմի վտանգի առաջ կլինի կանգնած։ Ժամանակավորապես օկուպացված Արցախի տարածքում ադրբեջանցիները քանդում են գերեզմանները, ոչնչացնում են հայկական եկեղեցիները, խաչքարերը։ Նրանք շարունակում են հայատյաց եւ նացիստական գաղափարախոսությունը, որը սպառնում է մեր ազգի եւ պետականության գոյությանը։ «Մենք պետք է սա գիտակցենք եւ ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի այդ վտանգն առավելագույնս չեզոքացնենք։ Ադրբեջանը վաղուց քրիստոնյա աշխարհի հանդեպ ցուցաբերում է հակակրանք։ Բայց միեւնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում Մեհրիբան Ալիեւային շնորհում են ինչ-որ մեդալներ, մենք տեսնում ենք Վատիկանում անցկացվում են հակագիտական ինչ-որ գիտաժողովներ, եւ դա թույլ է տրվում, որովհետեւ ադրբեջանական ռեժիմն աջ ու ձախ արյունոտ նավթադոլարներից կաշառք է բաժանում։ Եթե մենք չփորձենք սրան հակազդել, իսկ ավելի ճիշտ, չլինենք նախաձեռնող, ապա արդյունքները կարող են լինել, մեղմ ասած՝ անդառնալի»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս պետք է հակազդել ադրբեջանական այս թեզերին ու գործողություններին պետական մակարդակով, Գրիգորի Այվազյանն ասաց, որ նախ պետք է լրջորեն հասկանանք այդ հարցի վտանգավորությունը, չփորձենք թերագնահատել եւ բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի հնարավորինս չեզոքացնենք։ «Բայց ոչ թե պետք է գտնվենք պատասխանողի դերում, այլ պետք է լինենք նախաձեռնողի դերում, այսինքն՝ կանխարգելիչ հարվածներ հասցնենք Ադրբեջանին բոլոր ոլորտներում՝ եւ նախապատրաստվենք նոր հարձակմանը, եւ քարոզչական, եւ գիտական ոլորտներում։ Եվ պետք է աջակցենք ադրբեջանահայ փախստականների համայնքին, որոնք բռնի տեղահանվել են 1988-92 թվականներին։ Օգնենք նրանց՝ պահանջելու Ադրբեջանից իրենց իրավունքների վերականգնում, այսինքն՝ արդար փոխհատուցում ստանալ՝ տարածքային, ֆինանսական եւ այլն։ Անշուշտ, պետք է աջակցել Արցախի վտարանդի կառավարությանն ու արցախցիների՝ միջազգային անվտանգային երաշխիքների ներքո իրենց հայրենիք վերադառնալու եւ սեփական հողում բնակվելու իրավունքին։ Սրանք լավագույն միջոցները կլինեն՝ կանխարգելելու եւ որոշ չափով չեզոքացնելու ադրբեջանական բացահայտ նկրտումները։ Այս հարցերն Ադրբեջանի համար աքիլլեսյան գարշապար են, ամենաթույլ կողմը, այս ուղղությամբ մենք պետք է աշխատենք։ Պետք է դադարենք ներազգային ատելության սերմանումը, մենք այդպիսի ճոխություն մեզ չենք կարող թույլ տալ Ադրբեջանից եկող վերահաս վտանգի պայմաններում»,- նշեց Այվազյանը։

«Ես հույս ունեմ, որ ամեն ինչ դեռ կորսված չէ, եւ մեր ինքնապաշտպանական բնազդը, մեր ժողովրդի խոհեմությունը կհաղթի, եւ մենք դեռ կտեսնենք մեր հայրենիքի լուսապայծառ ապագան եւ Արցախի ազատագրումը, իհարկե, չմոռանալով Հայոց ցեղասպանության զոհերի եւ նրանց ժառանգների իրավունքների վերականգնման մասին եւ նաեւ Արեւմտյան Հայաստանի վերադարձի տեսլականի մասին։ Մենք պետք է այդ տեսլականն ունենանք, միմիայն դրանով կարող ենք ադրբեջանական առավելապաշտական նկրտումների դեմն առնել»,- հավելեց Գրիգորի Այվազյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031