«Միայն անցած տարի Երեւան քաղաքի կանաչ տնկարկներից դուրս են բերվել 1500 չորացած ծառեր: Կազմակերպությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում չոր եւ տապալման ենթակա ծառերի հատման եւ տարածքներից դուրս բերման հարցը: Սակայն լինում են դեպքեր, իսկ դրանք հիմնականում բարդի ծառատեսակներն են, երբ ունենում ենք քամիներից դրանց տապալման կամ կիսատապալման դեպքեր, որոնց ժամանակ առաջանում է մեծ վտանգավորության աստիճան, եւ խնդիր՝ դրանց հեռացման աշխատանքները կազմակերպելու համար: Մենք այդ դեպքերում դիմում ենք ՆԳ նախարարությանը, արտակարգ իրավիճակների ծառայությանը»,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
«Այժմ ունենք մեկ հասցե Պուշկին 24-ում. հսկայական՝ 20-30 մետրանոց բարդին կիսատապալվել է բնակելի շենքի վրա եւ ստեղծել է վտանգավորության մեծ աստիճան: Պարոն քաղաքապետ, մենք չունենք համապատասխան փրկարարական տեխնիկա, մեզ մոտ միայն ամբարձիչներն են: Բայց այդ ծառի պարագայում անհրաժեշտ է, որ հատուկ տեխնիկա մոտենա, ծառը կապկպվի, ամբարձիչներով, ճոպաններով բարձրացվի, հմուտ մասնագիտական մոտեցում ցուցաբերվի, ծառը բերվի անվտանգ վիճակի, որովհետեւ այն ամբողջովին հենված է շենքին, եւ տակից հատելու դեպքում շենքին մեծ վնասներ կհասցնենք, էլ չասած մարդկանց մասին:
Ամենակարեւորը՝ մենք չունենք աշխատակիցներ, որոնք անցել են կամ ունեն թույլտվություն նման բարձրությունների վրա իրականացնելու փրկարար ծառայություններ»,-հավելեց Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրենը:
Կարդացեք նաև
Նա խնդրեց Տիգրան Ավինյանի միջնորդությունը նման դեպքերում փրկարար ծառայությանը դիմելու համար:
«Մենք մեր գործընկերներին կխնդրենք աջակցել այդ հարցում, բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, թե հետագայում նման դեպքերում համակարգային ինչպիսի լուծումներ պետք է ունենանք, հստակ հասկանանք աշխատանքի բաժանումը՝ ով որ հատվածը պետք է իրականացնի»,-ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ