Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի նիստում պաշտոնական բողոք է ներկայացրել՝ ուղղված «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (Christian Solidarity International, CSI) կազմակերպության դեմ, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի (ECOSOC) խորհրդատվական կարգավիճակ ունեցող անկախ իրավապաշտպան կազմակերպություն։
Ադրբեջանի պահանջը միտված է վերանայել CSI-ի այդ կարգավիճակը՝ պատճառաբանելով, թե վերջինս քաղաքական դրդապատճառներով թշնամական գործողություններ է իրականացնում, այդ թվում՝ օգտագործում է «անվավեր կամ հորինված անվանումներ»՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղ անվանումը, ցուցադրում է «Ադրբեջանի աղավաղված քարտեզ»՝ ընդգծելով պատմական Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, ինչպես նաև «իրավիճակային փաստերի խեղաթյուրում» է իրականացնում՝ անդրադառնալով այն հայ գերիներին, ովքեր ներկայումս գտնվում են դատավարության փուլում։
Փաստացի, այս քայլերը նպատակ ունեն լռեցնել անկախ իրավապաշտպանների ձայնը և արգելել Լեռնային Ղարաբաղի և իրականացված էթնիկ զտումների հիշատակումը միջազգային հարթակներում։
Այստեղ առանցքային է ընդգծել, որ «Քրիստոնեական միջազգային համերաշխություն»-ը (CSI) տարիներ շարունակ ակտիվորեն պաշտպանում և հրապարակայնացնում է Արցախի հայերի իրավունքները՝ օգտագործելով ՄԱԿ-ի տրամադրած մեխանիզմները։ Կազմակերպությունը բարձրաձայնել է ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող էթնիկ զտումների և մարդու իրավունքների այլ խախտումների մասին։ Ընդ որում, CSI-ն բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել միջազգային մակարդակում։ Դրանցից կարելի է նշել 2024 թ․ հուլիսի 9-ին Ժնևում կազմակերպված «Կայուն խաղաղության բանալիները Հարավային Կովկասում» խորագրով միջոցառումը, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության՝ հայրենիք վերադարձի իրավունքին՝ որպես տարածաշրջանային արդար և երկարատև խաղաղության նախապայման։
Կարդացեք նաև
2024 թ․ հոկտեմբերի 1-ին CSI-ն ՄԱԿ-ում կազմակերպել էր մեկ այլ միջոցառում՝ անդրադառնալով Ադրբեջանում անօրինական պահվող հայ ռազմագերիների ճակատագրին։ Միջոցառումը տեղի էր ունեցել CSI-ի, Աշխարհական Եկեղեցիների Խորհրդի (WCC) և այլ գործընկերների համատեղ նախաձեռնությամբ՝ կենտրոնանալով այն խախտումների վրա, որոնք կապված են ադրբեջանական իշխանությունների կողմից պահվող հայ գերիների նկատմամբ կիրառվող միջազգային իրավունքի նորմերի խախտման հետ։ Վերջերս՝ 2025 թ․ մարտի 18-ին, Ժնևում կազմակերպվել էր ևս մեկ միջոցառում՝ «Հայ պատանդների ճակատագիրը Ադրբեջանում» խորագրով, որի առանցքում Ադրբեջանի կողմից հայ քաղաքացիների նկատմամբ շարունակվող քաղաքական պատանդառության պրակտիկայի և նրանց իրավունքների ոտնահարումների հարցերն էին:
Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը ոչ միայն բացահայտ խախտում է ՄԱԿ-ի խորհրդատվական կարգավիճակ ունեցող կազմակերպությունների գործունեության ազատության սկզբունքները, այլև վտանգավոր նախադեպ է միջազգային իրավունքի տեսանկյունից։ Այն հակասում է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին (ICCPR)՝ հատկապես 19-րդ հոդվածին, ըստ որի յուրաքանչյուր մարդ ունի կարծիքի և արտահայտվելու ազատության իրավունք, ինչպես նաև 21-22-րդ հոդվածներին, որոնք ամրագրում են խաղաղ հավաքների և ասոցիացիաների ազատության իրավունքը։
Քաղաքացիական հասարակության մասնակցությունը մարդու իրավունքների պաշտպանության գործընթացին ամրագրված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանների մասին Դեկլարացիայում (1998 թ․), համաձայն որի՝ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի մասնակցելու այդ գործին՝ առանց պետության միջամտության կամ հետապնդման։
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի գործողությունները, որոնք ուղղված են «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» կազմակերպության լռեցմանն ու նրա՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների արգելափակմանը։
Ադրբեջանի կողմից 2020-2023 թվականներին Արցախի ամբողջական հայաթափումը, 120․000 մարդկանց հայրենազրկումը, պատերազմական հանցանքները, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները, հետապնդումները, խոշտանգումներն ու հիմնարար իրավունքների ոտնահարումները պետք է իրենց համապատասխան արձագանքը գտնեն միջազգային հանրության կողմից։
Մենք հորդորում ենք ՄԱԿ-ի Հասարակական կազմակերպությունների հանձնաժողովին մերժել Ադրբեջանի կողմից ներկայացված բողոքը։ Կոչ ենք անում ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ պաշտպանել միջազգային իրավունքը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կարևորագույն դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային համակարգում։
ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն