Լեգենդար ռոք երաժիշտ, հիթ դարձած բազմաթիվ երգերի հեղինակ, «Կինո» ռոք-խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյի երգերը Երեւանում մատուցվեցին նորովի՝ «Սիմֆոնիկ «Կինո» նախագծի շրջանակում: Սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ հանդես եկավ լեգենդար «Կինո» խմբի նույնքան լեգենդար կիթառահար, Ցոյի ընկեր եւ համախոհ Յուրի Կասպարյանը, որի այցը Հայաստան համերգայինից բացի, այլ՝ հոգեւոր կարեւոր նշանակություն էլ ուներ:
Թվում էր՝ հիմնական ունկնդիրը պետք է լինի 1980-ականների սերունդը, բայց որքան էլ զարմանալի էր, անմահ Ցոլի հիթերին ձայնակցում էին երիտասարդները: Իսկ Կասպարյանը նվագում էր ինքնամոռաց, ասես Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում ոչ ոք չկար, միայն ինքն էր, իր կիթառը ու հուշերը Ցոյի եւ «Կինո» խմբի վերաբերյալ:

Ճանաչված կիթառահարի վերադառնալը դահլիճ միայն մեկ բիսով չսահմանափակվեց, համերգի ավարտից հետո կարծես համերգի երկրորդ մասը սկսվեց:
Արդյունքում՝ ունկնդիրը հեռացավ լիցքավորված, գոհ եւ երգելով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ






















































