Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին հաշվով՝ տեղական արտադրողին ինչքա՞ն պիտի պաշտպանենք, որ մրցակցային դառնա». Սերգեյ Բագրատյանի հարցը կառավարության ներկայացուցչին

Մայիս 26,2025 14:44

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի հիմնական զեկուցող Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը նշեց, որ խնդիրը վերաբերում է Իրանից ցեմենտի ներմուծմանը:

«Գիտեք, որ ԻԻՀ-ում էներգակիրները բավականին էժան են, իսկ վերջին շրջանում նրանց մանաթը նույնպես արժեզրկվում է, որի արդյունքում նկատվում է այնտեղ ցեմենտի ինքնարժեքի բավականին ցածր առկայություն: Դրա համար ոլորտը հակամրցակցային է դառնում ՀՀ ցեմենտ արտադրողների համար, ինչի արդյունքում 2024 թվականին բավականին կրճատվել է Հայաստանում արտադրվող ցեմենտի քանակը: Ուստի ինքնարժեքների համահարթեցման նպատակով առաջարկում ենք տուրքի 200-ապատիկը դարձնել 800-ապատիկ, որպեսզի կարողանանք պաշտպանել ներքին արտադրողին»,-ասաց փոխնախարարը:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց. «Մենք բազմիցս ենք քննարկել այս հարցը, բայց արդյունքում ի՞նչ ենք ստանում: Վերջին հաշվով տեղական արտադրողին ինչքա՞ն պիտի պաշտպանենք, որ մրցակցային դառնա: Եթե մեր ցեմենտ արտադրողները չեն կարողանում մրցակցել, խնդիրը մեր մեջ է, ոչ թե ԻԻՀ արտադրողների մեջ: Հետեւաբար, արդյո՞ք ճիշտ ենք անում, որ այս քաղաքականությունը շարունակում ենք: Աշխարհում պրոցեսներ են ընթանում եւ մենք չենք կարող անընդհատ մեր արտադրողներին պաշտպանել»:

Էդգար Զաքարյանը պատասխանեց, որ ցեմենտի արտադրությունը Հայաստանի համար ռազմավարական է, կիրառվում է ոչ միայն քաղաքաշինությունում, եւ կառավարությունը զսպողական քաղաքականություն է իրականացնում:

Պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն արձանագրեց, որ ցեմենտի պահանջարկը հիմնականում շինարարությունում է, որը տարբեր պատճառներով եւ գործոններով հիմա լավ օրեր չէ, որ ապրում է: Նաեւ նշեց, որ այս նախագիծը ապախթանող, ոլորտի գործը դժվարացնող կարգավորում է եւ հետաքրքրվեց, թե որպես նախարարություն դիտարկե՞լ են այն ազդեցությունը, որ դա միայն ցեմենտ ներկրողների, արտադրողների, տրանսպորտային կազմակերպություններին չի վերաբերում, այլ նաեւ շինարարության ոլորտին եւ իր բոլոր շահառուներին՝ բնակարանաշինությանը եւ մնացած ուղղություններին:

Կառավարության ներկայացուցիչը հույս հայտնեց, որ ցեմենտի գինը նոր փոփոխություններից հետո չի բարձրանա, այլ կստեղծի ինքնարժեքների համահարթեցում եւ առողջ մրցակցային պայմաններ: Այդ պնդման հետ ընդդիմադիր պատգամավորը չհամաձայնեց:

Եղան նաեւ ելույթներ, որից հետո հանձնաժողովը քվեարկությամբ դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած նախագծին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031