Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակն է խաղաղության համաձայնագիրը ստորագրել եւ վավերացնել, ահա, թե ինչ են սպասում Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Եվրոպան»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Մայիս 26,2025 15:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես եկել եմ Հայաստան՝ եւս մեկ անգամ նշելու Ֆրանսիայի աջակցությունը։ Աջակցություն, որը Հանրապետության նախագահը ցանկացել է, որ լինի կայուն, ամբողջական եւ անխախտ»,- այսօր Երեւանում հրավիրած ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Նա նշեց, որ Ֆրանսիան նախ եւ առաջ աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության համաձայնագրի» կնքմանը։ «Դժվարին բանակցությունների միջոցով ի վերջո եկել են համաձայնության, եւ ցանկանում եմ այստեղ ողջունել վարչապետ Փաշինյանի համարձակությունը։ Ինչպես իմ գործընկեր Մարկո Ռուբիոն է ասել՝ ժամանակն է այն ստորագրել եւ վավերացնել։ Ահա, թե ինչ են սպասում Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Եվրոպան․ աջակցություն Հայաստանի սուվերենությանը, ինչպես նաեւ տարածքային ամբողջականությանը։ Հարկ է նշել նաեւ մեր պաշտպանական համագործակցությունը՝ լինի դա վերապատրաստումը, թե զինամթերքի տրամադրումը։ Այս ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ՝ ապահովելու իր պաշտպանությունը, սուվերենությունը։ Մեր նպատակն է նաեւ Հայաստանին աջակցել՝ իր դեմոկրատական մոդելն ամրապնդելու համար»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները հնարավո՞ր է տեղափոխել ռազմավարական համագործակցության մակարդակ, Ժան-Նոել Բարոն ասաց․ «Մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ արդեն մեծապես ռազմավարական է՝ հաշվի առնելով բոլոր այն համագործակցությունները, որոնք թե աջակցում են ենթակառուցվածքներին, տեխնոլոգիաներին, ինչպես նաեւ մի շարք ծրագրեր ու նախագծեր են իրականացվում, որոնք մեծապես կարժեւորվեն մեկ շաբաթ անց ապակենտրոնացված համագործակցության կոնֆերանսի ժամանակ»։

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ Երեւանում արված հայտարարություններին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասաց․ «Այս վերջին օրերին, ինչ տեսել ենք Ուկրաինայում, դա ամենադաժան հարձակումներից մեկն էր Ուկրաինայում։ Մենք ունենք հստակ ուղերձ, մենք ցանկանում ենք խաղաղության, եւ որպեսզի խաղաղությունը հնարավոր լինի, նախ եւ առաջ պետք է հրադադար լինի, որը հնարավորություն կտա պատշաճ բանակցություններ իրականացնել։ Ուկրաինան պատրաստ է արդար ու շարունակական խաղաղության հաստատմանը, արդեն երեք ամիս է՝ մոտավորապես համաձայնել է 30 օրվա հրադադարին՝ առանց նախապայմանների։ Այժմ Ռուսաստանի հերթն է՝ ցույց տալու՝ արդյոք ցանկանո՞ւմ է շարունակել իր պատերազմը, թե՞ պատրաստ է բանակցությունների»։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ֆրանսիայի հետ ռազմավարական համագործակցության հնարավորությանը, ասաց․ «Մենք թվարկեցինք բազմաթիվ գործիքներ, ուղղություններ եւ համագործակցության դրսեւորումներ, որոնք, կարող ենք ասել, որ անգամ չունեն այն երկրները, որոնք ունեն ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ։ Մենք կաշխատենք այն ուղղությամբ, որ մեր խորը համագործակցությունը նաեւ փաստաթղթային ձեւակերպմամբ ճիշտ անուն ու որակավորում կրի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031