Լրահոս
Օրվա լրահոսը

Առկա է բոլոր ուղղություններով մեր հարաբերությունները զարգացնելու հսկայական ներուժ. Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետին

Մայիս 26,2025 16:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սլովակիայի վարչապետի առանձնազրույցը: Երկու երկրների վարչապետները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է Ռոբերտ Ֆիցոյի և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սլովակիայի հետ հետագա հարաբերությունների զարգացումը: «Մենք արդեն հասցրեցինք քննարկել, որ առկա է բոլոր ուղղություններով մեր հարաբերությունները զարգացնելու հսկայական ներուժ, և Ձեր այցը շատ լավ առիթ է այդ հնարավորությունները ևս մեկ անգամ գույքագրելու և կոնկրետ ուղղությունների վրա կենտրոնանալու, կոնկրետ ճանապարհային քարտեզ ունենալու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Ֆիցոյին Հայաստանի հետ կապված օրակարգերում ցուցաբերած աջակցության համար: «Այսօր «Երևանյան երկխոսություն» համաժողովի ընթացքում Ձեր աջակցությունը վերահաստատեցիք մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությանը:  Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ տարվա գագաթնաժողովը գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով»,- ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի ևս Սլովակիայի վարչապետը կհյուրընկալվի մեր երկրում:

Իր հերթին Ռոբերտ Ֆիցոն վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Սլովակիա իրեն հարմար ժամանակահատվածում: «Հենց նոր ավարտված մեր առանձնազրույցը հաստատում է, որ կան ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, ուստի նույն հյուրընկալությամբ մենք կցանկանայինք Ձեզ ջերմորեն ողջունել Սլովակիայում: Սլովակիայի ողջ պատվիրակության անունից շատ շնորհակալ եմ Ձեզ հյուրընկալության և բարեկամության համար:  

Երբ պատրաստվում էի այս հանդիպմանը, մեծարգո պարոն վարչապետ, ես մանրամասնորեն ուսումնասիրեցի բոլոր փաստաթղթերը, որոնք ստացել եմ նախապատրաստվելու համար: Մեծ գոհունակությամբ կարող եմ նշել, որ մենք հարցերը կարողացանք քննարկել անգամ առանց այդ փաստաթղթերի, քանի որ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ ունենք»,- ասել է Սլովակիայի վարչապետը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, բիզնես կապերի ընդլայնմանը, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Ֆիցոն ընդգծել են երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը և այդ առումով կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման շուրջ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին: Ռոբերտ Ֆիցոն հայտնել է իր երկրի աջակցությունը ՀՀ Կառավարության խաղաղության օրակարգին՝ ի նպաստ տարածաշրջանում կայունության և համագործակցության:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031