Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Լաչինի միջանցքի մոտակայքում էի, երբ Արցախը հարձակման ենթարկվեց։ Շատ պարզ հիշում եմ ցավը, տխրությունը եւ անօգնականության զգացումը»

Մայիս 26,2025 17:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես Լաչինի միջանցքի մոտակայքում էի, երբ Արցախը հարձակման ենթարկվեց։ Շատ պարզ հիշում եմ ցավը, տխրությունը եւ անօգնականության զգացումը»։ Մայիսի 27-ին Շվեյցարիայում մեկնարկող «Կրոնական ազատություն․ հայկական հոգեւոր, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողովին ընդառաջ իր տեսաուղերձում շեշտել է կազմակերպիչ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար դոկտոր Ջերի Փիլայը։

Նա հիշեցրել է՝ «Արցախում/Լեռնային Ղարաբաղում, հազարավոր էթնիկ հայեր բռնի տեղահանվել են» եւ ընդգծել արդար եւ տեւական խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։

 

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցու ծրագրած համաժողովը մեկնարկելու է վաղը՝ մայիսի 27՝ ավարտվելով հաջորդ օրը։ Այն կանցկացվի Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում։

 

Վեհափառը մեկնել է Բեռն

Մայր Աթոռի մամուլի ծառայությունից փոխանցում են՝ Գարեգին Բ Ամենային Հայոց Կաթողիկոսը մեկնել է Բեռն՝ համաժողովին մասնակցելու համար։ Վեհափառ Հայրապետը հանդես է գալու ուղերձով։

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը հանդես կգա տեսաուղերձով։

 

Բարձրացնել իրազեկվածությունը Արցախի ժառանգության պահպանման վերաբերյալ

ԵՀԽ-ից փաստում են, որ կազմակերպությունը տասնամյակներ շարունակ նեցուկ է կանգնել հայ ժողովրդին՝ հայերի իրավունքների եւ արժանապատվության պատմական եւ ժամանակակից խախտումների հարցում պատասխանատվության կանչման ջատագով լինելով։

Հղում կատարելով 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից 120.000 հայերի՝ իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանման առթիվ ընդունված հայտարարությանը ՝ ԵՀԽ-ն ընդգծում է հայկական քրիստոնեական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը ԼՂ-ում։

«[Արցախում] Հայկական ժառանգությանը նվիրված համաժողովի նպատակն է՝ բարձրացնել իրազեկվածությունը Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտության վերաբերյալ, ներկայացնել այն մարդկանց ներկայիս վիճակը, որոնք ստիպված էին թողնել այդ սրբավայրերը, ինչպես նաեւ ընդգծել միջազգային համայնքի ներգրավվածության կարեւորությունը՝ տարածաշրջանում արդարություն եւ կայուն խաղաղություն ապահովելու հարցում», – ասվում է քրիստոնեական կազմակերպության հաղորդագրության մեջ։

ԵՀԽ-ից ավելացնում են, որ համաժողովին մասնակցելու են մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի փորձագետներ, պատմաբաններ, քաղաքական եւ կրոնական գործիչներ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ լրագրողներ։

Արցախահայությանը նվիրված զուգահեռաբար երկրորդ միջոցառումն է մեկնարկում Բեռնում

Զուգահեռաբար, Բեռնում իր գործունեությունն է սկսում նաեւ Շվեյցարիայի Ազգային Խորհրդի միջկուսակցական հանձնախումբը, որը փորձելու է նպաստել Լեռնային Ղարաբաղ արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը։

Նախաձեռնության առանձին ստեղծված կայքէջում նշվում է՝ հանձնախմբի անդամ պատգամավորները «հանձնառու են Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայկական բնակչության միջեւ հակամարտության կայուն քաղաքական հանգուցալուծմանը»։

«Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնության» շրջանակներում որպես բանախոս հանդես է գալու 1998-2008 թթ․ Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որն այժմ գլխավորում է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031