«Հայաստանում մեծ ակնկալիքներ կան ԵՄ-ից։ ՀՀ-ում հաստատված է ժողովրդավարություն, մենք մեր արտաքին գործընկերներին ենք դիվերսիֆիկացնում, տարբեր մեխանիզմներ ունենք ԵՄ-ի հետ CEPA-ն, այլ ձևաչափեր։ Սա երկկողմ գործընթաց է։ Մենք կարող ենք ունենալ սպասումներ ԵՄ-ից, բայց պետք է հասկանանք նաև՝ կա՞ պատրաստակամություն եվրոպական կողմից։ Պետք է հասկանանք՝ մեր տեսլականները որտեղ են համընկնում և եթե համընկնում են, ինչպես կառուցել մեր համատեղ ապագան»,- «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց՝ Հարավային Կովկասում մարդիկ զգայուն են, հուզական, և եթե այդ գործընթացները տանեն ոչ թե դրական ելքի, գուցե պահը կորցնենք, և չենք էլ կարող ասել, թե երբ հնարավոր կլինի վերսկսել գործընթացը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններին՝ Արարատ Միրզոյանը փաստեց՝ միայնակ խաղաղություն հաստատել չես կարող․ «Մենք մեծ հանձնառություն ենք ստանձնել և ջանք ենք ներդրում մեր ադրբեջանցի գործընկերների հետ երկխոսության համար։ Հարավային Կովկասում չենք կարող խաղաղություն հաստատել սեղանի շուրջ առանց Ադրբեջանի գործընկերների։ Խաղաղությունը պետք է կառուցվի միմյանց տարածքային ամբողջականության հաստատուն ճանաչման հիման վրա, այդ պատճառով էլ առաջ ենք մղում սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Ադրբեջանի հետ մենք ոչ միայն խաղաղության պայմանագրի ստորագրման հարցն ենք քննարկում, այլև հետագա համագործակցությունը»։
Արարատ Միրզոյանի կարծիքով՝ եթե խաղաղության հասնելու այս մոդելն աշխատի Հարավային Կովկասում, ապա կարող է նաև տարածվել Ուկրաինայում, Միջին Արևելքում։
Կարդացեք նաև
Հարցին՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կարո՞ղ է նպաստել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Արարատ Միրզոյանը պատասխանեց՝ այո․ «Բայց նաև ուզում եմ արտահայտել իմ վերաբերմունքն այս հարցով։ Մենք սկսել ենք մեր երկխոսությունը Թուրքիայի հետ՝ մտքում ունենալով, որ այս գործընթացը տեղի պիտի ունենա առանց որևէ նախապայմանի։ Ուզում եմ ասել, որ հայ-թուրքական երկխոսությունն այդքան էլ խնդրահարույց չէ, որքան կարելի է պատկերացնել։ Մենք մի կետի ենք հասել, որ միակ բանը, որը կանգնած է ներկայի և ապագայի միջև, երբ դիվանագիտական հարաբերություններ կարող են հաստատվել երկու երկրների միջև, երբ ի վերջո կարող են սահմանները բացվել, հայ-ադրբեջանական բանակցությունների՝ ոչ ամբողջությամբ ավարտին հասցված կարգավիճակն է։ Եթե մենք հաջողություն ունենանք և բեկում մտցնենք հայ-թուրքական հարաբերություններում, սա կունենա մեծ դրական ազդեցություն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ