Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք քաջալերում ենք ՀՀ-ի կողմնորոշումը դեպի Արևմուտք»․ Հունաստանի խորհրդարանի անդամ

Մայիս 26,2025 20:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք քաջալերում ենք ՀՀ-ի կողմնորոշումը դեպի Արևմուտք»,-«Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ ասաց Հունաստանի խորհրդարանի անդամ Միկարիս Լիվանոսը։

Նա նշեց՝ Հունաստանը պատմական Հայաստանի հետ ունի ընդհանուր արժեքներ և  մարտահրավերներ․ «Լուրջ մարտահրավեր է հայկական վեհ մշակութային ժառանգության պաշտպանությունը Ղարաբաղի տարածքում»։

Նա ներկայացրեց նաև Թուրքիայի հետ երկխոսության իրենց փորձը՝ նշելով, որ այն ուժերին, որոնք կողմնակից են Թուրքիայի հետ երկխոսությանը, Հունաստանում շատերն անվանում են զիջողներ․ «Հակամարտող երկրների մեկուսացումը կարող է հանգեցնել հարաբերությունների սրացման և վատթարացման։ Մեր՝ Թուրքիայի հետ բարդ հարաբերությունների օրինակով կարող եմ ասել դա։ Թեև մեզ զիջող են անվանում, բայց երկխոսությունը քեզ չի դարձնում զիջող, երբ դու գնում ես երկխոսության կոնկրետ նպատակներով և կարմիր գծերը չես անցնում։ Եթե անգամ դու հաջողության չես հասնում, գոնե հասկանում ես, թե մյուս կողմն ինչ է մտածում»։

Ֆինլանդիայի ներկայացուցիչ Վիլհելմ Յունիլլան, ներկայացնելով սկանդինավյան փորձը, նշեց․ «Վերջին տարիներին Հայաստանը ստիպված է եղել դիմակայել բազում դժվարությունների,  ստիպված եք եղել դիմակայուն լինել, քաջություն ունենալ, և մենք հպարտանում ենք այդ կարողությամբ։ Բևեռացված հասարակություններում դիմակայունության ապահովման համար կարևոր է վստահությունը խորհրդարանի նկատմամբ։ Մենք խորհրդարանում ունենք տարբեր կարծիքներ ունեցող բազում ուժեր, շարժումներ։ Խորհրդարանի յոթ կուսակցությունները թեև ունեն տարբեր կարծիքներ, բայց փորձում են ընդհանրություններ գտնել ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեր սահմաններին»։

Իտալիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Միկելե Վալենսիսեն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին, ասաց․ «Մեծապես տպավորված եմ այն ուղերձով, որ մենք լսեցինք ՀՀ վարչապետի կողմից․ դա խաղաղության, քաջության և պրագմատիզմի ուղերձ էր։ Ես տպավորված եմ այն վճռականությամբ, որը ներկայացվեց և որը վերաբերում է ձեր՝ հարևանների հետ հարաբերությունների կառուցման հարցին։ Ձեր առավելություններից է այն, որ դուք կարող եք հենվել արևմտյան գործընկերության վրա, մենք ձեր ջանքերը քաջալերում ենք»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031