Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիարդատեր Ցուկերբերգն իր բակում է հարսանիք արել, հայ գործարարներն ու հնդիկ մագնատները նախընտրում են ճոխությունը

Մայիս 26,2025 22:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մի քանի տասնյակ միլիարդ դոլար կարողություն ունեցող Մարկ Ցուկերբերգի հարսանիքը տեղի է ունեցել անմիջապես իրենց բակի պարտեզում: Նրա հարսնացուն՝ Պրիսցիլա Չանը կրել էր պարզ հարսանեկան զգեստ,իսկ Ցուկերբերգը եղել է սովորական կոստյումով։

Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսը եւս բավարարվել է համեստ հարսանեկան արարողությամբ, ներկա են եղել միայն ընտանիքի անդամները, մտերիմներն ու զույգին պսակող բուդդիստ հոգեւորականը:

Նատալի Փորթմանի եւ Բենջամին Միլպյեի հարսանիքը ժամանակին կայացել է բնության գրկում, սահմանափակ թվով հյուրերի ներկայությամբ, բոլորը եղել են պարզ հագուստներով, ընդունել են բուսական սնունդ…

Համեստ արարողությունների ցանկը կարելի է շարունակել, ճոխ հանդիսություններինը՝ նույնպես: Ինչպես ասում են՝ ճաշակի եւ նախասիրությունների, մենթալիտետի, ինչպես նաեւ կրած արժեքների խնդիր է:

Օրինակ, ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանը 1981թ ամուսնանալիս անգամ հատուկ հարսանեկան պալատ է կառուցել 20 հազար մարդու համար եւ այն ժամանակ ծախսել 300 մլն դոլար:

Հնդիկ միլիարդատեր աշխարհի ամենամեծ մետալուրգիական «Arcelor Mittal» ընկերության համասեփականատեր Լաքշմի Միտալը դստեր հարսանիքի վրա ծախսել է 60 միլիոն դոլար, անգամ վարձակալել է Վերսալի պալատը, հարսանիքի հյուրերի համար էլ ի թիվս այլոց՝ երգել է Քայլի Մինոուգը:

Մեկ այլ հնդիկ միլիարդատեր՝ բիզնես մագնատ Մուկեշ Ամբանին, որդու հարսանիքին ծախսել է 100 միլիոն դոլար, իսկ հյուրերի թվում՝ բացի Բոլիվուդի աստղերից, եղել են Հիլարի Քլինթոնը եւ Բեյոնսեն:

Հայաստանում էլ վերջերս ասելիք է դարձել «Վիվարոյի» սեփականատեր Վիգեն Բադալյանի եղբորորդու՝ Ռոմանի շքեղ հարսանիքը՝ հանրահայտ երգչուհի Նիկոլ Շերզինգերի եւ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հատկապես ինչ-ինչ խոսակցությունների տեղիք է տվել հարսանեկան արարողության՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացնելը։

Հարսանեկան արարողության վերաբերյալ քննարկումների մի մասը վերաբերվել է ընդդիմադիր հայացքներ ու իշխանությունների հասցեին քննադատական գրառումներով հանդես եկող Նազենի Հովհաննիսյանի, արցախցի երգիչ Ռազմիկ Ամյանի, ինչպես նաեւ ըստ որոշ լուրերի՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների ներկայությանը:

Շատերը նեղսրտել են, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ծառայել է որպես հարսանեկան արարողության անցկացման վայր, թեեւ հակառակ կարծիքն էլ էր պտտվում, որ համալիրը սրբավայր չէ, այլ ընդամենը սովորական դահլիճ:

2021թ. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվերի ճոխ հարսանիքը եւս խոսակցությունների տեղիք տվեց, հարսանիքի առիթով նաեւ օրենքով սահմանված գիշերային լռության ժամին կես ժամանոց հրավառություն էր եղել, ինչը, արդարացիորեն, զայրացրել էր շատերին: Քննարկվում էր նաեւ հարսանեկան տորթի մեծությունը, նույնիսկ սեւ հումոր էր պտտվում, թե ահռելի տորթի տասնյակ հարկերի ներքո մի քանի փախստական կարող է ապաստան գտնել, անգամ տորթը հեգնանքով որակվել էր որպես 12 հարկանի հայրենասիրություն: Ծառուկյանը քննադատվեց նաեւ այն բանի համար, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված շատ երիտասարդների մասունքներ դեռեւս չեն գտնվել, բազմաթիվ որդեկորույս մայրեր սգում են իրենց զավակների մահը, բայց ինքն այս ֆոնին հրապարակային շքեղություններ է ցուցադրում, ինչն ասես խնջույք լինի ժանտախտի ժամանակ:

Իհարկե, ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի ցանկացած երկրում, ամեն ոք կարող է տնօրինել իր աշխատած գումարներն, ինչպես ուզում է, միջոցառումներ կազմակերպել իր ճաշակով, նախասիրություններին համահունչ, բայց որեւէ մեկը չի կարող փախչել մի իրականությունից, հատկապես մեր երկրում, որտեղ կա ընդլայնված Եռաբլուր, կորսված Արցախ, աղքատության բարձր աստիճան եւ անվտանգային խնդիրներ ունեցող Հայաստան, որտեղ քննարկվում է գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու մասին օրինագիծ՝ էլ ավելի սրելով սոցիալական անհավասարությունն ու խնդիրների տակ կքած մարդկանց տառապանքն ու չարացածությունը:

Ի դեպ, Կոկո Շանելն ասում էր՝ կան մարդիկ, որոնք փող ունեն եւ կան հարուստ մարդիկ, իսկ Օսկար Ուայլդ ասում էր՝ ոչ մեկն այնքան հարուստ չէ, որ ի վիճակի լինի գնել սեփական անցյալը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031