Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նախկինում պետք է կոռուպցիոն մեխանիզմով այդ գումարը տայի, հիմա օրինական ճանապարհով եմ տալիս. Վիտալի Մանգասարյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին. «Փաստ»

Մայիս 27,2025 09:00

«Վճարիր, քիչ ծառայիր», «պարտադիր ծառայությունը միայն սոցիալապես անապահով խավի տղաների համար է», «քանդում են բանակի հիմքերը»։ Սրանք այն մեկնաբանությունների չնչին մասն են միայն, երբ հասարակությունն արձագանքում է քպական պատգամավորներից մեկի մշակած օրինագծին, որով առաջարկվում է 18 և 24 մլն դրամ վճարել պետական բյուջե և ծառայել համապատասխանաբար 4 և 1 ամիս։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական հարցերի փորձագետ Վիտալի Մանգասարյանն ասում է. «Իմ կարծիքով, սա սարսափելի ու կործանարար մի օրինագիծ է, հատկապես երկարաժամկետ կտրվածքով։ Այս օրինագիծն այն մասին է, որ փաստացի կոռուպցիան օրինականացվում է։ Օրինագիծը հիմնավորողներն ասում են՝ նախկինում այս կամ այն զարտուղի ճանապարհով մարդիկ ազատվում էին բանակից, հիմա դա օրինականացնենք, այդ փողը, որ կոռուպցիոն մեխանիզմներով տալիս էին այս կամ այն պաշտոնյային, մտնի բյուջե։ Ստացվում է, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ չեն կարողանում պայքարել։ Ստացվում է նաև, որ այս կամ այն անձը, որն ապագայում կօգտվի այդ օրինագծից, փաստացի հանցագործության հակում ունեցող մարդ է շատ մեծ հավանականությամբ։ Եթե նախկինում պետք է կոռուպցիոն մեխանիզմով այդ գումարը տայի, հիմա օրինական ճանապարհով եմ տալիս, բայց ստացվում է, որ այդ հակումն ինձ մոտ կար չէ՞, որ ես այդ քայլին դիմում եմ։ Այսինքն՝ ստացվում է, որ այդ օրենքից օգտվողների մեծը մասը պոտենցիալ հանցագործ է։ Մյուս կողմից՝ իրավաբանները նույնիսկ Սահմանադրության հետ կապված խնդիր են տեսնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանգասարյանը։

Մանգասարյանի կարծիքով, նույնիսկ ներիշխանական թիմում «խելքը գլխին» մնացած մարդիկ պետք է դեմ լինեն այս ամենին։ «Հույս ունեմ, որ հասարակական արձագանքն էլ պետք է ստիպի իշխանավորներին, որ կործանարար քայլերի չգնան։ Հերիք է՝ որքան փորձությունների միջով անցել ենք, մի հատ էլ նման մեծ փորձության միջով անցնե՞նք։

Օրինագծի դեպքում հիմնավորումների բացարձակ բացակայություն է, ոչ մի տրամաբանական հիմնավորում չկա։ Նույնիսկ պաշտպանության նախարարը կառավարության նիստի ժամանակ ասում է՝ ամեն տարի քվոտաներ կորոշենք, թե քանի հոգու կտանք այդ արտոնությունը։ Պայմանական 50 քվոտա է, բայց 100 հոգի են դիմում, ի՞նչ մեխանիզմով են ընտրելու այդ 50 հոգուն, արդարությունն ինչպե՞ս են պահպանելու։ Թե՞ նորից՝ ով շուտ գրանցվեց, ով ծանոթ գտավ տարբերակով, այսինքն՝ էլի կոռուպցիոն ռիսկերի տրամաբանությունը կա։

Տպավորություն է, որ իրենք էլ մինչև վերջ չեն պատկերացնում, թե ինչպես է գործելու այդ օրենքը։ Հիմնավորման մեջ նաև ասում են՝ հիմա ընդունեք այն, վաղը-մյուս օրը կհասկանաք, թե ինչ պրոբլեմներ կլինեն, այն ժամանակ կլավարկենք և ինչ որ փոփոխություններ կիրականացնենք։ Այս իմաստով էլ լուրջ խնդիր կա, որովհետև նման ճակատագրական նշանակություն ունեցող օրինագծերն այդքան արագ չեն բերում խորհրդարան և փորձում անցկացնել։

Մյուս կողմից՝ հասարակական սեկտորի ու փորձագիտական դաշտի հետ բացարձակ քննարկում տեղի չի ունենում։ Դաշտում ում ճանաչում եմ, ում հետ շփվում եմ, ոչ մեկ ոչ մի բանի մասին տեղյակ չէ, այս օրինագծի մասին իմացել են մամուլից։ Փորձում ենք զուտ մամուլում եղած տեղեկությունը վերլուծել։

Մի հիմնավորում էլ են ներկայացնում՝ այս օրինագիծն ընդունենք, մեր զորակոչը 20 տոկոսով կավելանա։ Սա մանիպուլյացիա է։ 24 միլիոն դրամ վճարելուց հետո զորակոչիկը 1 ամսով է բանակում լինելու։ Հարց է նաև, թե 1 ամսվա մեջ ի՞նչ կարողություններ է ձեռք բերելու։ Մեկ ամիս հետո պետությունն իրեն ասում է՝ գնա տուն, քո պարտքը կատարեցիր։ Ընդամենը 1 ամսով ենք այդ ավելի ռեսուրսը ներգրավելու, այն լինելու է ընդամենը մի զորամասում։ Իմ կարծիքով, նույնիսկ մտածում են ապագայում առանձին մի զորամաս ստեղծել հատուկ 1-ամսյա ծառայության համար, որպեսզի, այսպես ասած, բանակային միջանձնային խնդիրներ չառաջանան։ Այսինքն, ամեն իմաստով այս օրենքը չափազանց խնդրահարույց է, պետք է ամեն ինչ անել, որպեսզի չկարողանան այն կյանքի կոչել, այն բոլորիս է վերաբերում։ Անկախ քաղաքական հայացքներից, անվտանգությունը բոլորիս վերաբերելիք հարց է, և ամեն ինչ պետք է անենք, որ նման կործանարար օրենքները կյանքի չկոչվեն»,-ասում է ռազմական հարցերի փորձագետը։

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031