Լրահոս
Օրվա լրահոսը

Վեդու ջրամբարը կառուցելու խոստումը չկատարվեց, բայց «Սահակյանշին» ընկերության տույժերը մեղմացան. «Ժողովուրդ»

Մայիս 27,2025 11:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի հեղափոխական իշխանությունը ձախողում է գլոբալ ծրագրերը, որոնց թվում է Արարատի մարզի Վեդու ջրամբարի կառուցումը, որը պետք է դառնա Արարատի մարզի ավելի քան 50 հազար գյուղացիական տնտեսությունների համար սնման աղբյուր, եւ ծրագրի իրականացման 4 տարիների ընթացքում շուրջ 250 նոր աշխատատեղեր պետք է լինեին՝ ամսական 220-250 հազար դրամ միջին աշխատավարձով:

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ 2017 թվականին հայտնել էր, որ «Մեկնարկել է Վեդիի ջրամբարի կառուցման ծրագիրը, որը շուտով հուսալի ոռոգմամբ կապահովի Արարատյան դաշտի շուրջ 7 հազար 500 հեկտար հողատարածք»։

2020 թվականի ապրիլին արդեն Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված ՏԿ նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ շինարարական աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել 2021 թվականի մարտին:

Խոստումը չկատարվեց, բայց ընկերության տույժերը մեղմացան

Իհարկե, 2021 թվականի մարտին Վեդու ջրամբարի շինաշխատանքները չավարտվեցին, բայց ՀՀ Կառավարությունը «Վեդի պատվարի եւ օժանդակ կառուցվածքների նախագծում եւ կառուցում» պայմանագրի շրջանակում 2023 թ. սեպտեմբերի 14-ին որոշեց 1.6 մլրդ դրամի բյուջետային վարկ տրամադրել «Սահակյանշին» ՓԲԸ-ին՝ Վեդու ջրամբարի կառուցումն ավարտելու նպատակով:

Պայմանագրի մեկնարկի ամսաթվից մինչեւ օրս իրականացվել են ընդհանուր աշխատանքների ավելի քան 94 %-ը։ Սակայն պայմանագրի իրականացման ընթացքում ընկերությունում ի հայտ եկան ֆինանսական խնդիրներ՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով, պատերազմական իրավիճակով, շինարարական նյութերի թանկացմամբ, նաեւ եվրոյի փոխարժեքի կտրուկ անկմամբ:

Այս ամենի համար Կառավարությունը ոչ միայն բյուջետային վարկ տրամադրեց «Սահակյանշին» ՓԲԸ-ին, այլեւ տույժ-տուգանքները (ավելի քան 2․9 մլն եվրո) մեղմացնելու որոշում կայացրեց՝ պայմանով, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2023 թվականի դեկտեմբերին։

Վարկ՝ առանց հիմնավորումը եւ արդյունավետությունը ստուգելու

ՀՀ Հաշվեքննիչ պալատը, ուսումնասիրելով ՀՀ ֆինանսների նախարարության 2023թ. գործունեությունը, պարզել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը 1.6 մլրդ դրամ վարկ է տրամադրել «Սահակյանշին» ՓԲ ընկերությանը՝ առանց պահանջվող գումարների հիմնավորման, առանց ընկերության վճարունակության վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացության, առանց վարկի ապահովման միջոցների, առանց ծրագրի իրականացման արդյունավետության հաշվարկի եւ նույնիսկ առանց վարկավորման հայտի ներկայացման։

Հաշվեքննիչ պալատը նաեւ պարզել է, թե որքան անբարեխիղճ է աշխատել «Սահակյանշին» ՓԲԸ-ն, որ վարկային պայմանագիրը կնքելուց հետո՝ մինչեւ տրամադրումն ընկած ժամանակահատվածը, պայմանագրի շրջանակում կատարել է ընդամենը 211 մլն դրամի աշխատանքներ։ Ընդ որում՝ պետական կառույցները չեն օգտվել իրենց իրավունքից՝ ստուգելու եւ վերահսկելու ընկերության ֆինանսական գործունեությունը։

Հավելենք նաեւ, որ Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինաշխատանքներում խոշոր չարաշահումներ հայտնաբերվեցին. 2019-ին ՀՀ ՊԵԿ-ը հայտարարեց, որ «Սահակյանշին»-ը թաքցրել է ավելի քան 1.4 մլրդ դրամ հարկային պարտավորություն, հարուցվել է քրգործ։ Այդ գործի նախաքննությունը մինչեւ օրս շարունակվում է, բայց ինչպես կոռուպցիոն մյուս մեծ սկանդալի՝ ԱՆԻՖ հիմնադրամի դեպքում, գործում որպես մեղադրյալ ներգրավված անձ կամ անձինք չկան»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031