Տնտեսական աճի դանդաղումն, արտահայտվելով ՀՆԱ-ի ցուցանիշներում, փաստում է, որ դրա հիմնական շարժիչ ուժերը եղել են կարճաժամկետ՝ ոչ այնքան արդյունաբերական կամ տեխնոլոգիական հիմնավոր վերափոխումների արդյունք, որքան արտաքին շուկայից և դրամական հոսքերից կախվածության հետևանք։ 2025 թվականի առաջին եռամսյակի տվյալները ցույց են տալիս տնտեսական ակտիվության ցուցանիշի մոտ 4,1% աճ՝ զգալիորեն՝ 3,5 անգամ զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներին։ Սակայն նույնիսկ այսպիսի ցուցանիշը կարող էր որոշակի կայունության նշան ապահովել, եթե զուգահեռաբար տեղի ունենային կառուցվածքային բարեփոխումներ, արտադրողականության բարձրացում և արտահանման դիվերսիֆիկացում։ Դժբախտաբար, տվյալ դեպքում դանդաղումը անմիջականորեն ուղեկցվում է տնտեսական միջավայրի բարդացմամբ։
Առևտրաշրջանառության աճի տեմպերի նվազումը նույնպես տնտեսական միջավայրի վատթարացման ուղիղ հետևանք է։ Մասնավորապես, 2025 թվականի առաջին ամիսներին նկատվել է ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման դինամիկայի էական դանդաղում, ինչը պայմանավորված է ինչպես արտասահմանյան պահանջարկի անկմամբ (մասնավորապես՝ Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների շուկաներում տնտեսական անկայունությամբ), այնպես էլ ներհայաստանյան արտադրական ներուժի սահմանափակմամբ։ Վերջինիս պատճառը ոչ միայն նյութական կամ տեխնոլոգիական ռեսուրսների սղությունն է, այլև կառավարչական անարդյունավետությունը։ Արտահանման դիվերսիֆիկացիան դեռ մնում է որպես հռչակված նպատակ, բայց ոչ իրականացված ռազմավարություն։ Եվ սա համադրվում է մի այլ մտահոգիչ հանգամանքի հետ՝ արժևորվող դրամի պայմաններում Հայաստանի արտահանումն ավելի անմրցունակ է դառնում՝ միջազգային շուկաներում գնային մրցունակության խորացման պատճառով։
Չնայած կայունացման որոշ միտումներին, գնաճը ևս շարունակում է մնալ մտահոգիչ խնդիր։
Պետական ծախսերի արդյունավետության խնդիրը ոչ պակաս էական նշանակություն ունի՝ կապված երկրում սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու հետ։ Բայց բյուջեի թերակատարումը շարունակում է մնալ կառավարության համակարգային խնդիրներից մեկը։
Այս տարվա առաջին ամիսներին, չնայած այն հանգամանքին, որ բյուջեի եկամուտների ապահովման գծով աճ է գրանցվել, սակայն դրա հետ մեկտեղ բյուջեում կուտակվել են ազատ միջոցներ, իսկ կարևորագույն ծրագրերի գծով ծախսերն այդպես էլ թերակատարվել են։ Այնինչ, այդ ազատ միջոցների հաշվին տարբեր ծրագրերի լիարժեք իրականացմամբ կարելի էր հավելյալ արդյունք ապահովել։
Խիստ կարևոր է դիտարկել նաև այն հանգամանքը, թե ինչպես են ծախսվում պետական միջոցները, քանի որ միայն միջոցների հատկացումը բավարար չէ, անհրաժեշտ է արդյունավետության բարձր գործակից ապահովել։ Այս տեսանկյունից խնդրահարույց է, որ հաճախ պետական ֆինանսավորմամբ իրականացվող միջոցառումները չունեն որևէ չափելի տնտեսական արդյունք։ Շատ հաճախ դրանք իրականացվում են, բայց արդյունավետություն չեն ապահովում։ Իսկ որոշ դեպքերում հիմնական շեշտադրումը կատարվում է կարճաժամկետ սոցիալական էֆեկտի կամ քաղաքական ազդեցության վրա, փոխարենը երկարաժամկետ ներդրումները՝ հատկապես կրթության, գիտության, ինովացիոն արդյունաբերության ոլորտներում, մնում են երկրորդական։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։