Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականի պարտականությունը իր կոչումով վաստակած գերագույն իրավունքն է

Մայիս 27,2025 12:00

Արդեն 20-րդ դարի երկրորդ կեսի քաղաքական «խանդավառությունը»՝ իրավունքը պարտականությունից վեր դասելու հաղթանակի առթիվ պետք է զգուշացման «դեղին լույսի» ազդանշան լիներ ողջ քաղաքակրթության համար։

Ցավալիորեն անտեսվեց ոչ միայն իրավունքի եւ պետության տեսաբանների, հասարակագետների, այլեւ աններելիորեն, նույնիսկ մշակութաբանների եւ գրողների, պարզապես՝ մտավորականների խոսքը։

Մինչդեռ, որքան պարզ, նույնքան կատարյալ եւ ապացույց չպահանջող պնդում էր թեւածում բարոյականի եւ օրենքի խաչվող ծիրում:

Պարտականությունը իրավունքից վեր /հասկացություն/ կատեգորիա է։ Այո, ոչ միայն ինչ-որ չափվող քանակի մեծության իմաստով, այլ որակական առումով։ Քանզի, եթե նույնիսկ օրենքով մարդուն տրված է «լռելու իրավունք», ապա բարոյական անքննելի-անվերծանելի շատ բարձր պարտականությամբ այդ նույն մարդու միտքն ու հոգին ընդվզում են. «ինչպես հետո ապրեմ, երբ պետք էր խոսել»։

Որպես հայ կուզեի հավատալ, որ չբանաձեւվող եւ թվացյալ փակուղու այս իրավիճակը լրջագույնս ձեւակերպվել է մեր պոետի շուրթերով. «Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում…»։ Այդ մարդու մասին է ասված. «Մարդ. ինչ գեղեցիկ է հնչում»։ Այդ մարդն է, որ մինչեւ մահ չի ծնկում անարդարության դեմ։ Այդ մարդն է Տիեզերքի առանցքը, եւ նրա շուրջն է պտտվում ամեն ինչ։ Բայց հարցրեք իրեն այս ամենի մասին՝ ինքնագովության փոխարեն մեկ հատիկ «ինքնարդարացում» թերեւս գտնի. «դա իմ պարտականությունն է»։

Բոլոր կայսրությունները կործանվել, ի սկզբանե բարի գործի թրթիռով պետության ղեկ ստանձնած բոլոր «երդվյալ բարենորոգիչ» նախագահները կտրել են իրենց ցավի «անտեսանելի ճյուղը»՝ հենց այս թեզը դավանանք դարձրած մարդուն հեռու պահելով իրենցից։ Ամեն վեհի ու կատարյալի հանդեպ անհավատը միմիայն այդ որակին համապատասխանող անբարոյականությամբ թերեւս վիրավորեր մեր ունկը, բայց մենք լռեցնենք նրան եւ հարցնենք միայն բարեկիրթ պատշաճությամբ.

-Ո՞վ ես դու մարդ արարած, մի՞թե Քրիստոս։

Անպատասխան թողնենք մի պահ այս բնույթի հռետորական թվացող հարցը եւ իջնենք շատ ավելի պրագմատիկ հարցի հարթություն. ինչու եւ ինչպես ենք ոտք գցում կայսրությունների եւ մեծ պետությունների հետ։ Այստեղ թերեւս բավարարվենք մեծ եւ փոքր լճերի ֆենոմենի հետ բարձրացված խնդրի որոշակի նմանությամբ։ Հակառակն այն բանի, որ փոքր լճերը վտանգված են ճահճացման, մեծ լճերը ունեն ինքնամաքրման ներքին աղբյուրներ։ Անվանենք դրանց սանիտարներ՝ անկախ բնույթից եւ փորձենք մոտենալ հասարակական բնույթի համանման երեւույթին՝ բացահայտելու ինքնամաքրվող հասարակության սանիտարին։ Մինչ այդ նկատենք, որ հասարակությունը դեպի ճահճացում տանող հիմնական հիվանդությունը ոչ այնքան ժողովրդավարության կամ իրավունքի, որքան բարոյականության դեֆիցիտի արդյունք են։ Ոչ ոք եւ ոչ մի սարք չի կարող ճշգրտորեն չափել երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների այն պակասը, որ հանգեցնում է զանգվածների բողոքին կամ ընդվզմանը։

Ամենաժողովրդավարական եւ մարդու իրավունքների պաշտպան երկրում ամեն րոպե դրսեւորվում են դրանց թե խախտումներ, թե ոտնահարումներ, սակայն, այդ ամենն ի վերջո ներվում են (երբեմն նույնիսկ մարդկային կյանքի գնով)՝ հասարակությունը վերադարձնելով բնական կյանքի։ Այլ է իրավիճակը, երբ հասարակության մեջ սկսում է բույն դնել կասկածը երկրում ժողովրդավարության եւ հիմնական ազատությունների հանդեպ վերաբերմունքի հարցում։ Սա արդեն բարոյական ճգնաժամի ահազանգ է, որի կոչնակը սովորաբար լինում է երկրի իսկական, բառի բուն իմաստով Քաղաքացին։ Ով ով, բայց մտավորականը նախեւառաջ այն Քաղաքացին է, ում պայքարը հանուն երկրի ժողովրդավարության օրինականության, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների անփոխարինելի դեղատոմսն է պետության եւ հասարակության իմունային համակարգի որեւէ դեֆիցիտի դեմ։

Այսու՝ մտավորականը ոչ միայն ունի իրավունք (ինչպես ամեն քաղաքացի), ավելին՝ պարտավոր է իր մասնագիտական գործունեությանը զուգահեռ անաչառ եւ արդարամիտ, աներկբա եւ ազնվորեն պայքարել հանուն

-արդարության դեֆիցիտի վերացման

-պետության կայունության եւ հասարակության բարօրության

-պետական խորհրդանիշների պատշաճ հարգման

-պետական լեզվի եւ ազգային մշակույթի անաղարտության եւ զարգացման

-ազգային ավանդույթների պաշտպանության, պահպանման շարունակականության

-ազգային հոգեկերտվածքի եւ ինքնության անաղարտության

-հայի տեսակի լավագույն գծերի զարգացման

-սերունդների կրթման եւ հայեցի դաստիարակության:

Հարց. արդյոք սիրով է մտավորականը ստանձնում իր պրոֆեսիոնալ պարտականությունների ոլորտից դուրս գտնվող այս քաղաքացիական պարտականությունը։ Ցավոք, հենց ցուցամոլությունն է այդ ասպարեզ մղում միջակ կեղծ մտավորականին։ Եվ որքան նման անձը վտանգավոր է իր ծանծաղ, ավելին՝ ոչ ազգային գաղափարներով, առավել վտանգավոր է նա իր մարտնչող ուղղագիծ մտածողությամբ, միով բանիվ՝ մտավոր, հոգեւոր անբարոյականությամբ։

Իսկ հնարավոր չէ՞, արդյոք, կեղծ մորթու տակ ներկայանալ որպես բարեպաշտ եւ օրինապաշտ մտավորական։ Իհարկե՝ ոչ։ Հայտնի է, որ կարելի է ձեւանալ ամեն ինչ, բայց ոչ մտավորական։ Իսկ կեղծ մտավորականը իրեն ինքն է մատնում՝ պայքարի բոլոր ձեւերը համարելով ընդունելի։ Ահա հենց սա էլ բացահայտում է կեղծ մտավորականին՝ որպես խորամանկ աճպարարի։

Արդ պետք է զգուշանալ կեղծ մտավորականի ինքնագործունեությունից, քանզի այն միտված է անձնական շահերին։ Միմիայն։

Եթե անհապաղ չձերբազատվենք կոնյունկտուրային մտավորականությունից, ապա շատ շուտով ստիպված կլինենք բնականոն համարել նաեւ հայ-տեսակի ուծացումը եւ ազգային ինքնության կորուստը։

Այսպիսով՝ երկրի սահմանները կարելի է վստահել միայն քաջերին, իսկ ոգու եւ բարոյականության սահմանները՝ միմիայն մտավորականին։

Արա ԱՎԵՏԻՍՅԱՆ

գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Հոդվածը տպագրության են ներկայացրել հեղինակի գործընկերները, այս հետգրությամբ. «Մեր խորին խոնարհումը հիրավի մտավորական Արա Ավետիսյանի հիշատակին, որն այսօր /27.05/ կդառնար 75 տարեկան»։

«Առավոտ» օրաթերթ
27.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031