Լրահոս
Օրվա լրահոսը

«Հազար ողորմի, Մեծ վեհափառ Խրիմյան Հայրիկ, որ նման երգ ես գրել ու փոխանցել քո անվանակցին՝ Հայրիկ Մուրադյանին»

Մայիս 27,2025 12:23

Մեր ժողովրդի կողմից սիրված ու ճանաչում ստացած «Ակունք» ազգագրական համույթը ստեղծվել է 1974 թ․ Հրաչյա Աճառյանի անվ․ լեզվի ինստիտուտում։ Հայ երգի գիտակ, պատմաբան, ազգագրագետ, բանահավաք, անզուգական երգիչ, հայ մշակույթի երախտավոր Հայրիկ Մուրադյանն իր դստեր՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, բանահավաք Մարո Մուրադյանի հետ այդ ժամանակ, չնայած մեծ դժվարություններին, հիմնել է «Ակունք» համույթը, որ իրենից հետո շարունակեն երգերը երգել և փոխանցեն սերունդներին։

Սկզբնական շրջանում «Ակունք»-ում ընդգրկված էին Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր վայրերից 1915 թվականին տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության առաջին կամ երկրորդ սերունդը ներկայացնող մոտ 30 հոգի։ 1977 թ․ նոյեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանում կայացել է խմբի առաջին պաշտոնական ելույթը։

Իսկ 2025թ․ մայիսի 26-ին տեղի ունեցած համերգն Առնո Բաբաջանյան համերգասրահում 51-ամյա համույթի՝ ո՞վ գիտի, որ հարյուրերորդն էր։ Կեսդարյա պատմության ընթացքում հայրենիքում ու արտերկրում շատ համերգներ է տվել «Ակունք»-ը, ու միշտ արժանացել հանդիսատեսի սիրուն։

1981-ին «Ակունք»-ը պաշտոնապես գրանցվել է որպես Ազգային ռադիոյի և հեռուստատեսության պետական համույթ։ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում 2007 թ․ «Ակունք»-ը ճանաչվել է «Տարվա լավագույն ազգագրական համույթ»։ 2016 թ․ համույթը ստացել է պետական կարգավիճակ, և շուտով գեղարվեստական ղեկավարն է դարձել կոմպոզիտոր, կոմիտասագետ, խազագետ, մշակութաբան Արթուր Շահնազարյանը։ 2023-ին «Ակունք»-ը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում։ Համույթը համերգներով հանդես է եկել նաև Արցախում, հատկապես ՊԲ զորամասերում։

«Ակունք»-ում այժմ գործում են ավագ, միջին և երիտասարդ սերնդի շուրջ երկու տասնյակ երգիչ-երգչուհիներ՝ շարունակելով Հայրիկ և Մարո Մուրադյանների ավանդը։

Արթուր Շահնազարյան

Մայիսի 26-ի համերգը սկսվեց համույթի ղեկավարի ողջույնի խոսքով։ Դիմելով հանդիսատեսին՝ Ա․ Շահնազարյանը ներկայացրեց համույթի անցած ուղին, ապա՝ համերգային ծրագիրը։ «Բարի լուսո աստղ էրևաց» աշխատանքային երգով սկսվեց համերգը։ Հազար ողորմի, Մեծ վեհափառ Խրիմյան Հայրիկ, որ նման երգ ես գրել ու փոխանցել քո անվանակցին Հայրիկ Մուրադյանին, ով բազում անգամ է հնչեցրել իր անզուգական ձայնով։ Նման երգ երևի քիչ ազգեր կունենան։

Բարի լուսո աստղ էրևաց,
Աղոթարան դռներն ի բաց,
Բարով բացվեր լուս աղոթրան,
Սարված լծեմ, էրթամ գութան։

Համերգը շարունակվեց, ու հնչեցին երգեր՝ ներկայացնելով ազգային հարսանիքներ, տարբեր տոներ։ Շատ էին աշխատանքային երգերը սանդի, խնոցու, իլիկ մանելու, ճախարակի, հացի արարման բոլոր փուլերի և այլնի մասին։ Հայ ազգային երգերում, բնական է՝ անպակաս են օրորոցայինները, կատակերգերը, սիրերգերը, պարերգերը, քնարական ու մանկական երգերը։

Երգերին զուգահեռ՝ ակունքցիները հանդիսատեսին գերում են նաև իրենց պարերով։ Չնայած իր տարիքին, դարձյալ սիրով ու նվիրումով էր հանդես գալիս համույթի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը։

Ս․ Բաղդասարյանի հետ ծանոթացա Քաշաթաղում, համույթի անձնակազմի հետ մոտիկից շփվեցի, և այդ օրվանից առավել սիրելի դարձավ ազգագրական այս խումբը։ 2013թ․ հոկտեմբերին՝ Ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ Երևանից մշակութային խմբեր էին եկել Արցախ։ Այն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի կազմակերպմամբ «Ակունքը»-ը, ճանաչված երգիչներ Դավիթ Ամալյանի և արդեն երջանկահիշատակ Մկրտիչ Մկրտչյանի՝ Մկոյի հետ, Մարտակերտում համերգային իրենց նվերն են մատուցել շրջանի ուսուցիչներին։

Երևան վերադառնալիս «Ակունք»-ը, Սարգիս Ալավերդյանի ղեկավարությամբ, հատուկ առաքելությամբ կանգ առավ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում. պետք է համերգով հանդես գար շրջանի Աղավնատուն համայնքի Խաչգետիկ գյուղում, որտեղ էր դպրոցը, որն սպասարկում էր նշված և Հարար գյուղերի աշակերտներին։ Այդ ժամանակ Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն էի։ Չնայած եղանակային վատ պայմաններին, գյուղի՝ Բերձորից մոտ 50 կմ հեռավորությանը՝ կայացավ համերգը։

Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ արդեն երջանկահիշատակ Արտուշ Մխիթարյանի հետ ամենագնաց մեքենաներով խմբին ուղեկցեցինք Աղավնատուն։ Ճանապարհին «Ակունք»-ի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը պատմեց խմբի անցած ճանապարհի մասին, անհանգիստ էր՝ ցանկանում էր համերգի սկսելուց առաջ ծանոթանալ գյուղական դահլիճի պայմաններին։ Վստահեցրեցինք՝ լավ է լինելու։

Համերգը կայացավ գյուղի դպրոցի ոչ մեծ չափերով միջանցքում։ Մոտ 100 հանդիսատես էր ներկա՝ Աղավնատուն, Խաչգետիկ և Հարար գյուղերի ողջ բնակչությունը։ Սկզբում «դահլիճ»-ը փոքր թվաց, և այդպես էլ կար։ Բայց կայացավ համերգը՝ նման համույթներին կարոտ հանդիսատեսի ներկայությամբ։ Շատ պարեր միասին էին կատարվում, երգերը՝ նույնպես։

Համերգից հետո Ս․ Բաղդասարյանն ասաց՝ սա իրենց համար մշտապես հիշվող հանդիպում էր հանդիսատեսի հետ։ Համերգ նման միջավայրում չէին ունեցել։

Առնո Բաբաջանյան համերգասրահում, ավանդույթի համաձայն, համերգն ավարտվեց հիմնականում ռազմահայրենասիրական երգ ու պարերով։ Այս թեմայով հնչեցին «Հայ ֆիդայիններ․․․», «Քեռու երգը», «Գինի լի՛ց․․․» և այլ երգեր, կատարվեցին «Յարխուշտա» և այլ պարեր։ Կրկին հիշեցի այդ երանելի օրը, ու տխրեցի՝ այսօր հայաթափ է ողջ Արցախը, իսկ «Ակունքը» դարձյալ հնչեցրեց Գուսան Հայկազունու «Հայե՛ր, միացե՛ք․․․» երգը, որում կոչ է՝ օգնության հասնել կանչող Արցախին։

Հայե՜ր միացե՛ք, միացե՛ք Հայեր,
Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք,
Դեռ ճամբա ունինք, պի՛տ հասնինք Սասուն,
Քաջերի հողը մեզ է սպասում։

Ուս ուսի տված առյուծի նման,
Ետ բերենք հողն ու փառքը Հայության։

Հանդիսատեսը ոտքի վրա ունկնդրեց երգը, ոգևորվեց։ Ա․ Շահնազարյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ հավաստելով՝ «Ակունք»-ը դեռ շատ է ոգևորելու։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031