Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանական ցեմենտի գնանկման հետեւանքով տեղական ցեմենտը դարձել է ոչ մրցունակ. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ցեմենտի արտադրությունը պաշտպանելուն ուղղված օրենքի նախագիծը

Մայիս 27,2025 12:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովը մայիսի 27-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագիծը՝ տեղեկացնելով, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով» նախագծին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, որի համար խորհրդարանը պետք է քվեարկի: Այն նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար խորհրդարանը քվեարկել է:

Չստանալով բավարար թվով ձայներ՝ հայտարարության նախագիծը չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգում: Նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը հաստատելուց հետո օրենսդիր մարմինն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է իրականացնել հատուկ ընթացակարգով. նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի տեղեկացմամբ նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ցեմենտի ներքին շուկան եւ տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաեւ ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախագիծը, մասնավորապես, վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունից ցեմենտի ներմուծմանը, որտեղ էներգակիրները բավականին էժան են: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին ժամանակներում նկատվում է իրանական ցեմենտի գնանկում, ինչի հետեւանքով տեղական ցեմենտը գնային առումով դարձել է ոչ մրցունակ, եւ ստեղծվել են անհավասար մրցակցային պայմաններ տեղական ցեմենտի եւ ներմուծվողի միջեւ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի)՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչեւ հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքի չափը սահմանել բազային տուրքի 800-ապատիկի չափով՝ գործող 200-ապատիկի փոխարեն:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031