ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ԻԻՀ «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված շարունակական ու արդյունավետ համագործակցությունը և երկկողմ բարեկամական կապերի ամրապնդումը։
Ընդգծելով, որ Հայաստանի և Իրանի միջև կրթամշակութային հարաբերությունները ներկայում դինամիկ զարգացման փուլում են՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Արևելագիտության ինստիտուտի գործունեությունը՝ նշելով, որ ինստիտուտը Հայաստանում իրանագիտության հետազոտական կենտրոններից է, որտեղ իրականացվում են թե՛ լեզվաբանական, թե՛ պատմամշակութային ուսումնասիրություններ։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում իրանագիտության զարգացմանն ուղղված ծրագրերը։
Նախարարը բարձր է գնահատել Իրանի դեսպանության ջանքերը Հայաստանում պարսկերենի ուսուցման խթանման ուղղությամբ՝ նշելով, որ իրականացվում են փոխադարձ ճանաչողությունն ու համագործակցությունը խթանող մի շարք ծրագրեր։
Կարդացեք նաև
«Համատեղ գիտաժողովները, հետազոտողների փոխայցելությունները և համագործակցային ծրագրերը մեծապես կխթանեն Հայաստանում իրանագիտության զարգացումը, որն արդեն իսկ ամուր հիմքեր ունի»,- նշել է նախարարը։
Նա կարևորել է նաև իրանական գրականության թարգմանության ու հրատարակության խթանումը, ինչպես նաև հայկական գրականության տարածումը Իրանում՝ որպես երկկողմ մշակութային երկխոսության բաղադրիչ։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կարող է հարթակ հանդիսանալ Հայաստանի և Իրանի հրատարակիչների ու գրողների համագործակցության համար։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է փոխադարձ այցելությունների կազմակերպումը՝ միտված համագործակցության խորացմանն ու ոլորտային նախաձեռնությունների իրականացմանը։
Նշվել է, որ իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանում իրանագիտության զարգացմամբ։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի բուհերում սովորող իրանցի ուսանողների ուսումնառությանը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերին, բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացմանը։
Կողմերը քննարկել են նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի դասավանդման հարցը՝ կարևորելով է այս ուղղությամբ համագործակցությունը։
Իրանի «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների նշանակությունը։ Նա առանձնակի կարևորել է Իրանում հայկական համայնքի դերակատարումը տարբեր ոլորտներում և ընդգծել Հայաստանում իրանագիտության ոլորտի զարգացման ներուժը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ