Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։
Ողջունելով հյուրին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Ուրախ եմ այս հնարավորության համար։ Շուրջ 20 տարի է, ինչ նման մակարդակով երկկողմ փոխայցելություն չի եղել, և այդ առումով Ձեր այցն առանձնահատուկ նշանակություն ունի։ Հայաստանը սերտ համագործակցություն ունի Եվրոպական միության հետ, և այդ համագործակցության շրջանակում բարձր ենք գնահատում Սլովակիայի մասնակցությունը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն շարունակական աջակցության համար, որ ցուցաբերվում է Սլովակիայի կողմից։ Սա վերաբերում է ինչպես ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը Հայաստանում, այնպես էլ բոլոր այն նախաձեռնություններին, որոնց շուրջ համագործակցում ենք ԵՄ-ի հետ։ Սլովակիայի աջակցությունը մշտապես զգալի է, և վստահ եմ, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի մեր գործընկերությանը»։
Սլովակիայի վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Մենք բարձր ենք գնահատում Ձեր ջերմ հյուրընկալությունը։ Վստահ ենք, որ այս այցը Ձեր գեղեցիկ երկիր կլինի հաջողված, և ցանկանում ենք ևս մեկ անգամ հայտնել մեր երախտագիտությունն այդ հնարավորության համար»։
Սլովակիայի վարչապետը Հանրապետության նախագահին է ներկայացրել նախօրեին ՀՀ վարչապետի հետ ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքները՝ առանձնացնելով համագործակցության ընդլայնման և երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Կարդացեք նաև
Հանրապետության նախագահն իր խոսքում կարևորել է բարձրաստիճան փոխայցելություններն ու շփումները՝ շեշտելով, որ նման ձևաչափով այցելությունները ոչ միայն ամրապնդում են երկու պետությունների միջև գործընկերությունը, այլև նպաստում են գործակցության ընդլայնմանը տարբեր մակարդակներում, մասնավորապես՝ գործարար շրջանակների միջև։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, ռազմական, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Բրատիսլավա-Երևան ուղիղ ավիաթռիչքների հնարավորության վերաբերյալ՝ այն դիտարկելով որպես երկկողմ կապերի խորացմանը ծառայող գործիք։
Զրույցի ընթացքում Սլովակիայի վարչապետը և Հայաստանի նախագահն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին և առկա իրավիճակին։ Այս համատեքստում Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ հասնելու կայուն և հարատև խաղաղության։ Նա նշել է, որ այդ նպատակի իրագործմանը միտված է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Սլովակիայի վարչապետն, իր հերթին, ընդգծել է, որ Սլովակիան լիովին աջակցում է Հայաստանի ջանքերին՝ ուղղված խաղաղության հաստատմանը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ