«Անուղղակիորեն, ըստ էության, դա էլ ասաց դատախազության ներկայացուցիչը, որովհետեւ դատավարական առումով ինքն անկախ է եւ ցանկացած դատավարական գործողություն, որը ինքը ճիշտ է համարում, կարող է անել։ Բայց եթե ինքը բացահայտ հայտարարում է, որ պետք է քննարկվեն, զեկուցվեն գլխավոր դատախազին եւ ընդհանուր որոշում կայացվի, թե ինչպե՞ս ենք շարժվում առաջ, նշանակում է, որ բոլոր գործերով դատախազության հետագա քայլերը կախված են ինչ-որ մեկ կենտրոնի որոշումից»,- հակակոռուպցիոն դատարանի մոտ Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի շահերի պաշտպան Վահագն Դալլաքյանը՝ պատասխանելով հարցին՝ տպավորություն չունե՞ք, որ դատախազությունը քաղաքական որոշման է սպասում։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր պետք է կայանար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին եւ նրա ընտանիքի անդամներին վերաբերվող ենթադրյալ ապօրինի գույքի գործով հերթական նիստը։ Նիստը հետաձգվեց՝ դատախազի միջնորդությամբ, քանի որ գլխավոր դատախազությունում, ՍԴ-ի հրապարակած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի օրենքի սահմանադրականության հարցով որոշման համատեքստում առանձին քննարկումներ են սկսվել՝ յուրաքանչյուր գործի մասով։
Վահագն Դալլաքյանը հավելեց՝ արագացված դատավարության իրենց պահանջը զուտ քմահաճույք կամ իրավական գործընթաց չէ․ որքան դատաքննությունը ձգձգվում է, Ռուբեն Հայրապետյանին եւ նրա ընտանիքին պատկանող գույքերը շարունակում են մնալ կալանքի տակ, կալանքի տակ են նաեւ շրջանառու միջոցները, ուստի ձգձգումները մեծացնում են գործարարին տրվող վնասը։
Հետաքրքրվեցինք նաեւ՝ հնարավո՞ր է Ռուբեն Հայրապետյանը դատախազության դեմ հակընդդեմ հայց ներկայացնի՝ վնասի փոխհատուցման պահանջով։
Կարդացեք նաև
Վահագն Դալլաքյանը չբացառեց՝ ասելով, որ եթե հայցից հրաժարում չկիրառվի, արագացված դատավարություն չիրականացվի, պաշտպանական կողմը կքննարկի առանձին միջնորդությամբ դատարանին դիմելու հարցը՝ հայցի ապահովումը վերացնելու համար։ Եթե սա էլ չբավարարվի, հետագայում՝ ոչ իրավաչափ հայցի ապահովման հիմքով, կքննարկեն պատճառված վնասները պահանջելու հարցը։ Այդ վնասները ՀՀ պետբյուջեից են վճարվելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռուբեն Հայրապետյանի պաշտպանական թիմի անդամ Ամրամ Մակինյանն էլ հավելեց, որ որոշումները կայացվում են ոչ այս գործով դատախազության լիազոր ներկայացուցչի, անգամ ոչ էլ գլխավոր դատախազի մակարդակում, այլ ավելի բարձր մակարդակներում ու հավանաբար դեռ չեն հասցրել այդ մակարդակներից այս գործի հետագա ճակատագրի մասին ցուցում ստանալ։
Ամրամ Մակինյանի դիտարկմամբ՝ հայցից հրաժարումը լավագույն լուծումը կլինի բոլոր կողմերի համար, այլապես վնասների փոխհատուցումը ծանրանալու է ՀՀ պետբյուջեի վրա, դրանից տուժելու է ՀՀ քաղաքացին․ «Մենք այդպիսի նպատակներ չենք հետապնդում։ Ընդհակառակը, մենք բացատրում ենք՝ մի խանգարեք մարդկանց՝ օրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելուն եւ ձեր քաղաքական նպատակներին հասնելու համար այս ուղին մի ընտրեք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ