Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինված ուժերում կոռուպցիոն դրսեւորումների խնդիրն իշխանությունը տապալել է եւ հիմա արատավոր բարքերը փորձում են չակերտավոր լուծել դրանց օրինականացմամբ»

Մայիս 27,2025 17:10

Այն իշխանությունը, որը պատկերացում չունի բանակի հիմնադրման առանձնահատկություններին, դրա ինստիտուցիոնալ զարգացմանն ու անցած փուլերին, պարզապես չի կարող առաջադրել լուծումներ, որոնք մեզ կտանեն որակական առաջընթացի, տեխնոլոգիական զարգացման կամ գաղափարական առաջնահերթությունների ճանապարհով: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Զինված ուժերում համալրման, մասնագիտական պատրաստության եւ բարոյահոգեբանական խնդիրների համատեքստում որպես լուծում գումարային փոխհատուցմամբ ծառայության կրճատում սահմանելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից: Սոցիալական բեւեռացումից մինչեւ արդարության կոպտագույն խախտումները, որոնք արտահայտվում են իշխանության առաջ քաշած նախաձեռնությամբ, գալիս են լրացնելու առանց այդ էլ ներհասարակական կյանքում տեղ գտած սեւերի ու սպիտակների, ունեւորների ու չունեւորների բազմաթիվ հակադրությունները: Այն կառավարությունը, որի համար հերոսը հարկ վճարողն է, այլ ոչ թե հայրենիքի պաշտպանության համար զինվորագրված մարդը, արդեն իսկ ջախջախել է զինված ուժերի գաղափարական ողնաշարը: Բոլոր ժամանակներում էլ ֆինանսները, սոցիալական երաշխիքները եղել են կարևոր գործոն՝ բանակի արդիականացման և մարտական խնդիրների արդյունավետ լուծման տեսանկյունից, սակայն բերել խառնել ու բանակում առկա հիմնարար խնդիրները դիտարկել բացառապես սոցիալական տեսանկյունից, պարզապես վերջնական փակուղի գնացող ճանապարհ է»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ բանակը փորձադաշտ չէ, որտեղ կարելի է այս կամ այն քմահաճույքը կամ ցանկությունը փորձարկել, այստեղ կան սկզբունքներ, որոնք անխախտելի են։ Հատկապես որ մեր շուրջ ռազմաքաղաքական իրադրությունն էականորեն չի փոփոխվել, եւ այս փոփոխությունը մեզ առավել խոցելի է դարձնելու:

«Պարտադիր ժամկետային ծառայության հարցում իշխանության մոտեցումը մեկ այլ բան ակնհայտ դարձրեց: Զինված ուժերում կոռուպցիոն դրսեւորումների, առկա սողանցքների հաղթահարման կամ դրանց նվազագույնին հասցնելու խնդիրն իշխանությունը տապալել է եւ հիմա ծաղկող արատավոր բարքերը փորձում են չակերտավոր լուծել դրանց օրինականացմամբ եւ կոնֆլիկտը ներհասարակական դաշտ մղելով»,- հավելեց նա:

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031