Լրահոս
Օրվա լրահոսը

«Այժմ մենք ունենք բացառիկ հնարավորություն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում․ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը ստիպված չեն գնալ զիջումների»․ Ռուբինյան

Մայիս 27,2025 17:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք ունենք պատմական հնարավորություն, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը ստիպված չեն գնալ զիջումների։ Մենք ունենք ստատուս քվո, ունենք խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստ, բանակցությունները վերջնականացված են և ունենք պատմական հնարավորություն ստորագրելու այս համաձայնագիրը և ապաշրջափակելու բոլոր հաղորդակցության ուղիները Հարավային Կովկասում»,- «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ըստ նրա՝ սա կփոխի ամբողջ անվտանգային ճարտարապետությունը տարածաշրջանում․ «Իհարկե, այս ամենն իրականացնելը դժվար է, քանի որ մեր պոտենցիալ գործընկերներն այնքան կառուցողական չեն, որքան մենք ցանկանում ենք նրանց տեսնել»։

Հարցին՝ ինչպե՞ս է Հայաստանը Ռուսաստանի հետ երկարամյա կապերը համատեղելու եվրոպական հետագծի հետ, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Նախ պետք է նայել ժամանակակից անկախ Հայաստանի պատմությանը և այն անվտանգային ճարտարապետությանը, որը կա Հայաստանի շուրջ։ Ավելի քան 3 տասնամյակ ՀՀ-ի անվտանգությունը կախված է եղել մեկ աղբյուրից՝ Ռուսաստանից և Ռուսաստանի հետ փոխկապակցված անվտանգային կազմակերպություններից։ Նախկին կառավարությունը, ինչպես նաև մինչև 2020-ի պատերազմը մեր կառավարությունը կարծում էր, որ սա բավական է երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը։ Բայց պարզ դարձավ, որ միայն մեկ աղբյուրից կախվածությունը և միայն մեկ աղբյուրի՝ անվտանգային երաշխավորությունը չի աշխատում, քանի որ երբ ժամանակը գալիս է, անվտանգային կազմակերպությունները կամ պետությունները, որոնք ունեն պարտավորություն միջամտելու, դա չեն անում կամ չեն ուզում դա անել։ Արդյունքում մենք ունեցանք էթնիկ զտում, Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ-ի տարածքից 200 քառակուսի կմ։ Ուստի ակնհայտ դարձավ, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգային ռազմավարությունը։ Եվ Հայաստանն այժմ ռազմավարություն է իրականացնում հավասարակշռելու իր քաղաքականությունը, որն ավելի խորը ինտեգրում է ենթադրում ԵՄ-ի հետ, ավելի սերտ համագործակցություն ԱՄՆ-ի հետ, Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ։ Ուրախ ենք տեսնել, որ անվտանգային համագործակցությունը Հնդկաստանի հետ ավելի խորանում է»։

Փաստելով, որ աշխարհագրությունը ճակատագիր է, Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Հայաստանը մոտ է ԵՄ-ին քաղաքակրթությամբ, մշակույթով, քաղաքականությամբ, բայց մենք չենք կարող Հարավային Կովկասում լինել առանձին մոլորակ։ Այժմ մենք ունենք բացառիկ հնարավորություն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031