Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային գիտական փառատոների»

Մայիս 27,2025 18:30

ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում  տեղի է ունեցել «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025»-ի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունըՄիջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարարը մրցանակներ է հանձնել հաղթող ճանաչված 62 նախագծերի հեղինակների՝ մոտ 130 աշակերտների:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է  ներկաներին և նշել, որ «Հայկական համադպրոցական գիտության փառատոնը» փաստում է՝ ունենք փայլուն երեխաներ՝ հրաշալի մտքով և այդ միտքն  իրականություն դարձնելու եռանդով։

«Փառատոնում ներկայացված նախագծերը մտքի, ուսուցիչների ուղղորդմամբ թիմային աշխատանքի,  հետևողականության և կամքի արգասիք են։

Փառատոնն անցկացվում է 2021 թվականից, միջազգային ձևաչափով․ հաղթողները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային գիտական փառատոների: Այս նախագծին մասնակցող աշակերտները աշխարհի մի մասնիկն են, և նախագիծը Հայաստանում ևս մեր դպրոցականներին ևս համադպրոցական գիտության ցանցի օղակներից մեկը դառնալու հնարավորություն  է ընձեռել»,- ասել է նախարարը և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողները միջազգային գիտական փառատոներից ավելի մեծ հաջողություններով են վերադառնալու։

Նրա խոսքով՝ ուրախալի է փաստը, որ տարեցտարի փառատոնում ներկայացվող նախագծերի թիվն ավելանում է. «2021 թվականին, երբ փառատոնն անցկացվում էր առաջին անգամ, ներկայացված էր ընդամենը 38 նախագիծ՝ 15 ուսումնական հաստատությունից։ Այս տարի 5 անվանակարգում ներկայացվել է 91 նախագիծ:  Հուսով եմ՝ հաղթող նախագծերի հեղինակներին այս հաջողությունը  կմոտիվացնի և կոգևորի հետագա մեծ հաղթանակների համար»:

Ընդգծելով, որ համադպրոցական գիտության փառատոնում ներկայացված են հիմնականում  ԲՏՃՄ ուղղվածության նախագծեր՝ նախարարն առանձնակի կարևորել է բնագիտական լաբորատորիաների ստեղծումը։

Այս համատեքստում նախարարը շեշտել է, որ  կառավարության ծրագրի ամենակարևոր ուղղություններից է՝ բոլոր դպրոցներում ունենալ ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, կենսաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ:

«Այս ուղղությամբ շատ մեծ ծավալի աշխատանք է կատարվել, դպրոցների գրեթե կեսն արդեն ունեն լաբորատորիաներ, հաջորդ տարվա ավարտին բոլոր դպրոցները ապահովված կլինեն անհրաժեշտ լաբորատոր ենթակառուցվածքներով: Վստահ եմ, որ սա էլ լինելու է հերթական խթանն աշակերտներին՝ փորձարարական գիտությամբ զբաղվելու և այդ ուղղությամբ մասնագիտությունների զարգացում ապահովելու տեսանկյունից»,- նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նաև հավելել է՝ բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական ուղղություններն առաջնահերթություն են, բայց գործում է նաև սոցիալական գիտությունների անվանակարգ, որը դպրոցականներին հնարավորություն է տալիս ավելի բազմազան ու բազմակողմանի նախագծեր իրականացնելու։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը՝ շեշտելով, որ աշակերտները հետաքրքիր նախագծեր են իրականացրել, որոնք կարող են նպաստել պետության հզորացմանը։

«Լավ կլինի, որ այս աշակերտները կրթությունը շարունակեն և աշխատեն համապատասխան ուղղություններով։ Վստահ եմ՝ երեխաների մասնագիտական կողմնորոշումը պետք է հստակեցվի դպրոցում։ Աշխարհը փոխվել է, մենք ապրում ենք բարձր տեխնոլոգիաների ժամանակներում։ Պետք է դպրոցներում զարգացնել բնական գիտությունները, և այս առումով նման միջոցառումները շատ կարևոր են»,- նշել է Աշոտ Սաղյանը՝  հավելելով, որ Գիտությունների ազգային  ակադեմիան պատրաստ է կազմակերպել էքսկուրսիաներ ու աջակցել գիտության զարգացմանը դպրոցներում։

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից իրականացվող Հայկական համադպրոցական գիտության փառատոնին «Մաթեմատիկա-ծրագրավորում», «Ֆիզիկա-աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Սոցիալական գիտություններ» անվանակարգերում այս տարի ներկայացվել է 91 նախագիծ՝ 250 սովորողներից: Մասնագիտական հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած մասնակիցները հնարավորություն են ստացել ներկայացնելու Հայաստանը ԱՄՆ Օհայո նահանգում կայանալիք «Regeneron միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառին (ISEF-2025)», ինչպես նաև «Երիտասարդ գիտնականների ԵՄ մրցույթին (EUCYS), որն այս տարի տեղի կունենա Լատվիայում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող այս ծրագրին նախորդ չորս տարիներին մասնակցել է ավելի քան 500 սովորող Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցներից՝ ներկայացնելով 231 նախագիծ։ Փառատոնին մասնակցում են միջին և ավագ դասարանների աշակերտներ։

Հայկական համադպրոցական գիտության փառատոնը նպատակ ունի  դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ սերմանել հետաքրքրություն՝ խթանելով խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031