Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը խոսել է կրթական հաստատություններում ատելության խոսքի դեմ պայքարի խնդիրների մասին

Մայիս 27,2025 21:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 27-ին բացման խոսքով է հանդես եկել  բարձրագույն կրթության ոլորտում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված կլոր-սեղան  քննարկմանը:

Միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, ՀՖՀՀ և  «Հավասարության խթանումը և  խտրականության բացառումը  Հայաստանում» ծրագրի սերտ  համագործակցությամբ: Ծրագիրը համաֆինանսավորվում է  Եվրոպական միության և Եվրոպայի  խորհրդի կողմից, իրականացվում է  ԵԽ-ի կողմից՝ նրանց համատեղ  «Գործընկերություն հանուն լավ  կառավարման» ծրագրային  ձևաչափի շրջանակներում:

Մասնակցել են պետական մարմինների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի գործընկերներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ։ Ուսանողների համար անցկացվել է նաև դասախոսություն ատելության խոսքի դեմ պայքարի վերաբերյալ` ԵԽ միջազգային փորձագետ Ֆեդերիկո Ֆալոպպայի կողմից։

Իր խոսքում Պաշտպանը նշել է, որ ատելության խոսքի դեմ պայքարն անհրաժեշտ է իրականացնել ոչ միայն իրավական պատասխանատվության գործիքներով, այլև կրթական համակարգում կառուցողական երկխոսության հարթակ ձևավորելու միջոցով։

«Մեր իրականացրած մշտադիտարկումները վկայում են, որ բազմաթիվ դասախոսներ և մասնագետներ օգտագործում եմ այնպիսի հրապարակային խոսույթ, որը պարունակում է խտրական և ատելության խոսքի տարրեր: Սրա դեմ միանշանակ պետք է պայքարել»,- նշել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ կրթական ծրագրերը չեն պարունակում իրավահավասարության, հակախտրականության ոլորտի և ատելության խոսքի վերաբերյալ բավարար տեղեկատվություն։ Նրա համոզմամբ՝ խնդիրը հաճախ պայմանավորված է ոչ թե մարդկանց՝ ատելություն տարածելու ցանկությամբ, այլ համապատասխան գիտելիքի պակասով։ Եթե կրթական համակարգում առկա բացերը լրացվեն, դա կնպաստի նաև հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտի ձևավորմանը։

Անահիտ Մանասյանը կարևորել է նաև ակադեմիական համայնքի համար վարքագծի կանոնների և էթիկական չափանիշների հստակ ամրագրումը՝ նշելով, որ մի շարք բուհերում դրանք արդեն առկա են, սակայն պրակտիկայում դեռևս լայն կիրառում չեն ստանում և էթիկական ստանդարտների պահպանման նկատմամբ չկա պատշաճ վերահսկողություն։

Ավարտելով խոսքը՝ Պաշտպանն իր շնորհակալությունն է հայտնել տեղական և միջազգային գործընկերներին՝ մարդու իրավունքների պաշտպանության այս կարևոր ոլորտում համատեղ աշխատանքների և աջակցության համար։

«Մենք խոսում ենք մի ոլորտի մասին, որտեղ խնդիրները միայնակ հաղթահարելը գրեթե անհնար է։ Ուրախալի է, որ ունենք ինչպես արդյունավետ համագործակցություն, այնպես էլ ամուր հանձնառություն՝ ատելության խոսքի դեմ պայքարում», — նշել է Պաշտպանը։

Բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին և Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության

և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության խտրականության դեմ պայքարի վարչության խտրականության դեմ համագործակցության բաժնի ղեկավար Անգելա Լոնգոն:

Միջոցառման բանախոսներն էին Պաշտպան Անահիտ Մանասյանը, ԵԽ փորձագետներ Ֆեդերիկո Ֆալոպպան և Արա Ղազարյանը:

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031