Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ հեղինակությունը կառուցվել է տարիների ազնիվ, նվիրված և հրապարակային աշխատանքի վրա, և որևէ շինծու գործ, որևէ կեղծ մեղադրանք չեն կարող այլափոխել այն. Դավիթ Սանասարյան

Մայիս 27,2025 23:45

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը հայտնում է. «Ավարտվեց վեց ու կես տարի տևած քաղաքական հետապնդման այս փուլը։ Այսօր դատարանը լսեց ավարտական ճառս։ Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռը կհրապարակի հինգշաբթի օրը՝ 12:30-ին»։

 

Ներկայացնում ենք դատարանում Դավիթ Սանասարյանի ճառը.

«Հարգելի՛ Դատարան,

Ձեր վարույթում է գտնվում մի քրեական գործ, որն իր բնույթով, առնվազն իմ մասով քաղաքական է։ Համապատասխան ծառայությունները, վստահ եմ՝ թելադրանքով, հերթական անգամ փորձում են իրենց համար խորթ կերպարին պատժել տարիների սկզբունքային պայքարի, չընկճվելու, դավանած արժեքներից չհրաժարվելու համար, երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը նեղ անձնական ու խմբային շահերից վեր դասելու համար, տարատեսակ առևտուրների մեջ չմտնելու և չհամակերպվելու համար։ Կարճ ասած՝ փորձ է արվում փաստաթղթավորել և «օրինական» տեսք հաղորդել քրեական հանցագործության հետ աղերս չունեցող քաղաքական այս հետապնդման հերթական դրվագին։

Իմ ողջ քաղաքական ճանապարհն ուղեկցվել է շարունակական ճնշումներով՝ անհիմն մեղադրանքներով, ապօրինի բերման ենթարկումներով ու շինծու գործերով։ Դիտարկելով միայն վիճակագրությունը՝ արձանագրեմ, որ վերջին 7 տարվա ընթացքում թեև ես անգամ ոստիկանության կողմից բերման չեմ ենթարկվել, բայց դրանով հանդերձ գտնվում եմ ամենաշատ բերման ենթարկված անձանց շարքում։

 

Հարգելի՛ Դատարան,

Հանրային գործունեության իմ ողջ ընթացքում իմ դեմ գործած ապօրինի մեթոդներն ինքնին վկայում են մի բանի մասին՝ իմ նկատմամբ կիրառվել են մշտական և հետևողական ճնշման մեխանիզմներ՝ նպատակ ունենալով կոտրել կամքս, կանխատեսելի դարձնել ինձ քաղաքական առումով և վերածել ենթարկվող սուբյեկտի։

Դեռ 2016 թվականին ճաշակել եմ մեկ այլ շինծու գործով կալանավորումը, կրկին բացառապես ցուցմունքի հիման վրա. այն ժամանակ էլ երկու ոստիկանի հրամայեցին գրել, թե իբր ես հանրահավաքի մասնակիցներին հրահանգել եմ քարերով հարվածել ոստիկաններին, իսկ այդ ծիծաղելի ցուցմունքներից հետագայում հենց իրենք՝ ոստիկանները, հրաժարվեցին։ 21 օր անազատության մեջ մնալուց հետո խափանման միջոցս այդ ժամանակ փոխվեց դատավոր Վազգեն Ռշտունու արդարամտության և սկզբունքայնության շնորհիվ։ Իմ համոզմամբ՝ այդ ժամանակ դեր խաղաց նաև այն հանգամանքը, որ իշխանությունները, գիտակցելով, որ իմ ազատազրկման յուրաքանչյուր օրն ավելացնում է իմ հեղինակությունը, և դրա արդյունքում ավելի շատ մարդիկ են տրամադրվում իրենց դեմ, հրաժարվեցին ճնշում գործադրել դատարանի վրա։

 

Հարգելի՛ Դատարան,

Ո՛չ նախկին, ո՛չ էլ այսօրվա իշխանությունները, որոնք վտանգավորության առումով, ցավոք, առանձնապես չեն տարբերվում իրենց նախորդներից, չեն կարողացել և չեն կարողանալու կոտրել իմ հավատը՝ անկախ ու ինքնիշխան Հայաստան ունենալու, զարգացող, տնտեսապես ուժեղ և ժողովրդավար պետություն ունենալու համոզմունքների նկատմամբ։ Իմ կամքն ու նվիրումն առ հայրենիք անսասան են։

Իմ դեմ ավելի քան 6 տարի առաջ հարուցված այս քրեական ֆարսը ոչ թե ուղղված է եղել ՊՎԾ ղեկավարի դեմ, այլ պայքար է մտածողության և արժեհամակարգի դեմ։ Ինձ նման անձինք խորթ են և՛ նախորդ, և՛ օրվա իշխանությունների համար։ Նրանց նպատակը մեկն է՝ մեզ հեռու պահել պետական համակարգից և քաղաքական գործընթացներից։

Պաշտոնավարման ընթացքում երկրի վարչապետին պարբերաբար զեկուցել են, թե իբր՝

  1. Նվեր եմ ստացել թանկարժեք մեքենա, ֆինանսական միջոցներ և իրեր,
  2. Ձեռք եմ բերել շքեղ առանձնատուն,
  3. Կապեր ունեմ «հանցավոր աշխարհի» հետ։

Վարչապետ Փաշինյանն անձամբ է լրագրողական հարցեր ուղղել ինձ այս «զեկուցումների» վերաբերյալ՝ փոխանակ ստուգելու այդ չակերտավոր տեղեկությունները։ Ամեն անգամ նրա ուշադրությունը հրավիրել եմ այն հանգամանքի վրա, որ նման մեղադրանքների պարագայում պետք է իրականացվի օրինական քննություն, պետք է հիմք ներկայացվի, ոչ թե անձնական հարցուփորձ անցկացվի. դա է պահանջում պետական մոտեցումը։ Քննություն այդպես էլ չիրականացվեց, քանի որ չկար և չկա որևէ փաստարկված հիմք։ Սակայն այս քրեական գործի շրջանակում ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումները, հակառակորդի պես փնտրել են որևէ նյութ, որևէ կապ, որևէ ապացույց, և պաշտոնապես արձանագրվել է, որ այդպիսիք գոյություն չունեն։

 

Հարգելի՛ Դատարան,

Իմ համոզմամբ՝ մշակած պլանը հետևյալն էր՝ նախ տարբեր քարոզչամիջոցների, սոցհարթակների օգտատերերի միջոցով հանրության համար ստեղծել մի պատկեր, որ իմ տարիների ձեռք բերած կերպարը փուչիկ է, անցել եմ պաշտոնի ու այն օգտագործում եմ անձնական բարեկեցության համար։ Դա անելուց հետո երկրորդ արարն արդեն շոու սարքելը պետք է լիներ՝ քրեական գործ, որով Սանասարյանն իբր ներգրավված է կոռուպիցիոն սխեմայի մեջ, հետո կեղծ ցուցմունքների կորզում, որոնց զուգահեռ մամուլի կեղծ հրապարակումների կազմակերպում, թե իբր կան նյութեղեն ապացույց ու կադրեր, թե ինչպես է Սանասարյանը կաշառք վերցնում։ Այս ամենը չէր կարող հաջողություն ունենալ, քանի որ սցենարիստները մտել էին մի դաշտ, որտեղ ապացուցողական բազան զրո էր, բացի այդ՝ հանրության արձագանքն ադեկվատ էր։ Ու երբ հատուկ ծառայությունները հասկացան, որ չեն կարող հանրային ընկալումն ու արձագանքը մանիպուլացնել մինչև իրենց բաղձալի աստիճան, ստիպված երկրի վարչապետը ֆեյսբուքում գրառում արեց, թե՝ թողեք քննություն գնա։ Իմ ունեցած ինֆորմացիայով՝ հրահանգ իջեցվեց պատգամավորներին ու պաշտոնյաներին, որ ոչ մի արձագանք չտան այս գործին, անգամ գիտեմ, թե ում միջոցով է այդ հրահանգավորումն արվել։

Եվ սա դեռ ամենը չէ. մի պատահարի շրջանակներում, որտեղ իմ մեղավորությունը զրո էր, մի երեխա ցատկելով պատահաբար կողքից դիպավ շենքի բակ մտնող, դանդաղ ընթացող մեքենայիս, հետո որոշ ծաղրածուների ուղղորդմամբ այս գործը մտավ դատարան, բայց այս անգամ էլ չկարողացան հիմքեր բերել, ու վճռաբեկ դատարանով արդարացվեցի։ Այս մասին չեմ խոսել, քանի որ պատերազմից վերադարձել էի ծանր զգացողություններով ու ինձ համար հերթական այդ «սարքոցին» երկրորդական հարց էր։

ԱԱԾ այն ժամանակվա ղեկավարի հրահանգով հետևում էին իմ շարժերին, հասել էր այն աստիճանի ամոթալի ցածրակարգության, որ ՃՈ աշխատակիցներն ընտանիքիս ներկայությամբ կանգնեցնում էին մեքենաս ու անհիմն գործողություններ իրականացնում՝ «պարզելու» համար, թե արբա՞ծ եմ կամ գողացված մեքենա չե՞մ վարում։ Անշուշտ, իրենց ցանկացածը գտնել չէին կարող։ Գոնե ինչ-որ բան մոգոնելու համար չէին խորշում անգամ կնոջս աշխատավայր գնալ, որոշակի շոուներ սարքել, ավելին՝ չխորշեցին և դպրոցահասակ տղաներիս դպրոց գնացին։ Մի՞թե այսքանից հետո կարող էի հանգիստ պնդել, որ խորհրդային չեկիստական ավանդույթներն անցյալում են։

 

Հարգելի՛ Դատարան,

Ինձ մեղադրանք ներկայացնելուց առաջ փորձ է արվել ապացուցել, որ իբր ես շահագրգռված եմ եղել տարբեր պետական գնումներում, սակայն այդպես էլ որևէ փաստ կամ վկայություն չկարողացան սեղանին դնել։ Իսկ երբ չկարողացան հորինել մեղադրանք իրական կոռուպցիոն հենքի վրա, դիմեցին ամենաանհեթեթ տարբերակին՝ իբր ես տեղյակ եմ եղել, որ ՊՎԾ աշխատակիցները զբաղվել են բիզնեսով և նրանց թույլ եմ տվել ուսումնասիրություններ իրականացնել։ Նման մեղադրանքն անգամ այս դատավարության շրջանակում չկարողացան հիմնավորել, փորձեցին մի քանի կիսաշունչ ու իրար հակասող ցուցմունքներ քաղել, սակայն վստահություն ունեմ, որ դատարանի համար այն չի լինելու հիմնավոր։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ դրանք իրականության հետ չունեն տրամաբանական որևէ կապ, իրավական և ապացուցողական որևէ հիմք։ Հույս ունեմ, որ դատարանը ոչ թե հիմք է ընդունելու ԱԱԾ քննչականում ստիպողաբար գրված չակերտավոր ցուցմունքները, այլ այն, որ այդ անձինք, մեծամասնորեն փոխեցին նախաքննության ժամանակ իրենցից պոկած սուտ ցուցմունքները։ Այդու՝ ոչ թե նրանց՝ դատարանում փոփոխված նախնական ցուցմունքն է հիմք լինելու, այլ ակնհայտ դարձրած ապօրինի հետապնդումը։

Ես գրեթե զրոյից կառավարել եմ պետական ինստիտուտի՝ Պետական վերահսկողական ծառայության հիմնադրումը, աշխատելուս այդ 9 ամիսներին նվիրված աշխատել եմ, հանցավորության հետ թեկուզ հեռավոր կապ ունեցող որևէ արարք թույլ չեմ տվել, եթե չկա փաստ, չկա իրավաչափ մեղադրանք, ապա ի՞նչն է պատճառը, որ ես կանգնած եմ այս դատարանում։

Պատասխանը մեկն է՝ սա քաղաքական հաշվեհարդար է – հեղափոխությունը խժռում է հենց իր զավակներին։ Եթե ինձ հնարավոր է դատել, ապա դրա համար նախ վերկանգնել է պետք խորհրդային օրենսդրության քաղաքական տխրահռչակ օրենքը։

 

Հարգելի՛ Դատարան,

Անկեղծորեն չեմ ուզում հավատալ, որ Դուք կարող եք դառնալ այս ակնհայտ կեղծիքի մի մասը։ Ես չեմ ուզում մտածել, որ դատարանը կարող է ծառայել որպես գործիք՝ ի կատար ածելու քաղաքական ինչ-որ խմբերի պատվերներ։

Բայց եթե նույնիսկ որոշեք կայացնել մեղադրական դատավճիռ, իմ ներսում չարություն չկա ձեր հանդեպ։ Անգամ դատախազի հանդեպ չունեմ չարություն, որ մինչ օրս ինքն էլ չի հավատում իր ներկայացրած մեղադրանքներին. պատվեր է՝ իրականացվում է – համակարգում աշխատելը, ցավոք, դեռ այդ տրամաբանությունն ունի։

Ես շարունակում եմ հույս տածել, որ հենց ա՛յս դատարանը կփորձի դառնալ ոչ թե քաղաքական շահերի սպասարկու, այլ արդարության պաշտպան՝ հիմք դնելով պետական տրամաբանության կարևորագույն շրջադարձի – շրջադարձ դեպի իրական արդարադատություն։

Իմ հեղինակությունը կառուցվել է տարիների ազնիվ, նվիրված և հրապարակային աշխատանքի վրա, և որևէ շինծու գործ, որևէ կեղծ մեղադրանք չեն կարող այլափոխել այն։

Եթե Դուք կայացնեք արդար վճիռ, ապա դա կլինի ոչ միայն իմ, այլև Հայաստանի արդարադատության հաղթանակը՝ ի հեճուկս իշխանությունից ավելորդ գինովցածության մեջ ընկած պատեհապաշտների։ Հակառակը չեմ ուզում պատկերացնել, քանի որ անկախ ու ինքնիշխան Հայաստանը, միևնույն է, մի օր ունենալու է այնպիսի արդարադատություն, որի բոլոր զավակներն են հավասար լինելու օրենքի և Աստծո առջև։ Թո՛ղ հենց սա լինի այդ երազած արդարամտության և արդարադատության ռահվիրան։ Առաջ Աստված»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031