Բոլոր ժողովրդավարությունները նման են իրար, յուրաքանչյուր ավտոկրատիա ավտոկրատ է յուրովի
Հայաստանը եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ՝ Բելառուսը, Ադրբեջանը, միջինասիական երկրները, պետական բարքերի, իրական քաղաքական ռեժիմի առումով իրար բավականին նման են:
Որպես օրինակ վերցնենք այդ երկրներում պաշտոնյաների «քաշի» խնդիրը: Փաշինյանական չինովնիկների աշխատանքի արդյունավետությունը, նրանց վարկանիշը հասարակության մեջ կամ, եթե խոսքը դիվանագետների մասին է՝ միջազգային ասպարեզում, որեւէ նշանակություն չունեն՝ այդ չինովնիկների «դիրքերի ամրության» համար: Այդ «ամրությունը» պայմանավորված է բացառապես նրանով, թե որքանով են իրենք դուր գալիս շեֆին: Ինչպես սիրում էր կրկնել Նիկոլայ Առաջինը, «ազնվական է նա, ում հետ ես խոսում եմ, եւ այնքան ժամանակ, քանի դեռ խոսում եմ»:
Եթե ԱԺ նախագահ նշանակվի Լուսինե Բադալյանը, գլխավոր դատախազ՝ Հովհաննես Ազոյանը, իսկ ՀՀ նախագահ՝ ավագ դպրոցի որեւէ շրջանավարտ (պատահական չեմ բոլոր դեպքերում օգտագործում «նշանակել» բառը, որովհետեւ փաստացի բոլորը նշանակվում են Փաշինյանի կողմից), դրանից ոչինչ չի փոխվի: Որովհետեւ գլխավոր պատգամավորը, գլխավոր ոստիկանը, գլխավոր դիվանագետը, դատախազը եւ նախագահը Փաշինյանն է: Իսկ բոլոր մնացած բոլոր մեծուփաքր պաշտոնյաները՝ լավագույն դեխքում նրա օգնականներն են:
Կարդացեք նաև
Նույնը Ռուսաստանում. երբ ասվում է, որ, օրինակ, Լավրովն այսպես բանակցեց, թե այնպես, կամ՝ որ նա հմուտ դիվանագետ է կամ հմուտ չի, դրանք, մեծ հաշվով, դատարկ խոսակցություններ են: Լավրովը կասի եւ կանի այն, ինչ իրեն կհրահանգի Պուտինը, որովհետեւ նրա մեջքի հետեւում չկա պետական ինստիտուտ: Ինչը հնարավոր չէ ասել ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մասին, որքան էլ շատերը Թրամփին համարեն «խելագար» կամ «սամոդուր»: Կայացած ժողովրդավարական երկրներում ամեն մի պետական ինստիտուտ ունի իր՝ հստակ գծված իրավասությունները, որոնց սահմաններում աշխատում է այս կամ այն պաշտոնյան: Որքան արդյունավետ է գործում ինստիտուտը, այնքան ամուր են նրա ղեկավարի դիրքերը:
Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կան, իհարկե, նաեւ տարբերություններ, որոնք կապված են առաջին հերթին զուտ կրիմինալ կառույցների ազդեցության եւ տարածվածության հետ: Վերջերս հատվածաբար նայեցի ռուսաստանյան «Շեֆ» սերիալը: Չէի ասի, որ դա ինչ-որ գլուխգործոց է, բայց այդ սերիալի 3-րդ սեզոնը (2015թ.) փոքր գավառական քաղաքի օրինակով, ինձ թվում է, ճշգրտորեն է նկարագրում, թե ինչպես է գործում ռուսաստանյան իշխանությունը. քաղաքի ղեկավարությունից, ոստիկանության ղեկավարությունից սկսած՝ տաքսու վարորդներով վերջացած, բոլորը պարտադիր մուծում են եւ մուծվում են, եւ այդ ամենի «տանիքում» են քրեական կառույցները, պարզ ասած՝ բանդիտները:
Ինձ հետաքրքրում է ոչ թե ինքնին Ռուսաստանը, այլ այն, թե ինչպես է հնարավոր այդ երկրի հետ առնչվել, համագործակցել (այլընտրանք, ցավոք, գոյություն չունի): Ռուսաստանի՝ վերը նկարագրված առանձնահատկությունը պետք է հաշվի առնել: Իհարկե, պարտադիր չէ գործ բռնել Սոչիի հայտնի գործարարի նման «պերսոնաժի» հետ (ինչպես պատահել է անցյալում), բայց իմանալ, թե ովքեր են այս կամ այն մակարդակով «հարցեր լուծում», կարծում եմ, մեր պետական կառույցները պարտավոր են: Այստեղ մոտեցումը պետք է լինի զուտ պրագմատիկ:
Ավտորիտար համակարգերի, «շեֆերի» եւ «շեստյորկեքի» փոխհարաբերությունների նմանությունը ինքնին դեռեւս չի երաշխավորում համագործակցության արդյունավետությունը: Դրան կարող է խանգարել, օրինակ, այն, որ Հայաստանի իշխանությունը երբեմն «եվրոպական խաղեր է տալիս»՝ խորքում մաքուր ասիական ավտոկրատիա լինելով: Այդ խաղերը չեն կարող չնյարդայնացնել ռուսական կողմին: Ի դեպ, նույն տիպի ռեժիմ ունեցող Ադրբեջանը նման ձեւեր չի թափում:
Իսկ ամենակարեւորը քաղաքագիտության մեջ բազմիցս նշված օրինաչափությունն է, համաձայն որի՝ ժողովրդավարությունները սովորաբար իրար հետ շատ ավելի հեշտ են լեզու գտնում, քան ավտոկրատիաները: Կամ, ինչպես գրում էր Լեւ Տոլստոյը, «բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, ամեն դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.05.2025