Մարիետա Բադալյանի եւ Յուրի Գզոյանի դուստրը՝ ծնողների մասին
Օրերս կայացավ սիրված երգչուհի Մարիետա Բադալյանի ծննդյան 75 եւ նրա ամուսնու՝ Հայաստանի Ազգային Հեռուստատեսության երաժշտական հաղորդումների գլխավոր ռեժիսոր Յուրի Գզոյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական հուշ-երեկո, որը սպասված էր եւ որի համար ջանք չէր խնայել դուստրը՝ Էլիզա Դարյանը: «Առավոտի» հետ զրույցում Էլիզա Դարյանը նշեց, որ նախագիծը վաղուց էր հղացել, սակայն այն տարբեր պատճառներով՝ ներառյալ քովիդն ու պատերազմը, ձգձգվեց եւ այժմ ուրախ է, որ հոբելյանական համերգը վերջապես կայացել է: Նա ընդգծեց, որ ամբողջ ընթացքում սցենարով եւ համերգի կազմակերպման հարցերով իրեն օգնել է Գարիկ Ղազարյանը, նաեւ քույրը՝ Դիանա Թավրիզյանն է Մոսկվայից հատուկ ժամանել երեկոյին մասնակցելու համար:
«Մտածում էի, որ մամայի հոբելյանական երեկոն պետք է անպայման իրականացնեմ, հետո մտածեցի, որ հայրիկիս անունն էլ պետք է հնչի, հատկապես, որ իր համար էլ է տարին հոբելյանական: Նա հեռուստատեսության երաժշտական աշխարհում մեծ ավանդ ունի, բազմաթիվ հայտնի երաժիշտների կնքահայր է՝ Ռուբեն Հախվերդյանի, Գուրգեն Դաբաղյանի եւ այլոց: Հայրս նաեւ մայրիկիս կայացման «մեղավորն» է եղել… Բացօթյա փառատոների առաջին նկարահանումները հայրիկս է արել, նա անընդհատ նորություններ էր բերում, հայտնաբերում էր տաղանդների… Հայրս բոլոր սիմֆոնիկ եւ դասական համերգների ռեժիսորն էր, ինքը խմբավար էր, խմբավարական ֆակուլտետն էր ավարտել՝ Էմմա Ծատուրյանի դասարանը, գիտեր՝ որ վայրկյանին ում վրա պետք է տեսախցիկը պահել»,-ասում է Էլիզա Դարյանը:
Կարդացեք նաև
Էլիզա Դարյանի ձեւակերպմամբ, պարտավորեցնող է նման ծնողների զավակ լինելը, ինքը հպարտության զգացումով է ապրում. «Մանկուց միշտ ասում էի՝ ինչ լավ է, որ իմ ծնողները հենց դուք եք, ուր մտնում էինք, ասում էին՝ Մարիետայի աղջիկներն են, մեր առջեւ դռներ էին բացվում… Հայրս եւ մայրս երկուսն էլ իրենց գործում պրոֆեսիոնալներ էին: Երաժշտությունը մեր տան հիմքն է եղել, մենք ծնվել ենք դրա մեջ. Բախի տակ քնում էինք, արթնանում՝ Շոպենի տակ: Ի դեպ, հայրս եւ թառ էր նվագում, եւ կիթառ, նա 17 տարեկանում Թաթուլ Ալթունյանի երգի-պարի համույթում թառ է նվագել»:
Մեր զրուցակիցը հիշում է նաեւ, թե ովքեր էին Մարիետա Բադալյանի եւ Յուրի Գզոյանի հյուրերը եղել, ովքեր էին իրենց տանը հյուրընկալվում. «Հայրիկի ու մայրիկի մտերիմներն էին լինում մեր տանը՝ ռեժիսորներ, նկարիչներ, դերասաններ, երգիչ-երգչուհիներ… Հիշում եմ Ստեփան Շաքարյանին, Ռուբեն Հախվերդյանին, Գեւորգ Մուրադյանին, Էլվինա Մակարյանին, Ազատ Գասպարյանին, Զառա Տոնիկյանին, Մանիկ Գրիգորյանին: Երեկոների վերջում էլ ես ու քույրիկս էինք պարտադիր ելույթ ունենում»:
Էլիզա Դարյանը հորը բնորոշում է որպես հավասարակշռված անձնավորություն, որն ասում էր՝ չպետք է հույզերին տուրք տալ, իսկ մայրը լավատեսության եւ հույսի մարմնացում էր. «Ես չեմ հիշում, որ ծնողներս մեզ վրա երբեւէ բարկացած լինեն, մեկ հայացքից արդեն իսկ ամեն բան հասկանում էինք, հայրս ասում էր՝ ամեն ինչի հանդեպ պետք է պատասխանատու ու հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, մայրս էլ չհուսահատվող կերպար էր, երբ անտրամադիր էինք լինում, անընդհատ փորձում էր իր կրակով մեր տանը լույս վառել, ասում էր՝ իմ աղջիկը չե՞ս…»:
Էլիզան ասում է, որ երգելիս իր մայրիկին է պատկերացնում եւ մայրիկին է երգում, ուզում է իր կատարումներով հենց Մարիետա Բադալյանին հնչեցնել, ափսոսում է, որ շատ գործեր, հատկապես իսպանական շարքը մայրը չհասցրեց ձայնագրել:
Մեր զրույցի ժամանակ Մարիետա Բադալյանի անավարտ ռոք օպերային էլ անդրադարձ եղավ: «Մայրիկս վերջին շրջանում ռոք օպերա էր սկսել գրել, բայց կիսատ մնաց, 3 ստեղծագործություն գրեց, որից վերջինը ես երգեցի, ինքը պետք է երգեր, բայց չհասցրեց… Ամբողջովին նոր ոճ է, նոր ալիք էր մամայի մոտ, այնքան հույզ կա: Ինքը գրքում ասում է՝ ինչ ցանկացել եմ, երգել եմ, ինչ էլ չեմ հասցրել, թող աղջիկներս անեն, մենք այդպես էլ անում ենք՝ քույրիկս Մոսկվայում, ես՝ այտեղ: Հիմա ես մամայի գործիքը վերցրել եմ, պարապել, կարծում եմ, որ այդ գործիքը չպետք է լռի…»,-նշեց Մարիետա Բադալյանի եւ Յուրի Գզոյանի դուստրը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Էլիզա Դարյանը
«Առավոտ» օրաթերթ
27.05.2025