«Շանս չկա, որ չկատարվեն Ադրբեջանի ակնկալիքներն այն դեպքում, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Այսինքն՝ կարող ենք վստահ լինել, որ 100%-ով Ադրբեջանի բոլոր մտահոգությունները կփարատվեն, եւ այդ մտահոգությունները փարատելու համար խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի», – այսպիսի միտք է արտահայտել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Որքան ես գիտեմ՝ միջազգային հարաբերությունների պատմության մեջ նման մոտեցումն իսկապես «աննախադեպ» է. որեւէ պետության ղեկավարի գործառույթն է, կասեի անգամ՝ առաքելությունն է՝ փարատել սեփական քաղաքացիների, ոչ թե հակառակորդի մտահոգությունները: Նախօրոք խոստանալ, որ դու կբավարարես որեւէ (նույնիսկ՝ ոչ թշնամական) երկրի պահանջները՝ դա, անշուշտ, նոր խոսք է դիվանագիտության մեջ: Պահանջներ առաջ քաշողը պարզապես հիմարի մեկը պետք է լինի, եթե չընդլայնի իր պահանջների ցանկը: Եթե որեւէ մեկն ասում է՝ «դու ինձնից ակնկալում ես հարյուր ռուբլի, բայց եթե պետք է, ես կտամ հազարը», ապա շատ հավանական է, որ դիմացինը կուզի նաեւ միլիոնը:
Հիշեցնեմ, որ Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը փոխի սահմանադրությունը, ինչպես նաեւ՝ իր հետ միասին դիմի ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հայտով: Բայց քանի որ այս երկու պահանջները, Փաշինյանի հավաստմամբ, արդեն իսկ «Ադրբեջանի գրպանում են», նա փաստացի խոստանում է «Խաղաղության համաձայնագրի» ստորագրումից հետո փարատել նաեւ այլ մտահոգությունները, օրինակ, թողնել, որ Հայաստանի Հանրապետություն գան բնակվելու 300 հազար ադրբեջանցիներ: Չնայած պարզ է՝ եթե մեր երկիր տեղափոխվի անգամ 10 ադրբեջանցի, եւ ինչ-որ պատճառով նրանցից մեկի քթից արյուն գա, դա կլինի Ադրբեջանի համար casus belli՝ պատերազմի պատրվակ՝ «հայրենակիցների անվտանգությունը պաշտպանելու» ձեւակերպմամբ:
Տեւական խաղաղություն Հարավային Կովկասում հնարավոր չէ՝ այնքան ժամանակ, որքան Ադրբեջանը ռազմական եւ/կամ քաղաքական ռեսուրս ունի Հայաստանի վրա հարձակվելու: Որեւէ փաստաթղթի ստորագրումը, ինչպես եւ՝ Կիրանց գյուղում պատի կառուցումը նման ռեսուրս չի ստեղծում:
Կարդացեք նաև
Ինչպես ստեղծել այդ ռեսուրսը, եւ արդյո՞ք դա այս պահին գոնե տեսականորեն հնարավոր է՝ խոսակցության այլ թեմա է: Բայց հայտարարել, որ «մենք կփարատենք ձեր բոլոր մտահոգությունները»՝ հաստատ այդ ռեսուրսը ստեղծելու ուղղությամբ ճիշտ քայլ չէ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ